2015 թվականին Նորք Մարաշում վնասազերծված «զինված խմբի» գործով դատական նախորդ նիստին հրապարակված ամբաստանյալներ Վահան Շիրխանյանի եւ Արթուր Վարդանյանի զրույցի գաղտնալսումների վերծանումների վերաբերյալ Վահան Շիրխանյանն իր դիրքորոշումը կհայտնի առաջիկայում: Այս մասին ասաց նրա պաշտպան Հայկ Ալումյանը:
«Իր ցուցմունքում մանրամասն կասի այն, ինչը ինքը գտնում է անհրաժեշտ: Այդ ձայնագրությունն արվել է գաղտնի, իսկ մեկ այլ քրեական գործով Վճռաբեկ դատարանի կայացրած որոշում կա, որում ասվում է՝ գաղտնի ձայնագրությունը չի կարող օգտագործվել որպես ապացույց ու դրվել մեղադրանքի հիմքում: Այս ձայնագրությունը որպես ապացույց չի կարող օգտագործվել, դրա վրա վարկածներ չեն կարող կառուցվել: Բացի այդ, ձայնագրության՝ գործում հայտնվելու պահին ոչ ոք հստակ ապացույց չուներ՝ ում միջեւ է խոսակցությունը գնում, այսինքն՝ չկա գործի մեջ այնպիսի նյութ, որից վստահաբար կարելի կլիներ ասել՝ այո այս խոսակցությունը Վահան Շիրխանյանի ու Արթուր Վարդանյանի միջեւ է, այսինքն, մինչեւ հիմա հետազոտված ապացույցները նման հիմք մեզ չեն տալիս ասելու: Այդ ձայնագրություն վերծանողը թղթի վերեւում գրել է Վահան Շիրխանյանի, Արթուր Վարդանյանի եւ Լիլիթի միջեւ խոսակցություն ու տակը վերծանում արել, այսինքն, այդ վերծանողը փորձագետ չի եղել, որ ասի՝ ում խոսակցություններն են, ինքն իր անունից այդպես է համարել: Ի դեպ, մինչեւ այդ՝ Վահան Շիրխանյանը հարցաքննված էլ չի եղել, որ գոնե ձայնը նմանեցրած լինեին, այսօրվա դրությամբ այդ ձայնագրությունը չի էլ հրապարակվել, հրապարակվել է միայն ձայնագրության վերծանումը: Այնպես որ, երբ ապացույցներ էլ կլինեն, որ այդ խոսակցությունն այդ երեքի միջեւ էր, դրանից հետո Վահան Շիրխանյանն իր մեկնաբանություններ կանի այդ խոսակցության վերաբերյալ, դրանից հետո էլ, երբ հստակ համոզված կլինենք, որ ոչինչ մոնտաժված չէ, դրանից հետո ավելի մանրամասն կխոսենք»,- Aravot.am_-ին ասաց Հայկ Ալումյանը:
Մի հատված ենք հրապարակում նշված զրույցի ձայնագրության վերծանման արձանագրությունից:
Արթուր Վարդանյան. «Ինքը գիտի՞ կոնկրետ, որ կարող ա նման բան լինի՝ Սեյրանը»:
Վահան Շիրխանյան. «Ես իրան ասել եմ: Ոչ թե քո հետ կապված, այլ ասել եմ՝ ժողովրդի ատելությունը էնքան մեծ է, որ մի օր մեկ էլ հեռուստացույցով կլսես, որ էսպիսի բան է եղել: Ի՞նչ ես անելու: Ասեց՝ ես ժողովրդի դեմ դուրս չեմ գա»:
Արթուր Վարդանյան. «Կարա՞ պահի բանակը, որ հանկարծ տանկերը փողոց չելնեն…Նենց ա, որ հաղթանակ լինելու ա, բայց իզուր զինվորի արյուն ա թափվելու»:
Վահան Շիրխանյան. «Չէ, ոչ մի տանկ փողոց դուրս չի գա»:
Արթուր Վարդանյան. «Իսկ ներքին զորքերը՞»:
Վահան Շիրխանյան. «Եթե դա չվերածվի քաղաքի մեջ կռվի…»:
Արթուր Վարդանյան. «Եթե դաժե էդ ձև լինի, էլի պաշտպանության նախարարությունը չպիտի խառնվի»:
Հայկ Ալումյանից նաեւ հետաքրրքվեցինք՝ իսկ նախաքննության փուլում ինքն ու իր պաշտպանյալը լսե՞լ են նշված ձայնագրությունը, ձայների նույնականացում կատարե՞լ են. «Ո՞վ ասաց՝ չենք լսել…եթե մենք ամբաստանյալներին հարցաքննենք, ու իրենք կասեն՝ սա մեր խոսակցությունն է կամ կունենանք փորձագիտական եզրակացություն, որ դա իրենց խոսակցությունն է, դա նորմալ է, բայց մինչեւ այդ ցանկալի է վերապահումով ասել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ