Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում դեկտեմբերի 3-ին կայացավ բացառիկ համերգ Music of the soul խորագրով` սոպրանոներ Մագդա Մկրտչյանի եւ Էլիզա Դարյանի մասնակցությամբ:
Դասական և էստրադային երաժշտության երեկոյին յուրատեսակ գույն հաղորդեցին ջութակահար Վարդան Պողոսյանը, դաշնակահար Նունե Մելիք-Վրթանեսյանը, կիթառահար Վարդան Գասպարյանը եւ տենոր Պողոս Եղիազարյանը: Վերջինս ոչ միայն վարեց գեղեցիկ երեկոն, այլեւ անձամբ ելույթներ ունեցով: Ունկնդրին անակնկալ էր սպասվում, երեկոյին հանդես եկան նաեւ հյուրեր Ղազախստանից` Իսին Սայան եւ նրա տիկինը Գուլշան Կոնուշեւան: Պողոս Եղիազարյանի խոստումը, թե ունկնդիրը լույս եւ հույս կտանի երեկոյից, իրականացավ:
Ծրագիրը բազմաժանր էր` Բարսեղ Կանաչյանից մինչեւ Պուչինի, իսպանական սարսուելայից մինչեւ Լեգրան:
Ունկնդիրը ջերմորեն էր արձագանքում ամեն կատարմանը, իսկ ՀՀ վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյանի կատարումներից հետո դահլիճը վանկարկում էր` դի-վա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ