Լրահոս
Օրվա լրահոսը

Օրվա կադրը․Գյումրիում ո՞վ ունի պարտադրելու իրավունք

Դեկտեմբեր 04,2017 16:24

Այսօր առավոտից համացանցում բուռն քննարկման թեմա են դարձել Գյումրու պետական դրամատիկական թատրոնի կողմից Գյումրու մուտքի ու ելքի մոտ տեղադրված սոցիալական գովազդները, որտեղ Ֆրունզիկ Մկրտչյանը ժպիտով քաղաք մտնողներին պարտադրում է․«Պարտադիր թատրոն կերթաք», իսկ Գյումրիից հեռացողներից ճշտում․«Թատրոն գնացի՞ք»։

Ակնհայտ է, որ այս ցուցապաստառները բարձրացրել են բազմաթիվ օգտատերերի տրամադրությունը, որոնք տարածելով իրենց էջերում, գրել են «Սուպեր», «Բռավո, շատ լավն է» «Գյումրին Գյումրի է», «Միայն սրա համար արժե Գյումրի գալ» և այլն։

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում, պարզաբանելով նման գովազդ անելու գաղափարը, նշեց․ «Գյումրու թատրոնը և ընդհանրապես թատրոնը հետաքրքիր դարձնելու համար ամենօրյա աշխատանքներ պիտի կատարենք, որովհետև մենք պիտի կարողանանք հասարակության ուշադրությունը սևեռել արվեստի այս կարևոր կետի վրա, որը կոչվում է թատրոն։ Գյումրու դրամատիկական թատրոնը հանրահռչակման մասով բազմապիսի գործիքակազմ է օգտագործում, որ թատրոնն էլ ավելի հետաքրքիր լինի հասարակության համար, ոչ միայն արտաքինից, այլ նաև ներկայացումների որակով, խաղացանկային քաղաքականությամբ։

Թատրոնը հետաքրքիր դարձնելու համար չէր կարող Գյումրի մտնող առաջին պաստառը չլիներ թատրոն ուղղորդող հանդիսատեսին: Տեսեք մենք առաջին պաստառը տեղադրել ենք՝ գրելով, որ «Պարտադիր թատրոն կերթաք»։ Շատ երկար մտածեցինք պարտադիր բառի վրա՝ մտածելով, որ պարտադրելու իրավունք ով ունի այս քաղաքում, ո՞ր գյումրեցին ունի, և բնականաբար՝ միաձայն եկանք այն եզրահանգման, որ պարտադիր բառի իրավունքը միայն Մհեր Մկրտչյանինն է։ Նա կարող է պարտադրել գնալ թատրոն և քաղաքի հետդարձի ճանապարհին հարցնել՝ «Թատրոն գնացի՞ք»։ Նա հարցնում է այն մարդկանց, որոնց ուղղորդել է թատրոն։ Եվ դուք տեսնում եք՝ չենք առանձնացրել Գյումրու Վարդան Աճեմյանի թատրոնն, այլ ընդհանրապես թատրոն գնալու մասին ենք խոսում։ Մենք սա անում ենք ոչ միայն մեր համար, այլ Գյումրու տիկնիկային թատրոնի համար, որովհետև այն նույնպես այս քաղաքի կարևոր մշակութային կառույցներից մեկն է և ընդհանրապես թատրոն գնալու մասին է խոսքը։

Ներքին տուրիզմի մասով Գյումրին բավական առաջընթաց ունի. և՛ մայրաքաղաքից, և՛ հանրապետության տարբեր վայրերից գալիս են Գյումրի, բնականաբար առաջինը, որ իրենց ուղղորդում ենք, դա թատրոնն է։ Մենք այս պաստառների փոքր տարբերակները տեղադրելու ենք Գյումրի-Երևան երթուղիներում, «Հարավ Կովկասյան» երկաթուղու հետ հիմա բանակցում ենք, որպեսզի կարողանանք գնացքներում տեղադրենք: Եվ մենք ամեն րոպե մարդկանց ուշադրության կենտրոնում կլինենք, և Գյումրի եկողին կուղղորդենք դեպի թատրոն»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Տիգրան Վիրաբյան ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031