Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք շարժվում ենք անցյալ դարի վերջին ստեղծված օրենքով. սա աբսուրդ է». Մարգարիտ Եսայան

Դեկտեմբեր 04,2017 15:50

«Մենք շարժվում ենք անցյալ դարի վերջին ստեղծված օրենքով, հիմա 21-րդ դարի 17 թվականն է: Սա նոնսենս է, աբսուրդ, և ամեն ինչ պիտի անենք օրենքը փոխելու և դրանից բխող բոլոր ենթաօրենսդրական ակտերը համապատասխանեցնելու համար»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարգարիտ Եսայանը:

Տիկին Եսայանի հավաստմամբ՝ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների պաշտպանության ոլորտն այն դաշտերից է, որտեղ բազմաթիվ խնդիրներ ու անելիքներ ունենք. «Այս տարիներին մենք չենք կարողացել ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համար ոչ արտաքին պայմաններ, ոչ էլ օրենքի ուժով լուծում տալ նրանց խնդիրներին»:

Մարգարիտ Եսայանն այս խնդիրների լուծման համար կարևորեց նոր օրենքի ընդունումը և դրանից բխող բոլոր ենթաօրենսդրական ակտերի համապատասխանեցումը:

Անդրադառնալով այն մտահոգություններին, թե օրենքի ընդունումը տարիներ շարունակ ձգձգվում է, ՀՀԿ-ական պատգամավորը պարզաբանեց, թե իրենց նպատակն է օրենքն անթերի և գոնե հասարակության մեծ մասի համար ընդունելի տարբերակով ընդունելը: Միայն դրանից հետո հնարավոր կլինի հասկանալ՝ ով ինչ պարտականություն ունի, ում ինչ պետք է հանձնարարվի. «Քանի դեռ նախագիծն օրենք չի դարձել, մենք մշտապես խնդիրներ ունենալու ենք: Սա բոլոր՝ անցած և ներկայիս իշխանությունների համար մինուս է»:

Տիկին Եսայանն ընդգծեց, որ օրենքի տրամաբանությունն էլ , իրենց վարած քաղաքականությունն էլ հուշում են այն մասին, որ իրենք հաշմանդամություն ունեցող անձանց չեն դիտարկում որպես հիվանդ: Հաշմանդամությունը սոցիալական խնդիր է, ոչ թե առողջապահական:

Ըստ տիկին Եսայանի՝ հաշմանդամություն ունեցող անձինք ունեն նաև տրանսպորտային, տեղաշարժման հետ կապված խնդիրներ: Այս առիթով պատգամավորն ասաց. «Քանի դեռ Երևանում գազելային քաղաքականությունը կա, մենք այդտեղ խնդիրներ կունենանք: Մենք մեր տրանսպորտային միջոցներն էլ պետք է հարմարեցնենք բոլոր քաղաքացիներին»:

Անդրադառնալով ԵԼՔ-ի նախընտրական ծրագրի այն դրույթին, համաձայն որի՝ պետք է ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով գործակալություն, որը օրենսդրության խախտման դեպքում անձանց կենթարկի վարչական պատասխանատվության, տիկին Եսայանն ասաց. «Դեմ եմ այդ առաջարկին: Դա հակասում է իմ արտահայտած այն մտքին, որ մենք մեր հասարակության անդամներին չպետք է բաժանենք խմբերի՝ հաշմանդամություն ունեցողներ և հաշմանդամություն չունեցողներ: ՀՀ բոլոր քաղաքացիներն իրավահավասար են: Այլ հարց է, որ խնդիրներ ունեցող քաղաքացիների համար ուզում ենք կյանքը հեշտ դարձնել: Այդ դրույթով կարծես տեսակավորում ենք մարդկանց այդ խումբը: Բայցի այդ աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարությունում կա համապատասխան վարչություն, որը զբաղվում է այս խնդիրներով: Մարզպետարաններն էլ ունեն առանձին սոցիալական բաժիններ»:

Հարցին՝ նոր օրենսդրական նախաձեռնությունը կլուծի՞ այն խնդիրները, որոնք ունեն հաշմանդամություն ունեցող անձինք, Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ, «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ-ի նախագահ Զառա Բաթոյանը պատասխանեց. «Այս նախագիծը տարբերվում է գործող օրենքից, այն հիմնված է մարդու իրավունքների պաշտպանության վրա, որտեղ հաշմանդամություն ունեցողը ոչ թե պաշտպանության և խնամքի կարիք ունեցող է, այլ քաղաքացի, որն ունի իրավունքներ, ինչպես մյուս քաղաքացիները: Օրենքի նախագիծը երրորդ անգամ է մտնում ԱԺ, այն ձգձգվում է»:

Անդրադառնալով ԵԼՔ-ի՝ գործակալություն ստեղծելու առաջարկին՝ Զառա Բաթոյանն ասաց, որ ինքն էլ առաջարկել է Երևանի քաղաքապետարանում ստեղծել հատուկ բաժին, սակայն մերժում է ստացել՝ հիմնավորելով, որ քաղաքապետարանը զբաղվում է բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ: Այս առիթով նա ասաց. «Այո, վերջնական նպատակը պիտի լինի այն, որ յուրաքանչյուր քաղաքացի ունենա նույն հնարավորություններն ու իրավունքները: Բայց քանի որ այսօր Հայաստանում այլ իրավիճակ է, բացի այդ շատ զարգացած երկրներում էլ կան այդ բաժինները, անհրաժեշտություն տեսնում եմ ՀՀ-ում ևս ստեղծել: Այդ ինչպե՞ս է, որ քաղաքապետարանում կա առանձին բաժին, որը զբաղվում է կանանց և ընտանիքի հարցերով: Ի՞նչ է՝ կինը մարդ չէ՞, ինչպես մյուս մարդիկ»:

Մտահոգությանը, թե Երևանի 39 ստորգետնյա անցումներից միայն մեկն է հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց, տիկին Եսայանն այսպես արձագանքեց. «Դուք հաստատում եք այն, ինչ ես ասացի, որ տեղաշարժվելու հնարավորություններն այսօր բավարար չեն հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Վատ է, որ ստորգետնյա անցումներից ընդամենը մեկն է հարմարեցված: Այստեղ խնդիր ունեն և՛համայնքային կառույցները, և՛ ՏԻՄ մարմինները, և՛ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության կառույցները: Գուցե նրանք պիտի մոնիտորինգ անցկացնեն, պահանջներ դնեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031