Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության պաշտոնյաներին մեղադրանքներ են առաջադրվել կաշառք ստանալու, դրան օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար. վերջիններս կալանավորվել են

Դեկտեմբեր 04,2017 16:27

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև կաշառքի միջնորդության դեպքեր: Արդյունքում մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցներին:

Այսպես, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ Շ. Մակոյանը «B» և «C» կարգերի վարորդական վկայական ստանալու նպատակով դիմել է իր ծանոթ Հայկ Մամիկոնյանին, ով առաջարկել է իր միջոցով պաշտոնատար անձանց կաշառք տալու դեպքում կազմակերպել հիշյալ վկայականի ստացումը: Շ. Մակոյանն այդ մասին հայտնել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը: 07.11.2017թ.-ին ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Շ. Մակոյանը և Հ. Մամիկոնյանն այցելել են ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժին, որտեղ Շ. Մակոյանը 160.000 ՀՀ դրամ գումար է փոխանցել Հ. Մամիկոնյանին: Վերջինս հիշյալ գումարից 30.000 ՀՀ դրամով կատարելով պետական վճարումները` մնացած 130.000 ՀՀ դրամը փոխանցել է նշված բաժնի թղթակցությունների խմբի տեսուչ Արմեն Մկրտչյանին` կաշառքի գումարը նրա օժանդակությամբ նույն բաժնի մեկ այլ պաշտոնատար անձի տալու նպատակով:

Ա. Մկրտչյանը, վերացնելով անձամբ կաշառատուից գումարը ստանալու պարագայում հավանական բացահայտման խոչընդոտը, օժանդակելով իր գործընկեր, Երևանի հաշվառման-քննական բաժնի վարորդական իրավունքի վկայականների հատկացման բաժանմունքի տեսուչ Գոռ Քոչարյանի կողմից կաշառք ստանալուն, վերցրել և նրան է փոխանցել կաշառքի գումարը:

Արդյունքում, թեպետ Շ. Մակոյանը չի կատարել գործնական քննության հարցաշարում ընդգրկված գործողությունները և թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ, քննությունն ընդունող տեսուչ Գ. Քոչարյանը ստացած կաշառքի դիմաց նրան գնահատել է դրական: Բացի այդ, հիշյալ տեսուչը կաշառքի դիմաց կազմել է գործնական քննության արդյունքների վերաբերյալ համապատասխան արձանագրություն, որում շահադիտական նպատակով մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե, իբր, Շ. Մակոյանը քննության ընթացքում պատշաճ կատարել է նախատեսված 8 գործողությունները: Արդյունքում` հիշյալ կեղծ արձանագրության հիման վրա վարորդական հմտություններին չտիրապետող Շ. Մակոյանը ստացել է «B» և «C» կարգերի վարորդական վկայական:

Այսպիսով, Շ. Մակոյանի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու նպատակով նրանից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնի տեսուչ Գոռ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Կաշառք ստանալուն օժանդակելու համար տեսուչ Արմեն Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 2-րդ մասով: ՃՈ տեսուչների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031