Լրահոս
Օրվա լրահոսը

Բիզնես գաղափարները` մի հարկի տակ. ծրագրերից մինչև բարեգործություն

Դեկտեմբեր 04,2017 11:23

Մասնագիտությամբ մանկավարժ, շուրջ 15 տարի դաստիարակ ու դասվար աշխատած Անուշ Բադալյանը միշտ էլ համոզված է եղել, որ աշխատանքը` որպես ինքնարտահայտման ու ինքնահաստատման միջոց, կնոջ համար անհրաժեշտություն է:

Տարիներ առաջ ընտանիքի խորհրդով, եղբոր ուղղորդմամբ ու աջակցությամբ երեխաների աշխարհին իր կենսագրությամբ կապված Անուշն ինքնարտահայտման իր վաղեմի ցանկությունը` սեփական բիզնես ունենալը դարձրեց գաղափար, ապա` կոնկրետ գործ:

«2010թ., երբ ընթանում էին ապագա համալիրի շենքի կառուցման աշխատանքները, ես դեռ հստակ չէի էլ պատկերացնում, թե ինչ ենք ունենալու արդյունքում: Հաստատ էր մի բան` ինչ ուղղվածություն էլ ունենա` փոքրիկներին չեմ անտեսելու: Երեխաների նկատմամբ ունեցած սերս, նրանց առօրյան ու ժամանցը նաև մայրաքաղաքից սահմաններից դուրս հետաքրքիր դարձնելու ձգտումս օր օրի ստացան միս ու արյուն»,- ասում է 5-ամյա կենսագրություն ունեցող «Սևան» համալիրի տնօրեն Անուշ Բադալյանը:

Երիտասարդ կնոջ բիզնես գաղափարները խմբվել են մի հարկի տակ, ու արդեն մի քանի տարի եղանակ են ստեղծում ոչ միայն Սևանում, այլ նաև տարածաշրջանում:

Մանկական սրճարանը, ժամանակակից խաղամիջոցներով ու ատրակցիոններով հագեցած խաղասրահը, գործող նախակրթարանը, դասապատրաստման դասարանը, համակարգչային ակումբը, պարի, մարմնակրթական, անգլերենի ուսուցման խմբակները դարձել են մի ամբողջական համալիր, որոնց առանցքում երեխայակենտրոն գործունեությունն է:

Այս ամենին լրացնելու է եկել ևս մեկ նախաձեռնություն: Անուշ Բադալյանի փոխանցմամբ` հաշվի առնելով ներկայիս սոցիալական վիճակը, բնակչության անվճարունակությունը` իրականացնում են համակարգչային գիտելիքների ուսուցման անվճար դասընթացներ, որի շահառուները Սևան համայնքի և տարածաշրջանի երեխաներն են:

Շաբաթական 3 օր համալիրի համակարգչային կահավորված սենյակում երեխաները քայլ առ քայլ խորացնում են իրենց գիտելիքները` ստանալով համակարգչային գրագիտության անվճար դասեր:

«Հաշվի առնելով արդի միտումները, արդեն իսկ ունեցած փորձը, ժամանակակից պահանջներին համապատասխան լսարանի առկայությունը` կյանքի կոչեցինք նաև այս ձեռնարկը: Կարծում եմ` քանի դեռ կա պահանջարկ, այն կլինի շարունակական: Երեխային տալով հիմնարար բազային գիտելիքներ` մենք ինչ-որ չափով ապահովում ենք նրա ապագան»,- նշում է «Սևան» համալիրի տնօրենը:

Առաջին հայացքից ամեն ինչ թվում է դյուրին: Ուրախ և տաք գույների հետևում ամենօրյա դժվար աշխատանք է, բազմաթիվ խոչընդոտներ, որոնք պետք է հաղթահարել:

«Կարևորն աշխատանքի ճիշտ կազմակերպումն է, որտեղ ես սահմանել եմ բարձր նշաձող: Ասեմ, որ տղամարդկանց ինձ մրցակից չեմ համարում: Գոնե փոքր քաղաքներում քչերը կփորձեն մուտք գործել այս ոլորտ` այն համարելով աշխատատար և ոչ եկամտաբեր, իսկ ինձ համար իմ ստեղծածը բիզնեսից առավել է,- ներկայացնում է Անուշը, ապա շարունակում:- Անգամ երբ գործի կամ անհրաժեշտության բերումով մի քանի ժամ բացակայում եմ, ինձ թվում է` ինչ-որ բան պակաս է, կամ համալիրում գործերն այն չեն: Սա իմ աշխարհն է, և ես ամբողջովին նվիրվել եմ դրան»:

Կնոջը միայն ներսի պատ ընկալելը վաղուց է կորցրել իր արդիականությունը: Այդ սահմանները ընդլայնվել են, ու այսօր կինը ներկայանում է որպես հաջողակ գործարար, խելացի ղեկավար և կազմակերպիչ:

Խելացի ղեկավարման արդյունքում էլ երիտասարդ գործարար կինը ստեղծել է աշխատատեղեր, շուրջտարին գործող նախակրթարան, փոքրիկների ու նրանց ծնողների համար ընկերական, ընտանեկան, ժամանցի գողտրիկ անկյուն, անվտանգ ու ապահով միջավայր, հետաքրքիր լուծումներով, ճաշակով կահավորված սրահներ ու մասնագիտացված կաբինետներ:

«Սևան» համալիրի գործարկմամբ Սևանում ձևավորվել է նաև ազատ ժամանցի կազմակերպման մշակույթ:

Անուշն անցկացնում է զուգահեռներ. «Երբ մանկական սրճարանը նոր էր բացվել, ես տեսնում էի, որ երեխաները կաշկանդված են, միմյանց հետ շփվելու խնդիրներ ունեն, երբեմն չեն էլ կարողանում ճիշտ օգտվել սեղանից կամ չգիտեն վարվեցողության կանոնները: Այժմ նրանք հղկվել են, ավելացել են ընկերական խնջույքներն ու հավաքները, շատերը նախընտրում են ծննդյան տոները անցկացնել այս միջավայրում: Այսօրվա երեխաները վաղվա քաղաքացիներն են. նրանց նաև այսպես ենք սովորեցնում ապրել ազատ, ուրախ, անկաշկանդ, օգտվել իրենց համար ստեղծված պայմաններից, տեսնել գեղեցիկը»:

Անուշ Բադալյանը համալիրի շենքի առաջին քարը դնելուց մինչև դրա լիարժեք գործունեությունը եղել է և կա սրտացավ տնտեսվար ու տանտեր. գուցե դա է պատճառը, որ յուրաքանչյուր մանրուք համարում է կարևոր, իսկ ամենակարևորը իր աշխատանքի շնորհիվ ինչ-որ բան փոխելու ու ավելացնելու ձգտումն է:

«Ֆինանսական կայունությունը շատ կարևոր է, միաժամանակ գործարարությունը հնարավորություն է տալիս օգտագործել մտավոր, գործնական կարողություններդ: Անշուշտ, գործարար կինը քիչ խնդիրներ չունի, սակայն եթե խնդիրների հանդիպելիս ընկրկես, ոչնչի էլ չես հասնի, ավելին` եղածն էլ կկորցնես: Իսկ չկորցնելու համար գալիս են օգնելու կազմակերպվածությունը, դժվարություններին դիմակայելը, պատասխանատվությունը, շրջահայացությունը, վերաբերմունքը դիմացինի նկատմամբ: Ես լավ եմ հասկանում` ինչ ձևով աշխատակիցներին վերաբերվես, նույնն էլ նրանք կփոխանցեն այցելուներին ու հաճախորդներին, իսկ եթե այդ հաճախորդների զգալի մասը փոքրիկներ են ու դեռահասներ, ավելի քան կարևորվում է վերաբերմունքն ու մոտեցումը»,- եզրակացնում է Անուշը:

Անուշի պատասխանատվությունը իր, ընտանիքի և սևանցիների հանդեպ դարձել է կենսակերպ: Ու պատասխանատվության արդյունքում է նաև, որ տարիներ շարունակ Անուշն ու նրա ընտանիքը չեն էլ պատկերացնում իրենց կյանքն առանց բարեգործական ձեռնարկների:

2010թ-ից մինչ օրս Սևանի և տարածաշրջանի շուրջ 4300 երեխայի մկրտություն կազմակերպվել է նրանց շնորհիվ ու ֆինանսական միջոցներով: 2016թ-ին էլ այցելել են Ստեփանակերտ, այնտեղի զորավարժարանում մկրտել 80 հոգու: Այս բարեգործությունը շարունակվում է նաև այսօր:

ՀՀ կառավարության հովանու ներքո անցկացվող «Լավագույն կին-գործարար» մրցանակաբաշխության «Կին-բարեգործ» անվանակարգն էլ 2013թ. հանգրվանել է նրա մոտ:

Անուշի հետ շրջում ենք համալիրի տարածքում. ամենուր մաքրություն է, կոկիկություն, սրտացավ ու պատվախնդիր տիրուհու հոգատար ձեռքն ու պրպտուն միտքն ամեն քայլափոխի իրենց զգացնել են տալիս: Իսկ այս ամենի հետևում ջանադիր և նպատակասլաց աշխատանք է, քանի որ փոքր քաղաքներում դժվար է կյանքի կոչել այսպիսի բիզնես ծրագրերը, առավել դժվար` դրանք պահպանելն ու զարգացնելը: Նշեմ միայն մեկ փաստ. նման շենքի տարածքի պահպանումն արդեն իսկ ծախսատար է /Սևանում ձմռան շրջանը սկսվում է հոկտեմբերին, ավարտվում մայիսին, իսկ շենքն առանց ջեռուցման համակարգի գործարկման հնարավոր չէ պահպանել/:

Անուշ Բադալյանն աչքի առաջ ունենալով բոլոր դժվարությունները, ավելին` անցնելով դրանց միջով` ստեղծել է գողտրիկ անկյուն` սևանցիներին պարգևելով ջերմ ու հաճելի մթնոլորտ, նրանց փոքրիկներին` զարգացնող ու ազատ ժամանցն ապահովող միջավայր:

Խոսում ենք նաև ապագա ծրագրերի մասին: «Առայժմ բավարարվում եմ այսքանով, սոցիալ-տնտեսական նման իրավիճակն ավելին անելու հնարավորություն չի տալիս: Ինքս էլ հաճախ օգնության կարիք ունեմ: Ես փող եմ ներդրել և սրտացավորեն հետևում եմ ամեն ինչին: Իհարկե, նպատակս միայն գումար վաստակելը չէ: Աշխատանքի ընթացքում զգում ես, թե ինչքան կարևոր բաներ կան, իսկ այժմ մեկ գերխնդիր ունեմ` պահպանել ու զարգացնել ստեղծածս»:

«Բարի լույսերն» ու «բարի երեկոները» Անուշի համար սկսվում և ավարտվում են «Սևան» համալիրի հարկի տակ, որտեղ աշխատանքի բերումով հավաքված մարդիկ դարձել են մի ընտանիքի անդամներ` իրենց հոգսերով ու ուրախություններով:

Գործարարության մեջ հաջողություններ գրանցած Անուշ Բադալյանն էլ հաջողության իր բանաձևն է բարձրաձայնում` նվիրում ստեղծածին, որի հետևում այդքան աշխատանք ու ներդրում ունի:

Ա .ՂՈՒԿԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031