«Այլընտրանքային նախագծեր խումբն», արձագանքելով վարչապետի այս առաջարկին, գտնում է, որ ազգագրական թաղամասի նախագիծը հետաքրքիր է թե՛ զբոսաշրջության գրավչության առումով, թե՛ մեր երկրում ներդրումներ բերելու, նոր աշխատատեղերի ստեղծման հարցում։
Միևնույն ժամանակ Այլընտրանքային նախագծեր խումբը գտնում է, որ այդ թաղամասը պետք է կառուցվի Երևանից դուրս։ Երևանը գերկենտրոնացված է, իսկ մարզերը դատարկվում են։ Այս նախագիծը հաջողությամբ կարելի է իրականացնել Երևանից դուրս՝ փոքր ու միջին քաղաքներում, գյուղական համայնքներում։ Հատկապես որտե՞ղ. սա արդեն այլ քննարկումների և այլ ընտրության հարց է։
Հայաստանը փոքր երկիր է, և Երևանից կես ժամ, մեկուկես ժամ հեռավորությունը տուրիստի համար չնչին է։ Քաղաքից դուրս կառուցելու դեպքում՝ մուլտիպլիկացիայի էֆեկտով կակտիվանան այլ հարակից բիզնեսներ՝ դեպի «Նոյ» գյուղ հարմարավետ տրանսպորտի կազմակերպում, ճանապարհին հետաքրքիր կանգառների կազմակերպում, բուն թաղամասում տեղաբնակներին աշխատանքի հնարավորության ընձեռում և վերջապես ազգագրական թաղամասի շուրջ գոյություն ունեցող բնակավայրերի օրգանական կապում «Նոյին»։ Այս ամենը թույլ կտա աշխուժացնել, կյանք ներարկել որևէ մարզում։
«Նոյը» կարելի է կառուցել որևէ արժեքավոր կոթողի ճանապարհին, հարևանությամբ։ Դրանք Հայաստանում շատ են, և հաճախ անմխիթար վիճակում։ Եթե մենք կարևորում ենք Հայաստանում կրոնական տուրիզմի հեռանկարը, ապա սա լավ առիթ է՝ որևէ կոթողի հարակից տարածքում աշխուժություն մտցնելու, ճանապարհները կարգի բերելու, միջավայրը բարեկարգելու համար։ Կարելի է հարակից գյուղերի դպրոցականներից, երիտասարդներից երաժշտական խմբեր կազմել, այդ կոթողում, «Նոյում» հոգևոր և ազգագրական երգեր ներկայացնել, ընդհանրապես՝ ներգրավել գյուղական երիտասարդությանը և տեղացի տարբեր մասնագետների։ Այսպես են զարգացել և զարգանում եվրոպական շատ ու շատ փոքր քաղաքներ ու գյուղեր։
Ի վերջո՝ յուրաքանչյուր մարզի համար պետք է գտնվի մի լուծում, մի նոու–հաու։ Հարցին նայենք նաև այս տեսանկյունից։
Ինչ վերաբերում է Երևանի տուրիստական գրավչության բարձրացմանը, ապա դրա բանալին այլ տեղ է․մենք դրան անդրադարձել էինք «Տուրիզմ. խելամիտ որոշումների անհրաժեշտությունը» հրապարակման մեջ։
Պետք է գտնել, ձևակերպել Երևանի տուրիստական բովանդակությունը։ Այսօր մեր քաղաքը դա չունի։
Երևանի ամենակարևոր պատմական կենտրոնը՝ Էրեբունի ամրոցը, թանգարանը, ժամանակակից քաղաքի հետ որևէ օրգանական կապ չունեն։ Մտածել է պետք այդ ուղղությամբ, քաղաքի բանուկ հատվածից մինչև թանգարան տրանսպորտային հետաքրքիր, մտածված լուծումներ գտնել՝ տրամվայ, ճոպանուղի և այլն։
Մինչ այդ պետք է քաղաքում ցուցանակները, փողոցների անունների, շենքերի հասցեների նշումները կարգի բերել։ Տուրիստը Երևանում մոլորվում է ամեն քայլափոխի։ Պետք է վերջապես սկսել համակարգային քայլերով լուծել մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրը։
Ամփոփելով. մենք առաջարկում ենք «Նոյը» կառուցել որևէ մարզում և քննարկումներ սկսել Երևանի տուրիստական գրավչության հարցադրման շուրջ։