Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը պնդում է, որ Սեֆիլյանի ու մյուսների գործով ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանին իր պաշտպանյալը չի ճանաչում:
«Սեֆիլյանն իրեն չի էլ տեսել, չի էլ ճանաչել, ինքն իր ցուցմունքում ասում էր, որ գնացել է Սեֆիլյանենց տուն, Սեֆիլյանենց գրասենյակ, բայց ո՛չ Սեֆիլյանի գրասենյակի մարդիկ են իրեն ճանաչում, ո՛չ Սեֆիլյանի տնեցիներն են ճանաչում, ո՛չ էլ՝ Սեֆիլյանը»,- Aravot.am-ին ասաց Տիգրան Հայրապետյանը:
Ըստ փաստաբանի՝ իր պաշտպանյալը կապ չունի զենքերի հետ: Հիշեցնենք, որ Հովհաննես Պետրոսյանն իր դատաքննական ցուցմունքում հայտնել էր, որ իշխանափոխության նպատակով զենքերը վերցրել է ամբաստանյալ Հրայր Թոփչյանից, բայց Սեֆիլյանի հետ պայմանավորվածության արդյունքում:
«Հիմա երկու հոգի տալիս, առնում են, չգիտեմ էլ՝ ով է տվել, ով է առել: Ըստ Հրայր Թոփչյանի՝ իր զենքերն է եղել, տվել է, որ Պետրոսյանը պահի: Այս ամենը իմ պաշտպանյալի հետ որեւէ կապ չունի… այդ իշխանափոխության գաղափարը մտցված է, որ Սեֆիլյանին բերեն, կպցնեն այդ գործին, թատերական ներկայացում է իշխանափոխության գաղափարը, բա ինչու չեղավ իշխանափոխությունը: Հետո դուք հավատո՞ւմ եք, որ Սեֆիլյանն այնքան անմիտ է, որ երկու ավտոմատով իշխանափոխություն պետք է կատարեր կամ գրավեր հեռուստաաշտարակը, ձեզ թվում է հենց հեռուստաաշտարակը գրավեր, իշխանափոխություն պետք է լինե՞ր: Այսօր ինտերնետային կայքերը որեւէ կերպ չեն զիջում հեռուստատեսությանը, շատ անտրամաբանական է»,- ասաց փաստաբան Հայրապետյանը:
Հովհաննես Պետրոսյանի պաշտպան՝ փաստաբան Արսեն Մկրտչյանը անդրադառնալով Հայրապետյանի պնդումներին, թե Սեֆիլյանը չի ճանաչել իր պաշտպանյալ Հովհաննես Պետրոսյանին, ասաց. «Եթե նույնիսկ որոշակի շփումներ եղել են, ինչ է նշանակում, որ այդ քրեական գործը լրիվ արժանահավա՞տ է ու այդ մեղադրանքները ճ՞իշտ են: Այսօր մենք վարկած ենք առաջ քաշում, հեղինակներից մեկն էլ ես եմ, որ եթե զենքերը նպատակային օգտագործման համար պիտանի չեն եղել, ինչ հեղափոխության ու խմբի մասին է խոսքը գնում: Այդ դեպքում կարելի է ՀՀ բնակչության 90 %-ին նույն մեղադրանքով տանել, որովհետեւ խոհանոցներում բոլորն էլ իշխանություններից դժգոհություն են հայտնում, սա զավեշտալի գործերից է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
ուրեմն, Սեֆիլյանը, իր շրջապատն ու ընտանիքը, եւ իր – բառին վարդապետական իմաստով – երկրպագուները, միշտ ու տեւաբար, բացառապէս եւ բացարձակապէս՝ միայն ճշմարտութիւնն են խօսում:
իսկ ոեւէ անձ որ որեւէ բան ասի իրենց հաշւոյն չի գար՝ անպայմա՛ն որ կրնայ միայն ստախօս լինել, առաւել անշուշտ Պետութեան գործակալը – ինչ որ արդէն նոյն բանն է նշանակում, հա՞… –
պարզ է, սիրելի փաստաբան… ինչպէս որ շատ ծանօթ է թէ փաստաբանները տեւաբար ճշմարտութիւնն են ասում…
իսկ այն ինչ կը վերաբերի զինամթերքի քանակին մասին՝ ուրեմն, տրամաբանութիւնը այն է թէ Պետութիւնը պէտք է սպասէր որ աւելի շատ զէնքեր եւ ռումբեր ունենային բացայատօրէն ապստամբութեան յայտարարած եւ հարթակներու վրայն տեւաբար բռնութիւն քարոզող անձերին, առաջ որ անոնց ներկայացուցած վտանգը չէզոքացնէ…
որքա՞ն պէտք է որ այդպէս սպասէին իրավապահ մարմինները… ոհ, արդեօ՞ք մինչեւ որ ոստիկանատան մը վրայ յարձակին, պատանդներ բռնեն եւ ոստիկաննե՞ր սպանեն… սակայն անհնար է այդպիսի բաներ երեւակայել, չէ՞… ստախօսութի՜ւն կը լինի…
տարրական իրականութեան հետ որեւէ կապ պահա՞ծ էք…