ՀՀ ՊՆ նախաձեռնությամբ հայաստանյան մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ օրերս եղան Արցախում՝ մասնագիտական պարտականությունները կատարելու ոչ թե սովորական, այլ արտակարգ իրավիճակում. հակառակորդի հարձակում է գրանցվել, իսկ հայկական կողմի ուժերի խնդիրն է՝ կասեցնել այն: Միայն թե այս ամենը ոչ թե իրական է, այլ պայմանական՝ լայնամասշտաբ զորավարժության շրջանակում:
Լրագրողները ծանոթացան դաշտային պայմաններում աշխատելու հնարավորություններին, պատերազմական իրավիճակում անվտանգության կանոնների պահպանմանը: Նրանք նախ ստացան համապատասխան փաստաթղթեր, հատուկ համազգեստ՝ PRESS գրությամբ զրահաբաճկոններ եւ սաղավարտներ, ապա հրամանատարները ներկայացրին, թե ինչպես պետք է մարտական գործողությունների պարագայում պահպանել անվտանգության բոլոր կանոնները՝ զուգահեռ զերծ մնալով չճշգրտված տեղեկատվություն հրապարակելուց:
Այցի ընթացքում լրագրողները եղան նաեւ զորամասում՝ տեղում ծանոթանալով զինծառայության առանձնահատկություններին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ