Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից պաշտոնապես հերքում են Ուկրաինայի նախկին դեսպան Օլեքսանդր Բոժկոյի տարածած տեղեկությունները, թե նախօրեին հայեր են մասնակցել ընդդեմ Պորոշենկոյի Սահակաշվիլու կազմակերպած ցույցին:
«Այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, ու հայ համայնքը շատ վրդովված է»,- Aravot.am-ին ասաց դեսպանի խորհրդական Արման Աբովյանը:
«Խորհուրդ կտամ պարոն Բոժկոյին՝ զերծ մնալ չստուգված տեղեկատվություն տարածելուց եւ չփորձել հայ համայնքին ներքաշել ուկրաինական ներքին կամ տարբեր քաղաքական խմորումների մեջ: Հայտարարում եմ, որ հայ համայնքը որեւէ կապ չունի այն տեղեկատվության հետ, որը տարածել է պարոն Բոժկոն: Հնարավոր է, որ ինչ-որ պատահական՝ ոչ ազգությամբ հայ, հայկական դրոշ է վերցրել ցույցին մասնակցել, ու շատ հնարավոր է՝ դա սադրանք լինի»,- ասաց դեսպանի խորհրդականը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հ. Գ. Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Օլեքսանդր Բոժկոն այս առնչությամբ փոխանցեց «Առավոտին», թե երեւի նման մեկնաբանութուն անողները «չգիտեն հայերեն կարդալ, որ նման մեղադրանքներ են իմ դեմ հարուցում: Հակառակը՝ եթե կարդաք իմ գրառումն, ապա կտեսնեք, որ ես մտահոգված եմ նման զարգացումների վերաբերյալ»:
Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպանի եւ Ուկրաինայում Հայաստանի դեսպանի լուսանկարները՝ ֆեյսբուքյան էջերից