Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ով եւ ինչու է ցավագին ընդունում մեր երկրի ինքնիշխանությունը՝ մեզ պիտի չհուզի»

Դեկտեմբեր 04,2017 14:00

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը`
ՀՀ-ԵՄ համաձայնագրի շուրջ ռուսական հիստերիայի մասին

– ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո Ռուսաստանում կրքերը կրկին բորբոքվեցին: Լրատվական տարբեր հեղինակավոր հարթակներում շարունակվում են քննարկումները, որտեղ ռուս վերլուծաբաններն ու քաղաքագետները Հայաստանի եւ հայերի հասցեին իրենց վիրավորանքներում եւ որակումներում մրցում են` «թշնամի», «ման եկող կին» եւ այսպես շարունակ: Ինչո՞ւ են ՌԴ-ում այդքան ցավագին ընդունում Հայաստանի ինքնիշխան լինելը: Չե՞ք կարծում, որ մեղքը պաշտոնական Երեւանինն է, որն անկախության 25 տարիներին ՌԴ իշխանություններին հաճոյանալու քաղաքականություն է վարել` անգամ սեփական ինքնիշխանության կորստի գնով:

– Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի ստորագրման առիթով հարկ է մեկմեկու շնորհավորենք եւ գործի անցնենք՝ ավելի տեսանելի եւ արդյունավետ դարձնելու համար համաձայնագրի բոլոր կետերի իրականացման գործընթացը, եւ ոչ թե բանուգործ թողած՝ նայենք այլ երկրների հեռուստաշոուները, այլ երկրների, այսպես կոչված, մեկնաբանների եւ վերլուծաբանների «մտքերը» տիրաժավորելով դարձնենք քննարկման առարկա: Կարիք չկա անելու այդ բանը, քանի որ մենք, որպես պետություն, գնում ենք մեր ճանապարհով, եւ գնում ենք հաստատուն եւ մտածված: Իսկ թե որոշ այլազգիներ ինչ են ասում՝ մեզ պիտի քիչ հետաքրքրի, մանավանդ, դրանք ոչ թե տվյալ երկրի պաշտոնական տեսակետներն են, այլ մասնավոր անձանց։ Իսկ թե ով եւ ինչու է ցավագին ընդունում մեր երկրի ինքնիշխանությունը, ինչպես դուք ձեւակերպեցիք, մեզ պիտի չհուզի. թող տապակվեն սեփական ցավի մեջ, մերը մեր ընտրած ճանապարհն է։
Չեմ կարող համաձայնել ձեր վերջին ձեւակերպմանը: Արմատապես սխալ է: Հայաստանի Հանրապետությունը ՌԴ գործընկերն է, նաեւ՝ ռազմավարական, եւ մենք մեր ինքնիշխանության տերն ենք եղել եւ լինելու ենք: Ապացույցները բազմաթիվ են, ամենաթարմը` ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագիրն է եւ դրա իրականացման վճռականությունը։ Հայաստանի Հանրապետությունը որեւէ մեկին հաճոյանալու խնդիր երբեք չի դրել, եւ չկա նման բան. մեր պետությունը ինքնաբավ է եւ ինքնուրույն, մենք ունենք մեր ձեռագիրը, մեր սկզբունքները եւ երբեք ետ չենք կանգնել մեր սկզբունքներից։ Մենք ունենք մեր ճանապարհը եւ գնում ենք։ Նոյեմբերի 24-ին Հայաստանի արտաքին քաղաքականությունը ճիշտ քայլ է կատարել, եւ սա նախագահ Սարգսյանի պատմական կարեւոր քայլերից է։

– ԵՄ-ՀՀ համաձայնագրի ստորագրումը Հայաստանում էլ կրքերը չհանդարտեցրեց: Իշխանության ընդդիմախոսներն այժմ էլ կասկածներ են հայտնում, որ իշխանությունը չի գնա համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը: Նկատի ունենալով մինչ այժմ իշխանական ամենաբարձր շրջանակներից հնչած եւ օդում մնացած խոստումները՝ չե՞ք կարծում, որ արդարացված են ընդդիմադիրների մտավախությունները:

– Բոլոր նրանց համար, ովքեր չեն կարդացել կամ չեն ընկալել Հայաստան-ԵՄ համապարփակ, ընդլայնված համաձայնագրի էությունը, հիշեցնեմ, որ ԵՄ-ն նշանակում է տնտեսության դիվերսիֆիկացիա, կոռուպցիայի դեմ իրական քայլեր, նոր տեխնոլոգիաներ, ներդրումներ, առանց վիզայի այցեր Շենգենի գոտի, տրանսեվրոպական տրանսպորտային ցանց, դատաիրավական համակարգի անկախացում, ժողովրդավարության զարգացում։ Իսկ թե ինչո՞ւ են ոմանք այս առիթով իրար անցել, մեզ պիտի քիչ հետաքրքրի։ Մենք ունենք մեր ճանապարհը եւ գնում ենք շիտակ։ Եղան նաեւ այդպիսիք, ովքեր շարունակեցին մնալ սեւ եւ մութ կասկածների ճիրաններում, անհավատության եւ հոռետեսության մեջ: Բայց այլեւս անլուրջ են նրանք իրենց կասկածամտությամբ: Վստահաբար, երբ օրերից մեկ օր Հայաստանը կդառնա ամենաառաջադեմ երկրներից մեկը, հոռետեսները դարձյալ կշարունակեն կասկածել ու չհավատալ. դե, սա արդեն անբուժելի հիվանդություն է, չի փրկի նրանց ոչինչ:

Եվ հետո, ի՞նչ է նշանակում օդի մեջ մնացին ամենաբարձր մակարդակում հնչած խոստումները: Իշխանությունները խոստումներ են տալիս հնարավորինի սահմաններում եւ իրականացնում են դրանք: Օդում կախված չի մնում ոչինչ: Խոստումների կատարումը օդում փնտրողները գուցե պետք է երբեմն նաեւ ներքեւ՝ ռեալ կյանքին, կատարված քայլերին նայեն եւ ոչ թե օդ տատանեն։

– Շատ վերլուծաբաններ վտանգներ են տեսնում Հայաստանի համար` ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի ուղղությունները համատեղելու ընթացքում: Պատկերավոր ասում են` երկու աթոռի հնարավոր չէ նստել: Կբավականացնի՞ մեր ճկունությունն այս իրավիճակից շահած դուրս գալու համար:

– Երկու աթոռի ոչ ոք չի նստել, մենք կանգնած ենք մեր սեփական երկու ոտքերի վրա եւ ինքներս ենք մեր հենման կետը: Իսկ ԵԱՏՄ-ում եւ ԵՄ-ի հետ մենք աշխատում ենք որպես հավասար գործընկեր եւ միակն ենք տարածաշրջանում, որ կարողացել ենք հավասարակշռել մեր հարաբերությունները երկու՝ առաջին հայացքից տարբեր կառույցների հետ: Պիտի հիշեցնեմ ԵՄ պաշտոնյաների հնչեցրած կարծիքներն այն մասին, որ միայն Հայաստանը չէ, որ շահում է համաձայնագրի ստորագրմամբ, իրենք եւս շահում են: Հայաստանը դառնում է կամուրջ երկու կառույցների միջեւ, եւ տարածաշրջանում նորից կարեւորվում է մեր պետության դերն ու նշանակությունը. այս մասին նաեւ մեր եվրոպացի գործընկերներն են խոսում։ Դեռ ամեն ինչ նոր է սկսվում, եւ պիտի աշխատենք բոլորս: Այս համաձայնագրի կետերի իրականացումը միայն իշխանության խնդիրը չէ, սա բոլորիս խնդիրն է: Պիտի համարենք մեր սեփական խնդիրը եւ քայլ առ քայլ գնանք բոլոր կետերի կատարման ճանապարհով։

– Մինսկում ավարտվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Դրան մասնակցում էր նաեւ ՀՀ նախագահը, Հայաստանի նախաձեռնությամբ էլ Արցախի հարցին վերաբերող բանաձեւ ընդունվեց. ի՞նչ է տալու սա մեր երկրին։

– Եթե հետեւել եք լրատվությանը, ապա վստահաբար նկատել եք, որ լիագումար նիստում կազմակերպության անդամ երկրների նախագահները ստորագրել են մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են ՀԱՊԿ հավաքական անվտանգության առաջիկա տարիների ռազմավարության իրագործմանը, կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, պաշտպանության, արտաքին քաղաքականության եւ մի շարք այլ բնագավառներում փոխգործակցությանը: Նստաշրջանի շրջանակներում քննարկված ավելի քան երկու տասնյակ հարցերի շարքում ընդունվել են նաեւ քաղաքական հայտարարություններ, այդ թվում` Հայաստանի նախաձեռնությամբ ներկայացված «ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերին աջակցելու» վերաբերյալ հայտարարությունը, որում ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները եւս մեկ անգամ վերահաստատել են իրենց աջակցությունը ՄԽ համանախագահողների գործունեությանը, ինչպես նաեւ հիմնահարցի կարգավորման հայտնի երեք` ազգերի ինքնորոշման իրավունքի, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման եւ տարածքային ամբողջականության սկզբունքներին: Սա կարող ենք համարել մեր երկրի արտաքին քաղաքական գծի եւս մեկ հաղթանակ: Կամ՝ շատ ճիշտ մտածված եւ իրականացված քայլ: Սրանով մենք եւս մեկ անգամ փակում ենք Ադրբեջանի ճանապարհը, նրա՝ պատերազմական ճանապարհը լեգիտիմացնելու նկրտումների ճանապարհը։ Այն կմնա միայնակ եւ մերժելի միջազգային կառույցների եւ հանրության կողմից: Կարծում եմ՝ վերլուծաբանները դեռ այս իրողությունը երկար են քննարկելու։ Ալիեւը գնում է ինքնամեկուսացման եւ ինքնաոչնչացման ճանապարհով, տրամաբանության եւ միջազգային հարթակ նա չի ուզում գալ, մեղքը իր վիզը։ Հայաստանը եւ Արցախի Հանրապետությունը մնում են միջազգայնորեն ընդունված ու փորձված ճանապարհով եւ ավելի ընկալելի եւ ընդունելի են աշխարհին։

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

02.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031