Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կա թաքնված Աղվան Վարդանյանի խոսքերի տակ (Տեսանյութ)

Դեկտեմբեր 04,2017 16:04

«Հեռացեք Ադրբեջանի տարածքներից: Դուք գրավել եք Ադրբեջանի 20 տոկոսը»,- այս կոչը օրերս հնչել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում` Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 50-րդ հոբելյանական նիստի ժամանակ: Դրանք ուղղված են եղել հայկական պատվիրակությանը: Հեղինակը`ՍԾՏՀ ԽՎ քարտուղար Ասաֆ Հաջիեւն է: «Մենք լսեցինք այն զառանցանքները, որոնք 25 տարի է՝ լսում ենք»,- այսօր խորհրդարանում հրավիրված մամուլի ասուլիսում խորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցածից մանրամասներ ներկայացրեց հայկական պատվիրակության անդամ Աղվան Վարդանյանը:

Հիշեցնենք, վեհաժողովն իր հոբելյանական նիստի բանաձեւում, ի հակառակ իր մանդատի, ներառել է նաեւ քաղաքական հարց, մասնավորաբար չկարգավորված հակամարտությունների մասին: Ի նշան բողոքի, հայկական պատվիրակությունը լքել է դահլիճը:

«Երբ մենք լքեցինք դահլիճն ու մեկ ժամ հետո վերադարձանք պատվիրակության հայտարարությունը ամբիոնից կարդալու համար՝ շրջեցինք ամբողջ խաղը եւ նրանք ծանր վիճակի մեջ էին: Այն, որ մենք, պարոն Մինասյանի ելույթից հետո նորից լքեցինք դահլիճը, ու այլեւս պաշտոնական միջոցառումներին չմասնակցեցինք, խառնեց իրենց խաղաքարտերը»:

Ըստ Աղվան Վարդանյանի, ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարն իր գործողությամբ ու հայտարարություններով վնաս է հասցրել կառույցի վարկանիշին եւ շահերին: Ասում է`սրանք պատահական գնահատականներ չեն, բան կա սրա տակ թաքնված: Նկատի ունի`հայկական պատվիրակության հակաքայլերը:

Մանրամասները`տեսանյութում

Հակաքայլերի մասին, սակայն, հիմա չի խոսի. «Թույլ տվեք չմանրամասնել, թե ի՞նչ ենք անում: Այստեղ իրավական խնդիրներ կան, ծալքեր կան, առաջիկայում կտեսնեք»: ԽՎ-ի կանոնակարգը իմպիչմենտի հնարավորություն չի տալիս, բայց գլխավոր քարտուղարի վարքագծի հետ կապված տարբերակներ կան: Բայց որ իր պահվածքով Հաջիեւը, որը պարտավոր էր ի պաշտոնե անկողմնակալ լինել, վնասել է, ոչ միայն խորհրդարանական վեհաժողովին , այլ իրեն`Աղվան Վարդանյանն ասում է`հաստատ է:

Այդ օրերին հայկական մամուլում մեր պատվիրակության եւ նրա ղեկավարի հասցեին նաեւ քննադատություններ հնչեցին: Աղվան Վարդանյանն ասում է` պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանի գլխավորությամբ պատվիրակությունը լավ աշխատանք է կատարել. «Ցավում եմ նման գնահատականների ու մեղադրանքների համար՝ պատվիրակության ու պատվիրակության ղեկավարի հասցեին: Կարծում եմ՝ մեր մասով սա ազնիվ չէ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031