Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնարկ 1998թ. իշխանափոխության շուրջ

Դեկտեմբեր 04,2017 12:30

1998թ. փետրվարի 3-ին հրաժարական տվեց ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Այս իրադարձությանը նախորդեցին եւ հաջորդեցին իշխանության մի շարք այլ ներկայացուցիչների, մասնավորապես ԱԺ նախագահ Բ. Արարքցյանի, արտգործնախարար Ալ. Արզումանյանի եւ այլոց հրաժարականները։ Եվ այսպես, ի՞նչ էր տեղի ունեցել 1998թ. փետրվարին Հայաստանում. տեղի էր ունեցել պալատական հեղաշրջում, իշխանության անարյուն փոխանցում, որով իշխանության մի թեւը՝ գլխավորությամբ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի, իր տեղը զիջել էր մյուս, այսպես կոչված՝ ուժային թեւին (բանակ, ոստիկանություն, ներքին զորքեր)՝ գլխավորությամբ Վազգեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանի, վարչապետ Ռոբերտ Քոչարյանի եւ նրանց աջակից ղարաբաղյան ռազմական էլիտայի։ Սույն իրադարձության բուն էությունը հասկանալու համար թերեւս պարտադիր է քննել դրա խորքային պատճառները։ Խորքային պատճառների փնտրտուքը մեզ տանում է դեպի 1996թ., առավել կոնկրետ՝ դեպի այդ տարվա նախագահական ընտրությունները։ Հենց դրան հաջորդող շրջանից է սկսվում ներքաղաքական ճգնաժամը եւ դրվում հակասությունների սկիզբը։ Վերոհիշյալ նախագահական ընտրություններում Լ. Տեր-Պետրոսյանը վերընտրվեց մեծագույն դժվարությամբ։ Նրա հաղթանակի գործում խիստ նկատելի էր ուժային կառույցների՝ պաշտպանության նախարարության, ՆԳՆ-ի, Ազգային անվտանգության պետական վարչության աջակցությունը։ Հիշյալ կառույցների ղեկավարներ Վազգեն Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը եւ Սերժ Սարգսյանը հանդիսանում էին Տեր-Պետրոսյանի զինակիցներ եւ նրա հաղթանակի երաշխավորներ։ Այս կառույցների եւ նրանց ղեկավարների միջամտությամբ էր, որ ընտրություններին հաջորդած բողոքի զանգվածային ալիքը, ցույցերն ու խռովությունները (հատկապես ԱԺ-ի դեպքերը) ճնշվեցին եւ ներքաղաքական իրավիճակը խաղաղվեց։

Այս տեսակետից հիշարժան է հատկապես ԱԺ-ի հայտնի դպքերին հաջորդած ասուլիսը, ուր Վազգեն Սարգսյանը նշում էր. «Այս ամենից հետո, եթե անգամ իրենք (ընդդիմությունը) 100% ձայն էլ հավաքեին, ուժային կառույցները նման քաղաքական ղեկավարություն չեն ընդունել եւ չեն ընդունի», իսկ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ «այսօր խայտառակվեցինք մի խումբ բախտախնդիրների իշխանատենչության պատճառով եւ խայտառակությունը արյունահեղության չվերածվեց միայն ու միայն հանրապետության նախագահի սառնասիրտ կեցվածքի պատճառով»: Սա գալիս էր հաստատելու այն փաստը, որ ընտրություններում Տեր-Պետրոսյանը տարել է առնվազն կասկածելի հաղթանակ եւ իշխանությունը պահել միայն ուժային կառույցների բացահայտ աջակցությամբ։ Իսկ դա նշանակում էր ուժային կառույցների դերի խիստ բարձրացում քաղաքական դաշտում։ Համաժողովրդական շարժման ալիքի վրա իշխանության եկած եւ շուրջ 83% ձայն ստացած նախագահի կերպարի համար սա ծանրագույն հարված էր։ Այս առիթով Տեր-Պետրոսյանը հետագայում նշել է. «Այս ընտրություններում շահած շուրջ 52% ձայնն ավելի թանկ եմ գնահատում, քան նախորդ ընտրությունների 83%-ը»։

Հետագայում Տեր-Պետրոսյանը պահը հարմար գտավ Քոչարյանին Հայաստան բերելու եւ վարչապետի թափուր պաշտոնում նրան նշանակելու համար։ Դրանով նա մի քանի խնդիր էր լուծում։ Նախ՝ դրանով ավարտին էր հասցնում հավատարիմ գործիչներով իրեն շրջապատելու պլանը, իսկ Քոչարյանից հնազանդությունը ակնկալվում էր իբրեւ վարձատրություն իրեն քաղաքական ավելի բարձր մակարդակի վրա դնելու համար։ Ապա շահում էր արցախցիների համակրանքը եւ Հայաստանում՝ ի դեմս Քոչարյանի, ստեղծում էր հակակշիռ հին քաղաքական գվարդիայի՝ Սիրադեղյանի, Արարքցյանի, Վ. Սարգսյանի դեմ։

1996թ. դեկտեմբերի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովից հետո, ուր Լ. Տեր-Պետրոսյանը վետո դրեց Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակը որոշող նախագծի (հեղինակ՝ Ֆլավիո Կոտտի) վրա, ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտող կողմերին ներկայացրեց ԼՂ հարցի կարգավորման 2 առաջարկ՝ փուլային եւ փաթեթային տարբերակները։

Փուլային տարբերակը ԼՂ կարգավիճակի վերջնական ամրագրումը թողնում էր ապագային, իսկ առաջին փուլում վերացվում էին պատերազմական հետեւանքները, այդ թվում՝ շրջափակումները։ Որպես դրա երաշխիք դիտարկվում էր հայկական կողմից գրավյալ 6 շրջանների վերադարձը, 1-ը՝ Լաչինը պահպանելու պայմանով։ Հետ վերադարձվող շրջաններում նախատեսվում էր միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում, որն ամրագրվել էր դեռեւս 1994թ.-ին՝ ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովում։ Հայկական կողմը ձգտում էր բանկցությունները վարել «5+2» ձեւաչափով, որով պահվելու էր նաեւ Քելբաջարը։ 1997-ի դեկտեմբերին Կոպենհագենում տեղի ունենալիք ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը Ղարաբաղի պատվիրակության մասնակցությունն ապահովելու համար Մինսկի խմբի համանախագահողները գրավոր տեղեկացրել էին հայկական կողմին, որ պատրաստ են երկրորդ փուլ տեղափոխել նաեւ Քելբաջարի հարցը: Հաջող բանակցություններից հետո ստորագրվող փաստաթղթերը, այդ թվում նախնականը, պիտի հաստատվեին ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, այսինքն, ստանալու էին միջազգային հանրության ամենագործուն եւ կայուն երաշխիքները։  Ընդհանրացնելով՝ պետք է նշենք, որ այս տարբերակը պատերազմական իրավիճակի վերացման, վերջնական խաղաղության հաստատման մի մոդել էր՝ ամրագրված միջազգային հստակ երաշխիքներով, որ հստակ ճանապարհ էր բացում դեպի վերջնական հաշտության պայմանագրի կնքման եւ Լեռնային Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչման համար։

Փաթեթային տարբերակը ներկայացնում էր ԼՂ հակամարտության կարգավորման համապարփակ նախագիծ, որ խնդրի լուծումը պատկերացնում էր իրավիճակի ակտիվ սառեցմամբ, զորքերի՝ 2 փուլով դուրսբերմամբ եւ խնդրի համընդհանուր կարգավորմամբ։ Ղարաբաղը սահմանափակվում էր նախկին ԼՂԻՄ տարածքում, բացառությամբ Լաչինի միջանցքի, որը պետք է օգտագործվեր ոչ ռազմական նպատակներով։ Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակը նախատեսվում էր Ադրբեջանի կազմում նրան տրվող լայն ինքնավարությամբ (սեփական ֆինանսներ, ոստիկանություն, ազգային գվարդիա եւ այլն)։ Այսինքն՝ ճանաչվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Տեր-Պետրոսյանն ու իր աջակիցներն այդ հարցում որդեգրել էին խաղաղության, փոխզիջման, վերջնական հաշտության ճանապարհը, այսինքն՝ մեթոդների այն ամբողջությունը, որն ընկած էր խնդրի կարգավորման փուլային տարբերակի հիմքում։ Փոխարենը՝ խնդրի կարգավորման ոչ փոխզիջումային, ակտիվ սառեցման եւ ստատուս քվոյի պահպանման տարբերակին կողմնակից էին Տեր-Պետրոսյանի բնորոշած «իշխանության ձեզ հայտնի մարմինները»՝ իշխանության ռազմական թեւը։ Այսպիսով ներքաղաքական սուր հակասությունների արդյունքում ծնունդ առած ճգնաժամը մոտենում էր իր հանգուցալուծմանը, եւ ԼՂ կոնֆլիկտի կարգավորման շուրջ առկա հակասությունները նախագահի հետ իշխանափոխությունը ավարտին հասցնելու բարեպատեհ առիթ էր։

1998թ. փետրվարի 3-ով ավարտվեց մի ողջ դարաշրջան՝ իր վերելքներով ու վայրէջքներով, իրեն հատուկ պետական մտածողությամբ, պետության ընկալմամբ, պատերազմի եւ խաղաղության հստակ ըմբռնմամբ։ 1998թ.-ի արտահերթ նախագահական ընտրություններում 2-րդ փուլով հաղթեց ՀՀ վարչապետ, ՀՀ նախագահի պաշտոնակատար Ռոբերտ Քոչարյանը, ով ձայների 59%-41% հարաբերակցությամբ պարտության մատնեց ՀԿԿ Կենտկոմի նախկին 1-ին քարտուղար Կարեն Դեմիրճյանին։ Ապրիլի 9-ին Ռ. Քոչարյանը ստանձնեց պաշտոնը։ ՀՀ-ն հայտնվեց բոլորովին նոր պայմաններում՝ նոր խնդիրներով, նպատակներով, տեսլականներով։

ԼՂ կոնֆլիկտի կարգավորման հիմքում դրվեց ստատուս քվոյի՝ անորոշ ժամանակով ձգձգման, իրավիճակի ակտիվ սառեցման քաղաքականությունը։ Լեռնային Ղարաբաղը՝ որպես բանակցային կողմ, դուրս մղվեց բանակցային պրոցեսից, ինչն անշրջելի վնաս հասցրեց հայկական կողմին եւ մեծապես դժվարացրեց հետագա առաջընթացը։ Արտաքին քաղաքականության մեջ առավել նկատելի դարձավ ռուսական կողմնորոշումը, որն արտահայտվեց տարատեսակ պայմանագրերի ու պարտավորությունների ստորագրմամբ։ Դրանց գագաթնակետը, անշուշտ, «գույք պարտքի դիմաց» ծրագիրն էր։ 1998-ի սեպտեմբերին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 53-րդ նստաշրջանում իր ունեցած ելույթում Քոչարյանն ամրագրեց արտաքին քաղաքականության եւս մեկ հիմնարար սկզբունք՝ Ցեղասպանության միջազգային ճանաչումը՝ կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ներքին քաղաքականության մեջ օգտագործվող սկզբունքները, իրենց հիմնական որոշ գծերով, այսօր էլ շարունակում են պահպանվել։

Այսպիսով, 1998-ի իշխանափոխությունը խաղաղության եւ պատերազմի ըմբռնման, պետության զարգացման շուրջ առկա պատկերացումների համակարգի գլխիվայր փոփոխություն էր։ Սրանով սկիզբը դրվեց պատմության մի շրջափուլի, որ այս կամ այն չափով, հատկապես գաղափարախոսական առումով շարունակվում է առ այսօր։ Ազգայնամոլական գաղափարախոսությունը, որ դրվեց պետական մտածելակերպի հիմքում, փոխարինեց ռացիոնալիզմին։ Արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար ընտրվեց հասարակության միլիտարիզացիայի տարբերակը, որը ընկած է ներկայիս «Ազգ-բանակ» կոնցեպտի հիմքում։

 
ԱՎԵՏԻՍ ԿԱՐԵՅԱՆ

 ԵՊՀ պատմության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող

«Առավոտ»

02.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031