Լրահոս
Օրվա լրահոսը

Ներառական կրթության դերը կարևոր է, իսկ լիարժեք ներառման տանող ուղին` խնդիրներով ներառյալ

Դեկտեմբեր 04,2017 11:08

Կրթության ստանալը մարդու հիմնարար իրավունքներից ﬔկն է, իսկ դրա կարևորությունը` անհատի ձևավորման, զարգացման, ինտեգրման, հետագա աշխատանքային գործունեության և լավ ապագայի երաշխիքն է

Ըստ «Ունիսոն» հասարակական կազմակերպության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից իրականացված հետազոտության՝ Հայաստանի Հանրապետությունում ապրող ավելի քան 197,000 հաշմանդամություն ունեցող անձանց համար արգելք է ներառական կրթության գործուն համակարգի բացակայությունը, որն էլ իր ազդեցությունն է թողնում ուսումնական գործընթացներում նրանց լիարժեք մասնակցության վրա:

Հայաստանում կրթական համակարգի ներառականության ապահովումը համարվում է կրթության ոլորտի խնդիրներից ﬔկը:

Հաշմանդամություն ունեցող անձանց կրթության կազմակերպումը սահմանված է «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքով: Իսկ ՄԱԿ-ի կոնվենցիան՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին բազմաթիվ հոդվածներ է սահմանում:

Կրթության մատչելիությունը իրենից ներկայացնում է ծրագրային առումով պարզ, միևնույն ժամանակ արդյունավետ դասապրոցեսի կազմակերպում, որի կիզակետը ուսուցիչ-աշակերտ կամ դասախոս-ուսանող համագործակցությունն է:

Մեր երկրում ներառական կրթության ծրագիրը դեռևս զարգացման փուլում է, այդ պատճառով ուսուցման արդյունավետ գործընթացի մշակումը առաջնային գործոն է:

Արմինեն (անունը փոխված է), որի որդին հենաշարժողական համակարգի հետ կապված խնդիրներ ունի, ևս ներառական կրթություն է ստանում Երևանի դպրոցներից մեկում, զրույցի ընթացքում խոսեց ներառական կրթության լավ և վատ կողմերի մասին՝ չցանկանալով, որ իր իրական անունն օգտագործվի նյութում:

«Իմ երեխան ներառական կրթություն է ստանում, չեմ կարող ասել, որ ընդհանուր կրթական ծրագիրը յուրացնում է ամբողջովին, այլ իր հնարավորությունների չափով, բայց նկատելի է անհատական աշխատանքների ազդեցությունը երեխայիս հոգեկան հավասարակշռության վրա: Բացի այն, որ նա այլևս չի սահմանափակվում և կաշկանդվում, դարձել է ավելի ակտիվ, քան նախկինում էր. դա երեխաների հետ շփման արդյունքում է ձևավորվում: Դասարանում սովորում են մտավոր հետամնացություն ունեցող, լեզվական, հուզակամային և այլ խնդիրներ ունեցող երեխաններ և հնարավոր է, կապված երեխայի խնդրից, խոչընդոտներ առաջանան դասընթացը հանգիստ կազմակերպելու հարցում, իսկ մասնագետները իրոք չեն բավարարում, քանզի տարբեր դասարաններում ևս ներառական երեխաներ կան»:

Այն հարցին, թե բողոքներ լինու՞մ են ոչ առանձնահատուկ կրթության պահանջների կարիք ունեցող երեխաների ծնողներից՝ Արմինեն պատասխանեց, որ լինում են երբեմն, քանզի երեխանները և նրանց խնդիրները ևս տարբեր են:

«Հարմարման խնդիր, իհարկե, առաջանալու է, սակայն փորձը ցույց է տալիս, որ ի տարբերություն մեծահասակների՝ երեխաներն առավել շուտ են հարմարվում միջավայրին, ուստի այն կսովորեցնի նաև հավասար պայմաններում լինել ներառական կրթության կարիքն ունեցողների հետ: Այն կնպաստի կրթության առանձնահատուկ կրթության կարիք ունեցող անձանց՝ իրենց հասարակության լիիրավ անդամներ զգալուն: Երեխաները մեր ապագա սերնդի հիմքն են, ուստի կարևոր է ժամանակին նպաստել նրանց՝ առանց կարծրատիպերի հասունանալուն ու հավասարը հավասարի իրավունքով սահմանափակ խնդիրներ ունեցող մարդկանց իրենց միջավայր ներառելուն: Պետք է հատուկ շեշտադրել ուսուցչի դերը ներառական կրթության ոլորտում, քանի որ առաջնահերթ նա է օգնելու երեխաներին՝ հաղթահարելու դժվարությունները: Ուստի պետք է առավել զգոն լինել ներառական կրթության սահմանած նպատակներին հասնելու համար»,-փաստում է հոգեբան Սաթեն Գրիգորյանը:

Մասնագետների պակասը խնդիրների պատճառ կարող է դառնալ դպրոցներում, որոնք թեև իրականացնում են ներառական կրթության ծրագիրը, այնուամենայնիվ չեն կարողանում ապահովվել համապատասխան քանակի բարձրորակ մասնագետներով: Շատերը կարծում են, որ նրանք դեռ պատրաստ չեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց հետ շփմանը:

«Դպրոցներում ընդհանուր կրթական դասընթացներից բացի, երեխաները ստանում են նաև լրացուցիչ անհատական աջակցություն հոգեբանների, հատուկ մանկավարժների կողմից, ովքեր ունեն աշխատանքն արդյունավետ դարձնելու իրենց մեթոդներն ու եղանակները: Դասերի, խաղերի, տրամաբանական խնդիրների, վարժությունների միջոցով փորձում ենք խթանել երեխաների բնականոն աճը՝ օգնելով կենտրոնանալ որոշակի հարցերի շուրջ»,- նշում է լոգոպեդ Ժաննա Մարտիրոսյանը:

Դպրոցներում հաճախ ընդհանուր կրթական դասընթացից բացի՝ ամեն երեխա ունի անհատական աշխատանքի ժամեր, որը կարգավորվում է հատուկ կազմված գրաֆիկով. տեւողությունը պայմանավորված է յուրաքանչյուր երեխայի խնդրով: Սակայն այս տարբերակը ևս արդեն անընդունելի է, այս մասին պատմում է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Սուսաննա Թադևոսյանը.

«Ըստ նախարարի նոր որոշման՝ արգելվում է երեխային հանել ու ծառայություն մատուցել: Դա մանկավարժների համար հեշտ տարբերակ էր՝ ազատագրվել դասարանի տարբեր կարիքներից : Եթե տեսչական այցի ժամանակ դա բացահայտվեց, ապա դպրոցը լուրջ խնդիրներ կունենա: Երեխան պետք է լինի դասին, իսկ անհատական աջակցության տևողությունը, հաճախականությունը ևս կանոնակարգվել է: Դրա համար կան վերականգնողական կենտրոններ, իսկ կրթությունը մնում է կրթություն.այդ հատուկ մանկավարժը չի կարող տալ այն կրթությունը, որը կա դասարանում: Այդ աշխատանքները պետք է իրականացվեն դասերից հետո»:

Ուսուցիչները թեև կարևորում են ներառական կրթության ապահովումը ՀՀ դպրոցներում, սակայն գտնում են, որ պետք է վերանայել կրթության մատչելիության մեթոդները:

Սուսաննա Թադևոսյանի խոսքով՝ ուսուցիչների վերաբերմունքը ևս կարևոր է, քանզի նրանց վերաբերմունքը փոխանցվում է երեխաներին:

«Ունենք ուսուցիչներ, որոնք հրաշալի ընկալել են այս ամբողջ կոնցեպտը և լրիվ այլ վերաբերմունք ունեն, և կան ուսուցիչներ, ովքեր ավանդական ահավոր մոտեցում ունեն և իրենց դասապրոցեսի բոլոր ձախողումները կապում են այդ երեխաների հետ: Նրանք այդպես իրենց արդարացման ճանապարհ են փնտրում: Վստահ կարող եմ ասել, որ այդ դասարանում ոչ մի երեխա իրեն ներառված չի զգում»:

Երբ խոսքը գնում է բարձրագույն կրթություն ստանալու մասին,խնդիրներն ավելի են բարդանում, քանզի ներառական կրթության չափանիշները ոչ այնքան բարձր են: Անդրադառնալը միայն կրթության մատչելիությանը սխալ կլինի, որովհետև ֆիզիկական մատչելիությունը ապահովված չէ: Եթե մուտքերի մոտ կան համապատասխան թեքահարթակներ, ապա հաստատության ներսում սպասվելիք շարժումները միանգամից սահմանափակվում են:

Սոնա ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031