«Մարդու ժառանգականությունից ու դաստիարակությունից, իսկ ընդհանրա-պես, ներքին լուսավորությունից է կախված, թե ինչպես է ընկալում՝ կողքիններին, միջավայրն ու շրջապատը»:
Հեղինակ
«Հարկավոր չէ լսել, ինչպես է աճում խոտը, կարելի է խլանալ»:
Հաուպտման
«Ազգերը, ինչպես նաեւ անհատները, կարող են ապրել միայն երկու կերպ. կա՛մ գողանալով կամ արտադրելով»:
Սեն Սիմոն
«Ազգից չի կարելի քանդել նշանակարը, ինչպես թաշկինակից»:
Հյուգո
Տղայի տատիկը մահացավ եւ աշխարհը լացեց տղայի տատիկի մահը. մարդիկ մի բուռ հող շպրտում եւ տղային ցավակցում էին՝ ո՞ւր էր, թե մենք էլ էս տարիքում… Մարդիկ ու աշխարհը ցավակցեցին տղայի տատիկի մահը, բայց աշխարհն ու մարդիկ չգիտեին եւ անտարբեր էին, թե ինչե՜ր քաշեց ու ինչե՜ր տեսավ տղայի փախստական տատիկը։ Ինչե՜ր քաշեց ու ինչե՜ր տեսավ տղայի փախստական տատիկը։ Եւ տղան մեկ-մեկ գինովանում ու գինովացած տատիկի գերեզմանին հասնում… ճմռթված ու արդեն գունաթափ թուղթ-տեղեկանքը քանիցս կարդում է տատիկի անշուք շիրիմին, քանիցս կարդում է տատիկի անշուք շիրիմին, ու կյանքից արբեցած տզրուկներից է զարմանում, կյանքից արբեցած քաղքենի-տզրուկներից է զարմանում, զարմանում ու մտածում է, մտածում-երազում է, որ ինքն անպայման պիտի հարստանա, պիտի հարստանա անպայման, ու նաեւ զարմանալու բան է. այս աշխարհում դիք-դիք քայլելու համար միառժամանակ պիտի սողալով ու չորեքթաթ քայլես՝ գրողը տանի՝ համայնական նույնն է կյանքը, բայց ինքը «էս ժամանակներում» բարդույթավորվա՞ծ է, ի՞նչ է, մարմնապես, եթե ոչ, բայց խոսքերով էլ չի կարողանում… եւ փշոտ իր հալով ո՞նց պիտի հարստանա։ Փշոտ իր հալով ո՞նց պիտի հարստանա։ Ու տղան զարմանում է, զարմանում է՝ էս… ո՞նց պիտի հարստանա, երբ ռամիկ հոր արյունն ու ազնվացեղ-դիմահար մոր դաստիարակությունն ամեն պահի խանգարում են իրեն, խանգարում են իրեն ամեն պահի, ու դիմացինին թեկուզ սրտանց ասված լավ-խոսքից ինքն-իր աչքից է ընկնում։ Ինքն-իր աչքից է ընկնում դիմացինին ասված թեկուզ սրտանց իր խոսքից: Ու՝ «…ռամիկ եմ, իշխան դառնալ չեմ ուզում»-հոր արյունն ու դիմահար-ազնվացեղ-մոր դաստիարակությունը ո՞նց թողնեն՝ ինքը հարստանա, ո՞նց թողնեն՝ ինքը հարստանա: Եւ ամենաինքնասերն ու ամենահպարտն-ինքն՝ ինչո՞ւ շողոմ պահվածքի ու շողոմ բառերի կարիքն ունեն, ինչո՞ւ շողոմ պահվածքի ու շողոմ բառերի կարիքն ունեն: Ու հարստանալուց հետո՝ ի՞նչ պիտի անի. թուրքերի կողմից քարուքանդ արված պապական-հայրական տո՞ւնը նորից-հիմնովին կառուցի-լցնի, իր համար տո՞ւն առնի ու արդեն ճահիճ դառած հանրակացարանից դուրս պրծնի, դուրս պրծնի ու մի խելացի, ավանդապահ, պինդ օջախի քաղցրությունը տենչող աղջկա թեւից կսմթի տղամարդավարի ու գրպանի զորությամբ, թե՞ սիրելի տատիկի՝ իր ազնվացեղ Աչա-մամայի շիրիմը տեղափոխի հոր՝ Լալազարի կողքը՝ հոգիները լուսավոր։
Ու տղան հեռակա կարգով ՏԵՂԵԿԱՆՔ-թուղթը կարդում-զարմանում եւ տեսնում-զարմանում է, երբ արբեցած տզրուկները մի ոտքը բարձրացնում ու երկու տարին մեկ, երեք տարին մեկ՝ իրենց տատիկների ճոխ դամբարաններին են միզում «Մեղա քեզ, Աստված» հրճվելով։ Եւ տղան իր կերպարով երբեք դավաճան չի՛ եղել, եւ երբե՛ք… երախտամոռ չի լինի ու… Երբե՛ք, Երբե՛ք դավաճան չի լինի. դա բոլորը գիտեն: Ու էդ Մարդուն, իր կերպարով-իր համար էդ Մե՜ծ Մարդուն՝ մինչեւ կյանքի վերջը՝ մարդկայնորեն հարգելու է: Մինչեւ կյանքի վերջը Հարգելու է Էդ Մե՜ծ Մարդուն, որ իր դիտողունակությամբ, տղային դեմը նստեցնելով ու մինչեւ խորքը տղային տեսնելով, հարգանքով ասել է, ասել է՝ ես տունդ տալու եմ, տալու եմ տունդ, իսկ դու, եթե վկայականդ այլ նպատակով օգտագործես՝ առաջինը ե՛ս եմ քեզ նստեցնելու՝ մաքուր կաշխատես, իսկ ընդհանրապես, քո գրվածքները ես հավանում ու կարդում եմ, եւ տունդ ես տալու եմ. ուզում ես՝ ինձ քննադատիր, ուզում ես ուրիշներին քննադատիր՝ ինձ չի հետաքրքրում, բայց գրվածքներդ կարդում ու հավանում եմ. սրտացավ-բնական ես գրում՝ մեջը… ցա՜վ կա. տունդ տալու եմ, որ էդ հանրակացարանից դուրս գաս ու ազատ-անկախ ապրես եւ, երբե՛ք չկոտրվես… ու միայն թե՝ մաքուր կաշխատես: Մաքուր կաշխատես: Եւ տղան մտածեց, որ անտերը… երդմնազանց չեղա՞վ, փող չսիրե՞ց, թե կողը բզող կին չունեցավ ու չկարողացավ հարստանալ էս կյանքում: Ու… ոչի՜նչ չունի: Ոչի՜նչ չունի. ե՛ւ խիղճն է մաքուր, ե՛ւ՝ գրպանները: Ե՛ւ խիղճն է մաքուր, ե՛ւ՝ գրպանները. իզո՞ւր ապրեց: Իզո՞ւր անցավ իր ապրումները: Այդքա՜ն հնարավորություն ունեցավ, սակայն ռամիկ-հոր արյո՞ւնն էր, դիմահար-ազնվացեղ-մոր դաստիարակությո՞ւնն էր, փող չսիրե՞ց, թե կողը բզող կին չունեցավ էս կյանքում եւ… տունը ստացավ՝ Շնորհակալ է Էդ Մե՜ծ Մարդուց… ով՝ որտեղ մոստ կանգնի… բայց ինքը մինչեւ կյանքի վերջը՝ Շնորհակալ է Էդ Մե՜ծ Մարդուց… ու դուրս պրծավ արդեն ճահիճ դառած հանրակացարանից, եւ… ՝տատիկի գերեզմանը: Բայց… տատիկի գերեզմանը: Սիրելի տատիկի պատգամն ու տղայի ուշացած-անճար երդմնազանցությունը: Մի մե՜ծ բան չէ, եւ փողի հետ էլ ու տղայի հարստանալու հետ էլ կապ չունի, բայց… սիրելի տատիկի պատգամն ու տղայի ուշացած-անճար երդմնազանցությունը խրվել-մնացել է տղայի այլեւս քարացած ու քա՛ր կտրած սրտում: Խրվել-մնացել է: Մե՜ծ տառապանք պոկած-Կորսված սիրո նման խրվել-մնացել է տղայի այլեւս քարացած ու քա՛ր կտրած սրտում: Խրվել-մնացել է այլեւս: Ու… Քա՛ր է դարձել: Տղան քա՛ր է դարձել: Քա՛ր է դարձել այլեւս տղան: Մի մե՜ծ անտարբերության նման՝ տղան-ինքն էլ ու… իր Սիրտն էլ՝ Քա՛ր են դարձել այլեւս: Եւ հեռվո՜ւմ մնացած սիրելի տատիկի գերեզմանը՝ հեռո՛ւ է մնացել սիրելի պապիկի ու նրա հոր՝ Լալազարի գերեզմանից:
Ու տղան շատ էր ուզում, որ այն, ինչ կար, հենց այդպես էլ կոչեր՝ Հաղթանակած Պատերազմ, եւ իր բառ ու բանում, եւ մնացած ամեն-ինչում պարծենում-հպարտանում եւ այդպես էլ կոչում է, ու այն, իր համար այդպես էլ կա՛՝ Հաղթանակած պատերազմ: Սակայն դա այլ էր… Այլ էր: Եւ վատ պատրաստված ու լավ հաղթանակի հասցրած կռիվ էր: Վատ պատրաստված ու լավ հաղթանակի հասցրած կռիվ էր: Եւ տղան վատ պատրաստված եւ լավ հաղթանակի հասցրած կռիվը հեռակա կարգով հիշեց ու տեսավ, վատ պատրաստված եւ լավ հաղթանակի հասցրած կռիվը հեռակա կարգով հիշեց ու տեսավ, որ մի մասը փորձում էր պատերազմի վերածել, իսկ մյուսը՝ ճակատամարտի, բայց ոչ այս էր, եւ ոչ էլ այն էր. արեւելյան սովորությամբ երկկողմանի կռիվ-լլկանք էր, արեւելյան սովորությամբ երկկողմանի կռիվ-լլկանք էր ընդամենը. երեխայի, տարեցի, գերու, կանանց։ Եւ տղայի ականջներում հեռակա կարգով դեռ խշշում է, գիշեր-ցերեկ խշշում է եղբոր ընկերոջ՝ Միշայի աղեր-սանքը, մարտադաշտում թուրքերին գերեվարված ու անասելի տանջանք-ների ենթարկված, լավ կռվող ու նվիրված, ծանակված ու անշրթունք Միշայի աղերսանքը թուրքերին. «Ես կռվող չեմ… ուսանող եմ… մի արեք, մի արեք, մի արեք, խնդրում եմ…»։ Ու տղայի ականջներում դեռ խշշում է, գիշեր-ցերեկ դեռ խշշում է թիկունքից խոցոտված, մարտադաշտում լավ անուն հանած, բայց հիմա արդեն ուրիշի փառքի ճամփան «կոխկրտող» ազատամարտիկի աղերսանքը ընկերներին. «Իրար հետ մեծացել-հաց ենք կերել, ինձ մի սպանեք, խնդրում եմ, չորս երեխա ունեմ, չորս երեխա ունեմ…»։
Եւ տղան հեռակա կարգով պատկերացնում ու հիշում է հեռակա կարգով գիշերվա կեսին թուրքի թիկունքը իծաշարուկ հետախուզության գնացող, դասակի վերջում քայլող, իր դաժանությամբ գերիների ահ ու սարսափը համարվող Կոնդ-Երվանդի պատմությունը, որ ա՜յ քեզ բան. 10-15 հոգին նույն կածանով, նույն ոտնահետքերով առաջանում են սուս ու փուս ու քայլ առ քայլ, սակայն հակահետեւակային ականը Կոնդ-Երվանդի, շարքի վերջում քայլող հենց Կոնդ-Երվանդի ոտքերի տակ պայթեց, ու այդ չէր զարմանալին, այլ, որ Կոնդ-Երվանդը մի լավ սփրթնեց, ալիքի հետ օդ բարձրացած ու իջնող ոտքի թաթը ձեռքի մի կտրուկ շարժումով բռնեց-թեւի տակը կոխեց, եւ շշմած տղաներին առույգ հորդորեց.
– Ինձ ուղեկցող պետք չի՝ ինքս հետ կդառնամ, դուք առաջ գնացեք։
Զզվե՞լ էր, պրծա՞վ կռվից: Աստված տեսե՞լ էր նրա դաժանությունը գերիների նկատմամբ, ու ոտի թաթը նաեւ իր խրատի հե՞տ էր «ձե՞ռքը տվել»՝ թուրք կլինի, թե հայ կլինի, օղուզ կլինի, թե յուրային կլինի՝ «…դիմացինիդ վերաբերվիր այնպես, ինչպես որ ինքդ կուզենայիր, որ նա քո հետ վերաբերվեր»… Զարմանալին այդ էր ու այդ էլ զարմանալի չէր, այլ որ միշտ շարքի վերջում քայլող, իր դաժանությամբ գերիների ահ ու սարսափը համարվող Կոնդ-Երվանդը մի լավ սփրթնել էր, եւ խելքը գլխին էր, ու ցավ չէր զգում, ու կարծես ուրախ էր, եւ կտրված, օրվա թերթի նման թեւի տակ կոխած ո՛չ ոտքի թաթից էր արյուն գալիս, եւ ո՛չ էլ՝ քրքրված-մի լա՜վ կարմրած-թմբուկ դառած ոտքի կոճից։
Ու տղան ցելոֆանե տոպրակը լցված ականջները տեսավ. մարդ Աստծո՛: Մա՛րդ Աստծո՜… որ վատ դաբաղված կաշու հոտ էին արձակում ու, կարծես, ամեն-մեկից՝ մի նմուշ էր, եւ ոչ մեկը՝ ոչ մեկի վրա՝ վրա չէր գալիս, վրա չէր գալիս ոչ մեկը՝ ոչ մեկի վրա… կնճռապատ իր ծալքերով, հապճեպ կտրտված եզրագծերով, գույնով, չորությամբ, բլթակի մազմզոտությամբ։ Վրա՛ չէր գալիս. շա՜տ էին… Շա՜տ էին:
/շարունակելի/
Սարմեն Ղահրամանյան