Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղատնտեսության կանոնակարգված վարումը պետք է դառնա պարտադիր

Դեկտեմբեր 04,2017 13:00

Արցախն ինտենսիվ գյուղատնտեսության անցնելու ճանապարհին է: Ագրարային երկրի տնտեսության կայուն զարգացումն իշխանությունները կապում են հենց գյուղատնտեսության այդ ձեւի խթանման հետ:

Ռազմավարական ի՞նչ ծրագրեր կիրագործվեն առաջիկայում՝ նպատակաուղղված ոլորտի զարգացմանը: Այս մասին է մեր հարցազրույցը ԱՀ նորանշանակ գյուղնախարար Ժիրայր Միրզոյանի հետ: Ներկայացվող հարցազրույցում շոշափել ենք առաջիկայում իրագործվելիք ռազմավարական ծրագրերը, որոնք հենց նպատակաուղղված են գյուղոլորտի զարգացմանը:

-Արդյունավե՞տ եք համարում տնտեսության ագրարային ճյուղի համար մշակված քաղաքականությունը, ռազմավարական ծրագրերը, դրանց իրականացման մեթոդները։ Ի՞նչ նորարարություններ սպասենք նոր նախարարից։

– Մենք իրականացնելու ենք հանրապետության նախագահի ծրագիրը: Մեր առաջարկությունները տեղ են գտել այդ ծրագրում, որտեղ ոլորտին վերաբերող նորարարություններ նույնպես կան:

Անդրադառնալով մշակված քաղաքականությանը, նշեմ, որ, այո, արդյունավետ եմ համարում եւ վստահ եմ, որ արդյունքը երկար սպասեցնել չի տա: Ասեմ նաեւ, որ այդ քաղաքականությունն ու դրանց վերաբերյալ ծրագրերը հարափոփոխ են, մշտապես լրամշակվող ու վերանայվող: Հավելեմ, որ ավարտական փուլում են գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի մշակման աշխատանքները, ինչից հետո այն ամենամոտ ապագայում կներկայացվի կառավարության քննարկմանը: Եվ պիտի ասեմ, որ ոլորտի զարգացման ռազմավարության ու ընկալումների առումով այն էապես տարբերվելու է նախկին մոտեցումներից: Հայեցակարգի ընդունումից հետո էլ կնախանշվեն այն նորարարությունները, որոնք կգործարկվեն ու կնպաստեն ոլորտի հաստատուն զարգացմանը:

– Դուք ե՞ւս գտնում եք, որ հաջողության հասնելու ամենաարդյունավետ ուղին անցումն է ինտենսիվ գյուղատնտեսության։ Եթե այո, ապա այդ դեպքում չի՞ տուժի, արդյոք, արցախյան գյուղմթերքների գլխավոր արժանիքը՝ էկոլոգիապես մաքուր լինելու հանգամանքը։

– Անցումն ինտենսիվ գյուղատնտեսության շարունակական գործընթաց է, ու մեզ մոտ այն մեկնարկել է վաղուց: Անհրաժեշտ եմ համարում նշել, որ բուսաբուծության ոլորտում ինտենսիվության առումով արձանագրվել են զգալի ձեռքբերումներ, ինչը չենք կարող ասել անասնաբուծության մասին: Ի դեպ, մենք արդեն սկսել ենք անասնաբուծության ոլորտի կարգավորմանն ու զարգացմանն ուղղված նախապատրաստական աշխատանքները, որոնք 2018-ին լինելու են մեր գործունեության հիմնական ուղղություններից: Պետք է ընդգծեմ, որ գյուղատնտեսության ինտենսիվացման ճանապարհին անհրաժեշտ է ապահովել գյուղոլորտի ճյուղերի համաչափ զարգացում: Ինչ վերաբերում է մեր կողմից արտադրվող գյուղմթերքների գլխավոր արժանիքին՝ էկոլոգիապես մաքուր լինելուն, ապա այստեղ կորուստներ չենք ունենա: Մեր կողմից ներդրվող տեխնոլոգիաների իմաստը կայանում է նրանում, որ ավելի արագ, ավելի մաքուր, ավելի էժան ու արդյունավետ աշխատանք տարվի ու ստացվի ավելի շատ ու որակյալ բերք: Եվ հողի պարարտացման աշխատանքներում ձգտելու ենք հնարավորինս սահմանափակվել օրգանական պարարտանյութերով: Իհարկե, խնդրի լուծմանը մեծապես կնպաստի նաեւ այն հանգամանքը, որ մեր գործունեության հիմքում կլինի ցանքաշրջանառության պարտադիր կիրառման սկզբունքը, ինչի արդյունքում էլ ունենալու ենք հողի քիմիական եւ ֆիզիկական շատ ավելի լավ ու բարենպաստ բաղադրություն, ինչն էլ հենց էկոլոգիապես մաքուր գյուղմթերք ստանալու գրավականն է:

– Ներկայացրեք, խնդրեմ, այն կարեւոր ծրագրերը, որոնք նախատեսվում է իրականացնել գալիք տարում։

– Առաջինը, որ գտնվում է իմ ուշադրության կենտրոնում, դա գյուղատնտեսության ոլորտում իրավական դաշտի կատարելագործումն ու կիրառման ապահովումն է, ինչը ենթադրում է ագրարային կանոնների վերանայում եւ՛ բուսաբուծության, եւ՛ անասնաբուծության ոլորտներում: Անասնաբուծության մեջ հաստատվելու են ոլորտին ներկայացվող պարտադիր պահանջներ: Արդեն նախապատրաստական աշխատանքներ են տարվում մեր կողմից մշակված՝ «Անասնաբուծության կանոնակարգում եւ արոտավայրերի կառավարում» ծրագրի գործարկման ուղղությամբ: Սա աննախադեպ ծրագիր է, եւ նրա բարերար ազդեցությունը կնկատվի նաեւ բուսաբուծության ոլորտի վրա:

Ըստ մեր համապատասխան ծրագրի՝ ամեն կերպ խթանելու ենք այգեգործությունը՝ սկսած արտոնյալ պայմաններով բարձրորակ տնկիների տրամադրումից, վերջացրած ջրախնայողական համակարգերի տեղադրմանը մեր համակողմանի աջակցությամբ:
Կան նաեւ մի շարք ծրագրեր, որոնք միտված են մթերատվության բարձրացմանը:
Բուսաբուծության ոլորտում պետական աջակցություն ակնկալողների համար պարտադիր ենք դարձնելու ցանքաշրջանառության կիրառումը, ինչին է հենց նպատակաուղղված 2018թ. գարնանացան մշակաբույսերի ցանքաշրջանառության խթանման ծրագիրը:
Մենք ամեն կերպ օժանդակելու ենք այն համայնքներին ու մենատնտեսներին, որոնք պատրաստ կլինեն գյուղատնտեսություն վարել ագրոկանոնների խստիվ պահպանմամբ: Կանոնակարգված գյուղատնտեսության վարումը պետք է դառնա պարտադիր:

Կուզենայի հատկապես շեշտել՝ Արցախում չմշակվող հող չպետք է մնա, ինչի համար որոշակի քայլեր ենք ձեռնարկելու (նաեւ՝ իրավական ակտերում համապատասխան փոփոխությունների տեսքով): Ունենք նաեւ արոտավայրերի վերականգնման ընդգրկուն ծրագիր, որն իրականացնելու համար համայնքների հետ ծավալուն աշխատանքներ ենք տանում: Ընդլայնելու ենք կերարտադրությունը: Նպաստելու ենք, որ ձմռան շրջանում անասնապահությունն իրականացվի բացառապես մսուրային պայմաններում, իսկ ամառային շրջանում՝ միայն արոտավայրերում: Շարունակվելու են ոռոգման համակարգում բարեփոխումները եւ բույսերի պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

 

Հարցազրույցը՝
ՍՐԲՈՒՀԻ ՎԱՆՅԱՆԻ

«Առավոտ»

02.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031