«Երբ ասում են՝ Հովհաննես Պետրոսյանը ռեժիմի կամ իշխանությունների կողմից է ուղարկված, չեմ հավատում, որովհետեւ իշխանությունները կարող էին ավելի զորեղ, ազդեցիկ մարդ ուղարկել: Հովհաննես Պետրոսյանի ապրելակերպից, վիճակից չի՞ երեւում, որ իշխանություններից որեւէ շահ չի ունեցել, միայն ակնկալիքն եղել է այն ամբաստանյալները, որոնք այսօր իր հետ դատարանում պատասխանատվության են կանգնած»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ժիրայր Սեֆիլյանի ու մյուսների գործով ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը՝ անդրադառնալով իր պաշտպանյալի հասցեին հնչող «Սեֆիլյանի գլխին գործ սարքող», «դավաճան», «ռեժիմի մարդ» պիտակավորումներին:
Փաստաբանի կարծիքով, անհեթեթություն էր Սեֆիլյանի գործը միացնել զենք տեղափոխելու գործին. «Թե ինչ կապ ունեն Սաֆարյանը, Սեֆիլյանը ու մի քանի չունևոր տղաներ, որոնք երկու հատ ժանգոտ ավտոմատ են տեղափոխել, թյուրիմացություն է:
Հովհաննեսի դեմ արշավ է սկսվել, որովհետեւ նրա մարտավարությունը տարբերվում է այս գործով մեկ այլ ամբաստանյալ Հրայր Թոփչյանի մարտավարությունից: Նախաքննության փուլում նա այլ ցուցմունքներ էր տվել, դատարանում հրաժարվեց… ես կարող եմ ասել հոգեբանական ճնշումներ են կիրառվել բոլոր ամբաստանյալների, այդ թվում՝ Հովհաննես Պետրոսյանի նկատմամբ: Այն անձը, որը իր ընտանիքի միայն կերակրողն է ու հայտնվում է իրավապահների ձեռքում եւ դրանից հետո իրեն բացատրում են՝ այսպես ասա, թե չէ այսպես կլինի եւ այլն, ամեն մեկն ընտրում է իր մարտավարությունը: Սխալ է Պետրոսյանին մեղադրել, որովհետեւ ինքը այդպես է հարմար գտել, չեմ կարծում, որ նա տալիս է այն ցուցմունքները, որոնք նախապես մտածել է, ինքը մտածում է՝ եթե հրաժարվի իր ցուցմունքներից, ինչպես Հրայրն է անում, դատական ակտում կարող է բացասական հետեւանքներ ունենա»:
Փաստաբանը հստակեցրեց՝ հոգեբանական ճնշումներ ասելով՝ նկատի ունի ոչ միայն վարույթ իրականացնող մարմնին, այլեւ այս գործով մյուս ամբաստանյալներին: «Թե ոնց են կարողացել մարդկանց ուղեղի մեջ մտցնեն, որ Պետրոսյանը ռեժիմի մարդն է, ռեժիմի մարդը քյասիբ չլինում, իշխանության մարդը ինչ-որ մի բան իշխանությունից ստացած է լինում: Ինչ կարող էր Պետրոսյանը ստացած լինել իշխանություններից, որն այսօր չերեւար, չորս հոգով ապրում են մեկ սենյականոց բնակարանում ու այդ ընտանիքի միակ կերակրողն ինքն էր»,- հավելեց փաստաբան Մկրտչյանը:
Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ ձեր պաշտպանյալը հոգեբանական ճնշումների պատճառով է Սեֆիլյանի դեմ ցուցմունք տալիս: Հիշեցնենք, որ նա ուրբաթ օրը ցուցմունք տալիս դատարանում հայտնեց, որ Սեֆիլյանի հետ մի տեւական ժամանակ նամակագրական կապ է ունեցել, իսկ Հրայր Թոփչյանից վերցված զենքերն էլ Սեֆիլյանի հետ պայմանավորվածության արդյունքում է եղել:
Ի պատասխան մեր հարցին՝ փաստաբանն ասաց. «Ես կարող եմ դատել գործի նյութերից, որ Սեֆիլյանը ցուցմունք չի տալիս, իսկ Պետրոսյանը ցուցմունք է տալիս՝ ասելով, որ շփվել է Սեֆիլյանի հետ: Ոչ մի երաշխիք չունեմ ասելու, շփվել են, թե չեն շփվել: Ըստ իմ պաշտպանյալի, այո, շփումներ են ունեցել, թե ինչքանով է դա համապատասխանում իրականությանը, գնահատական կտա դատարանը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ