Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմեն Բիլյանի կողմից սպանվել է ոստիկան Գագիկ Մկրտչյանը, իսկ Սմբատ Բարսեղյանի կողմից՝ Արթուր Վանոյանը»

Դեկտեմբեր 04,2017 13:11

2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արմեն Լամբարյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդգես Գեւորգյանի, Մանվել Աթոյանի, Աշոտ Պետրոսյանի, նաեւ՝ Կարո Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի գործով դատավարությունը եւս մտավ դատաքննության փուլ, որում այսօր մեղադրող-դատախազների կողմից հրապարակվում են ամբաստանյալների մեղադրական եզրակացությունները:

Արմեն Լամբարյանը, մասնավորապես, մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու, ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը զավթելու, պատանդներ պահելու մեջ: Մեղադրական եզրակացությունում ասվում է, որ նա կազմակերպված խմբի կազմում զավթել ու պահել է ՊՊԾ գունդը եւ պետությանը որոշակի պահանջներ պարտադրելու նպատակով՝ պատանդ պահել ոստիկանության 8 ներկայացուցիչների:

Նա ոստիկաններից մեկից խլել է վերջինիս՝ հրազեն հանդիսացող ինքնաձիգը, խմբի մյուս անդամների հետ ներխուժել է ՊՊԾ գնդի զինապահոց, վերջինիս հերթապահ-ոստիկաներն պարտադրել բացել դուռը, ապա հափշտակել ռազմամթերք, այդ թվում՝ ինքնաձիգներ, մոտ 700 փամփուշտ:

«Արայիկ Խանդոյանի հրամանով նրանք զինվել են, իսկ Արմեն Լամբարյանի հրահանգով՝ զինամթերքը տեղափոխել գնդի շենքերից մեկը: Պավել Մանուկյանը հրահանգել է չվնասել պատանդ-ոստիկան Խաչատուր Մուրադյանին՝ առավել կարեւորելով նրա՝ պատանդ լինելու փաստը»,-ասված է մեղադրական եզրակացության մեջ:

Դատախազը նաեւ ընթերցեց, որ ամբաստանյալներից Արմեն Բիլյանի կողմից սպանվել է ոստիկան Գագիկ Մկրտչյանը, իսկ Սմբատ Բարսեղյանի կողմից՝ Արթուր Վանոյանը (այս ամբաստանյալը եւս մեկ ոստիկանի սպանության համար է մեղադրվում), իսկ ոստիկան Խաչատուր Մուրադյանը, օգտվելով խմբի անդամների անուշադրությունից, հետնամասի դարպասի վրայով անցնելու միջոցով փախուստի է դիմել ՊՊԾ գնդի տարածքից:

Արմեն Բիլյանը, ըստ մեղադրական եզրակացության, նաեւ իր հարազատներին եւ ծանոթներին հեռախոսակապի միջոցով հրահանգել է մասնակցել Խորենացի փողոցի բողոքի ցույցերին, ճեղքել իրավապահների շարքերը եւ միանալ իրենց:

Ամբաստանյալներից Արթուր Սողոմոնյանի մեղադրական եզրակացությունում էլ, խմբի մյուս անդամներին մեղադրվող արարքներից բացի, վերագրվում է գույք հափշտակելու մեղադրանք: Մասնավորապես, նա, կազմակերպված խմբի այլ անդամների հետ, բանկոմատից հափշտակել է 14 միլիոն դրամ, որից 300.000 դրամը հետագայում իրավապահները հայտնաբերել են նրա մոտ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031