Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլմ-հանձնակատարն է՞լ տեղյակ չէ ներկայացված ֆիլմերի հայտերից

Դեկտեմբեր 04,2017 13:17

Aravot.am-ը Հայաստանի ազգային կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանից հետաքրքրվեց`ինչու են ծածուկ պահվում կինոկենտրոնին ներկայացված ֆիլմերի հայտերի քննարկման արդյունքները, եւ ըստ կինոյի մարդկանց` ինչու այդ գործընթացը թափանցիկ չէ: «Մենք դեռ քննարկումը չենք ավարտել, դեռ պրոցեսի մեջ է, երբ ավարտենք, ամեն ինչ կհայտարարենք եւ թափանցիկ գործընթացը կպարզվի»,-ասաց Բաղդասարյանը: Նրա խոսքով, այս պահին գեղարվեստական խորհուրդը դեռ քննարկում է հայտերը:

Մեր հարցին` իսկ հայտատուները տեղյա՞կ են, թե ինչ է եղել իրենց ներկայացրած հայտերի հետ: «Ճիշտն ասած, տեղյակ չեմ, այդ մանրամասները կինոկենտրոնի հետ պարզեք»,-ասաց ֆիլմ հանձնակատարը:

Մեր տեղեկություններին, որ փոխանակ գումարներ ներգրավելու, հայթայթելու, ինչի համար ի պաշտոնե կոչված է՝ իր նախագիծն է առաջ մղել, Արսեն Բաղդասարյանը պատասխանեց. «Ես ընդամենը աջակցում եմ որեւէ կազմակերպության, եթե ուզում են մշակեն նախագիծ եւ ներկայացնեն: Ինչ վերաբերում է իմ նախագծին, ես Հայաստանում որեւէ նախագիծ չեմ իրականացնում»:

Մեր դիտարկմանը, որ որոշ տեղեկություններով, ինքը կողմնակալություն է ցուցաբերում մի նախագիծ առաջ մղելու համար` լինելով ֆիլմ հանձնակատար, Արսեն Բաղդասարյանը պատասխանեց. «Ես կողմ եմ բոլոր նախագծերին, ով ճիշտ մշակած փաթեթ է ներկայացրել եւ իմ կարծիքը կարող եմ հայտնել, ուղղություն ցույց տալ այն մարդկանց, որոնք պատրաստ են իմ կարծիքը լսել»:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանին նաեւ հարցրինք` բավականին ժամանակ է անցել իր նշանակումից, ինչու մամուլի ասուլիսով հանդես չի գալիս եւ չի ծանոթացնում իր ծրագրերին:

«Երբ մենք հաստատենք մեր ներկայացրած Կինոյի մասին օրենքը, ես պատրաստ եմ ասուլիս հրավիրել, ուղղակի սպասում եմ, որ օրենքը հաստատվի, դրանից հետո պատրաստ կլինեմ բացատրել բոլոր գործընթացները»,-ասաց մեր զրուցակիցը:

Նորից հարցրինք` ի վերջո ե՞րբ կավարտվի հայտերի քննությունը եւ ընտրությունը: «Երբ բոլոր հայտերը հասնեն գեղարվեստական խորհրդին»,-ասաց ֆիլմ-հանձնակատարը` հակասելով վերեւում հայտնած իր իսկ մտքին, թե դրանք քննում է գեղարվեստական խորհուրդը:

Հիշեցնենք, որ օրերս կայացած ասուլիսում Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, որը հանձնաժողովի անդամ է, եւս փաստել էր, որ պարզ չէ, թե ինչ ճակատագիր է սպասվում ներկայացրած հայտերին, քանի որ ամեն ինչ ծածուկ է արվում: Նա կոչ էր արել լրագրողներին այդ ամենը ճշտել ֆիլմհանձնակատարից:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031