Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եմ ոչ գիժ լինել, ոչ էլ խուսափել պատասխանատվությունից». Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող

Դեկտեմբեր 04,2017 15:57

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով դատական նիստն էր:

Սպանության մեջ մեղադրվող «Յանուս» արտիստական թատրոնի տնօրեն եւ գլխավոր ռեժիսոր Մուշեղ Մխիթարյանն ու իր փաստաբան Մարինե Ֆարմանյանը 2 միջնորդություն ներկայացրին դատարան:

Միջնորդություններից մեկի համաձայն, Մուշեղ Մխիթարյանը դատարանին խնդրում է ամբուլատոր դատահոգեբժշկական փորձաքննություն իրականացնել: Ըստ միջնորդության, տուժողի ներկայացուցիչ Թամարա Բաղդասարյանը դատահոգեբանական փորձաքննություն իրականացնողների հետ կապի մեջ է եղել եւ ազդեցություն է ունեցել փորձաքննության եզրակացության վրա. «Հետո փորձաքննությունից ստացանք պատասխան, թե ես փորձում եմ գիժ երեւալ: Եթե ես փորձեի գիժ երեւալ, երբեք հանդես չէի գա գրագետ միջնորդություններով, չէի տպագրվի մամուլում արվեստի մասին մասնագիտական հոդվածներով: Իմ մոտ նկատում եմ հիշողության տատանումներ եւ դեպրեսիվ վիճակ: Իրականում ուզում եմ ոչ գիժ լինել, ոչ էլ խուսափել պատասխանատվությունից: Ես լավ գիտեմ իմ վիճակը, ներկայումս գտնվում եմ Նուբարաշենի նյարդահոգեբույժների հսկողության տակ, ստանում եմ դեղամիջոցներ, որոնք ոչ միայն չեն պակասում, այլ նաեւ ավելանում են: Ես այլեւս չեմ վստահում «Նուբարաշեն» հոգեբուժական ՓԲԸ-ին եւ դատարանին խնդրում եմ եւս մեկ անգամ ամբուլատոր դատահոգեբանական, դատահոգեբուժական համալիր փորձաքննություն նշանակել՝ ամբուլատոր»:

Մեղադրող դատախազն ասաց, որ միջնորդության մեջ նշված հանգամանքները ամբողջության անհիմն են: Ստացիոնար փորձաքննություն արդեն իսկ անցկացվել է: Բաղդասարյանն էլ նշեց, որ եթե փորձագետների վրա ազդեցություն ունենալու մեջ են մեղադրում, դրա համար կա իրավական ճանապարհ, ոչ թե մերկապարանոց մեղադրանքները. «Նյարդային լարված վիճակ եւ այլն, դրանք դատաբժշկական փորձաքննության պարզման հանգամանքներ են, պարզապես վերջինիս ֆիզիկական առողջական վիճակն է ցույց տալու»: Նա ընդգծեց հենց ամբաստանյալի խոսքերը, թե մեկ ասում է՝ գիժ չեմ ուզում լինել, դատարանում համապատասխան վարքագիծ ունեցող անձ եմ, ադեկվատ միջնորդություններով եմ հանդես գալիս, մեկ էլ ասում է՝ փորձաքննություն իրականացրեք, պարզեն:

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ միջնորդության մասին որոշում կայացնելու: Ավելի ուշ համալիր ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդությունը մերժվեց: Դատարանը գտավ, որ ամբաստանյալի կողմից լրացուցիչ միջնորդություն է ներկայացվել ստացիոնար փորձաքննություն իրականացնելու, որը դատարանի կողմից բավարարվել է, հիմա եւս մեկ անգամ փորձաքննություն իրականացնելու հիմք չկա:

Այս նիստով գործի դատաքննությունը ավարտվեց: Արդեն դատական վիճաբանությունների փուլն է եւ մեղադրող դատախազը հաջորդ նիստին հանդես կգա ճառով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031