ՕՐՕ դաշինքի անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հիշում է, որ դեռ իր՝ ԱԺ պատգամավոր եղած տարիներին, երբ հանդիպել էր այն ժամանակվա ՊՆ նախարար Սեյրան Օհանյանին, դեռ այդ ժամանակ է Օհանյանից լսել դժգոհություններ երկրում ստեղծված իրավիճակի մասին:
«Այդ դժգոհությունը լսել եմ, այդ պետական մտածողությունը տեսել եմ, իր տեսակետները լսել եմ, այդ առումով որեւէ նորություն չկա: Դրա համար էր ամբողջ տեղեկատվական դաշտը, այդ թվում նաեւ որոշ «ընդդիմադիրներ»՝ իշխանության կողմից ուղղորդված, նրա դեմ քարոզարշավ տանում: Սեյրան Օհանյանը շատ վաղուց բացասական գնահատականներ ուներ մի շարք վատ երեւույթների նկատմամբ, որոնք մեր պետականության հիմքերը քայքայում էին»,- անդրադառնալով «զինված խմբի» գործով ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ու խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի միջեւ տեղի ունեցած զրույցի գաղտնալսման վերծանման արձանագրությանը՝ ասաց Սրմեն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ ըստ հրապարակված վերծանումների՝ Վահան Շիրխանյանը պատմում էր, որ զրուցել է այն ժամանակվա ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի հետ, վերջինս, ըստ արձանագրության, հավաստիացրել էր Շիրխանյանին, որ ժողովրդին դեմ դուրս չի գա, իսկ, երբ «Սերժ Սարգսյանը վարի գնաց, ամեն ինչ կանցնի Սերյանի ձեռքը, նա միանգամից կշարժվի մեր ասածով»:
«Սեյրան Օհանյանը կադրային սպա է, իսկ կադրային սպայի պատվի կոդեքսը խոսում է այն մասին, որ միշտ պետք է ժողովրդին ու հայրենիքին նվիրված լինի: Այն որ Սեյրանը Օհանյանը ժողովրդի կողքին կկանգներ, նոր չպետք է կանգներ, նա 1988-ից սկած է ժողովրդի կողքին կանգնել՝ մասնակցելով Արցախի ազատամարտին, լինելով խորհրդային միության կադրային սպա, ունենալով շատ ավելի լավ հեռանկար, ինչն առաջարկվել է ժամանակին, իսկ ինքը ժամանակին չի ընդունել, գնացել է Արցախ ու հայրենակիցների կողքին է եղել»,- շարունակեց Արմեն Մարտիրոսյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ