Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնարավոր է Նալբանդյանին ներկայացվի Արցախյան տարածքները հանձնելու հեռանկարի հետ կապված առաջարկ»

Դեկտեմբեր 04,2017 14:30

Արման Մելիքյանը ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից
դրական արդյունքներ ակնկալելու հիմքեր չի տեսնում

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի համոզմամբ՝ ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի քաղաքական պատասխանատուները կարեւորում են հատկապես պաշտոնական Անկարայի տեսակետներն ու կարգավորման գործընթացին այդ երկրի հնարավոր աջակցությունը կամ մասնակցությունը:

«Առավոտը» պարոն Մելիքյանին հիշեցրեց մեկ օր առաջ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից հետո հայտարարությունը, թե Թուրքիան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար, եւ այդ հարցի շուրջ Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները մշտական կապի մեջ են: Մեր հարցին՝ ի՞նչ վտանգներ է պարունակում այս հայտարարությունը, եւ ի՞նչ նոր զարգացումներ կարող են բխել դրանից, պարոն Մելիքյանը պատասխանեց. «Նախ հիշենք, որ թեեւ Թուրքիան Մինսկի խմբի անդամ պետություն է, սակայն ես դեպք չեմ հիշում, երբ ՄԽ համանախագահները խորհրդակցություններ անցկացնելու նպատակով այցելեն ՄԽ անդամ որեւէ այլ պետություն: Սա նշանակում է, որ ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի քաղաքական պատասխանատուները կարեւորում են հատկապես պաշտոնական Անկարայի տեսակետներն ու կարգավորման գործընթացին այդ երկրի հնարավոր աջակցությունը կամ մասնակցությունը»:

Պարոն Մելիքյանը շեշտեց՝ սա այն դեպքում, երբ հայտնի է Թուրքիայի հստակ կողմնակալ վերաբերմունքը խնդրին. թուրք պաշտոնյաները հակամարտության կարգավորումը դիտարկել եւ դիտարկում են բացառապես Ադրբեջանի շահերի ու նպատակների ապահովման ծիրում: Ըստ պարոն Մելիքյանի՝ հաշվի առնելով այս հանգամանքը՝ ՄԽ համանախագահների՝ թուրք պատասխանատուների հետ վարվող սեպարատ բանակցություն-խորհրդակցությունները միայն կխորացնեն մեր հասարակության մեջ առկա անվստահությունը կարգավորման գործընթացի իրական նպատակների ու հնարավոր արդյունքների նկատմամբ. «Թուրքիայի կոնկրետ մասնակցությունը «կարգավորման» գործընթացին այս պահին կարող է սահմանափակվել հայ-թուրքական սահմանը բացելու եւ ՀՀ ցամաքային հաղորդակցության ուղիներն ապաշրջափակելու առաջարկով, ինչի դիմաց Անկարան կպահանջի առանց այլեւայլ նախապայմանների Ադրբեջանին հանձնել Արցախի տարածքի մի զգալի մասը: Առաջիկայում այս տարբերակը մեզ համար լուրջ գլխացավանք կդառնա, եթե հայ բանակցողները մինչ այդ չվերանայեն սեփական մոտեցումներն ու նոր նախաձեռնություններով հանդես չգան»:

Ընդգծեցինք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց, թե Ադրբեջանն իր համաձայնությունն է հայտնում դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպմանը: Համադրելով թուրքական կողմից հնչող հայտարարություններն այն մասին, որ Արցախյան հարցի միակ կարգավորողը ՌԴ-ն է, ի՞նչ արդյունքներ ակնկալել այս հանդիպումից: Պարոն Մելիքյանի կարծիքով՝ այս հանդիպումից եւս մեզ համար դրական արդյունքներ ակնկալելու հիմքերը չկան. «Հայաստանն ակնհայտորեն դեռ պատրաստ չէ եւ չի ցանկանում նոր նախաձեռնություններով հանդես գալ, իսկ հին բանակցային օրակարգը մեզ, բացի տարածքային կորուստներից, որեւէ բան խոստանալ չի կարող:

րտգործնախարարների հանդիպման ժամանակ հնարավոր է, որ պարոն Նալբանդյանին ներկայացվի թուրքական սահմանը բացելու եւ Արցախյան տարածքները հանձնելու հեռանկարի հետ կապված ինչ-որ մի առաջարկ: Սա անշուշտ ենթադրություն է»:
Այն մասին, որ ՀՀ իշխանական թեւից հայտարարություններ են հնչում, որ հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն մտցնել չի հաջողվի, կամ որ կոնկրետ խմբեր ուզում են սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ, ԼՂՀ ԱԳ նախկին նախարարն ասաց. «Հայաստանի գործող իշխանական վերնախավը կանի իրենից կախված ամեն բան, որպեսզի ռուսաստանցի գործընկերները Հայաստանի հավատարմությանը չվստահելու առարկայական հիմքեր չունենան: Ռուսական լրատվամիջոցների կողմից Հայաստանի քաղաքական պահվածքը փնովելու մարտավարությունն այս պահին նաեւ Ադրբեջանի ու ադրբեջանցիների համակրանքն ու վստահությունը շահելու նպատակ կարող է հետապնդել»:

Արման Մելիքյանի կարծիքով՝ ՀՀ ներկայիս կառավարիչներն իրոք երբեւէ որեւէ քայլ չեն կատարի, որը ռուսական շահերին եւ անգամ փոքրիկ «քաղաքական» քմահաճույքներին վնասելու նվազագույն ներուժը կունենա:

 

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

02.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031