Դեկտեմբերի 1-ից 4-ը, հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման բազմակողմ ծրագրի շրջանակում, ՊԲ էր այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկվել էին նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան զինվորականներ ու պաշտոնյաներ: ՊԲ-ում իրականացված շրջայցի ընթացքում, ներկայացուցչական պատվիրակությանը ուղեկցում էին Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
Հայկական երկու հանրապետությունների նախագահները ունկնդրել են բանակի հրամանատարի զեկույցը՝ առաջնագծում առկա և հավանական զարգացումների վերաբերյալ, ծանոթացել տարվա ընթացքում, ռազմապաշտպանական համակարգի կատարելագործման ուղղությամբ իրականացված համալիր գործընթացներին: Այնուհետև մեկնել են հարավային ուղղությամբ տեղակայված զորավարժարաններից մեկը, որտեղ հետևել են զինված ուժերի և ՊԲ-ի համահավաք զորախմբի մարտավարական զորախաղերին և հնարավորություն ունեցել անձամբ գնահատելու մասնակից ստորաբաժանումների պատրաստության մակարդակը և խրախուսելու առավել աչքի ընկած մասնակիցներին:
Աշխատանքային այցի օրակարգը հագեցած էր բացման և նորամուտի արարողություններով: Նախագահները, պաշտպանության նախարարները և գլխավոր շտաբի պետը մասնակցել են մի շարք հանդիսավոր միջոցառումների, որոնց ընթացքում շահագործման են հանձնվել բնակարաններ, զորանոցներ ու զորային նշանակության այլ շինություններ:
Աշխատանքային այցի ընթացքում նախագահները եղել են նաև ռազմական նշանակության մի շարք օբյեկտներում և ծանոթացել հակառակորդին առավել արդյունավետորեն հակազդելու նպատակով ստեղծված և ՊԲ-ում ներդրված մի շարք՝ բացահայտման և հանրայնացման ոչ ենթակա նորամուծությունների, խրախուսել նշված և հարակից գործընթացներում աչքի ընկած և առավելագույն ներդրում ունեցած զինծառայողներին:
Աշխատանքային այցի ընթացքում, հայկական երկու հանրապետությունների ռազմաքաղաքական ղեկավարության կողմից հարգանքի տուրք է մատուցվել նաև խորհրդային միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի հիշատակին, ում 120-ամյակը լրացել է դեկտեմբերի 2-ին:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն