Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը վստահ է, որ հայերը ոչ մի կապ չունեն Սահակաշվիլու հետ, որ մասնակցեին ընդդեմ Պորոշենկոյի երեկ Սահակաշվիլու կազմակերպած բողոքի ցույցին:
«Մեր համայնքն այսօր լավ դիրքերում է, հայամետ, մեր երկրի շահն առաջ տանող, ազնիվ համախմբված են, ինչու են փորձում խառնել: Փորձ է արվում թուլացնել հայ համայնքի դիրքերը, բայց ինչո՞ւ: Սահակաշվիլու հետ հայ համայնքը որեւէ կապ չունի, դա արվում է մի նպատակով, որ հայ համայնքի նկատմամբ վերաբերմունքը փոխվի»,- Aravot.am-ին ասաց Անդրանիկ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ երեկ տարածվեցին լուսանկարներ Սահակաշվիլու կազմակերպած ցույցից, որտեղ հստակ երեւում էին մասնակիցներ՝ հայկական դրոշներով:
Անդրանիկ Մանուկյանի համոզմամբ, կովկասցու արտաքինով ու հայկական դրոշներով ցույցի մասնակիցներով լուսանկարները դեռ ապացույց չեն, որ մասնակիցները հայեր են:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ