Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ քաղցն է վրա տալիս (պատմվածք)

Դեկտեմբեր 03,2017 15:17

-Մի աշխատանքային ընկեր ունեի,-մի օր, ընկերական հավաքույթում,պատմեց մեզ Փայլակը,-որը սիրում էր ոչ ստանդարտ արարքներ իրականացնել:

Այդ օրը նա մոտեցավ ինձ ու հետևյալ առաջարկությունն արեց.

-Փայլա՛կ ջան, որոշել եմ, առաջիկա  հանգստյան օրը, ավտոբուսով գնալ Գառնի, իսկ այնտեղից ոտքով բարձրանալ սարերը, մինչև կհոգնեմ, որից հետո կհանգստանամ ու ետ կվերադառնամ Գառնի, այնտեղից էլ՝ նորից ավտոբուսով կգամ Երևան, դու կընկերակցե՞ս ինձ:

Ճիշտ է, ես այնքան էլ լավ չէի վերաբերվում Սերգեյի տարօրինակ թվացող արարքներին, բայց այս անգամ ինձ մոտ էլ առաջացավ գայթակղություն՝ իրականացնելու նրա առաջարկած ժամանցի այդ հետաքրքիր տեսակը:

Ես, իհարկե, նախապես հաշվի առնելով, որ մեր ճամփորդությունը բավականին երկար է տևելու, այդ երեկո մայրիկիս խնդրեցի մի փոքրիկ ուտելիքի կապոց  պատրաստել՝մեր հանգստի ընդմիջմանը այն ճաշակելու համար:

Մայրս էլ, առիթը բաց չթողեց և բավակնին համեղ ու խայտաբղետ ուտելիքներից բաղկացած կապոց պատրաստեց:

Հաջորդ առավոտյան Սերգեյի հետ մենք հանդիպեցինք Գառնի տանող ավտոբուսի կայանում և ճանապարհ ընկանք: Իսկ մինչ այդ, Սերգեյը տեսնելով ձեռքիս կապոցը հետաքրքրվեց, թե այդ ինչ եմ վերցրել հետս:

-Ճաշելու պարագաներ,-պատասխանեցի ես:

-Պա՛հ, պա՛հ, այդ ինչքա՞ն ենք մնալու ճանապարհին, որ սովածանանք,-արհամարհական տոնով ասաց Սերգեյը,-ես կուշտ նախաճաշել եմ և մինչև երեկո ինձ կբավականացնի,-հաճելիորեն շոշափելով դուրս ցցված որովայնը, իրենից գոհ, ավարտեց խոսքը նա:

-Դու չես ուտի, ես մենակ կուտեմ,-պատասխանեցի ես:

-Իսկ ես չեմ թողնի, որ ուտելու վրա իզուր ժամանակ վատնես և մենք մեր վայելքի ժամանակն անտեղի կորցնենք,-արհամարհական տոնով  արձագանքեց  նա:

Շուտով ավտոբուսը ճանապարհ ընկավ և մենք մոտ մեկ ժամից, արդեն գտնվում էինք Գառնու տաճարից դեպի ներքև տանող ձորում: Մեր նախընտրած արահետը բավականին քարքարոտ էր ու նեղ, որը դժվարացնում էր վայրէջքը: Ձոր իջնելուց հետո, մեզ անհայտ արահետով շարունակեցինք մեր վերելքը դեպի բարձունքի կատարը:

Վերելքը բավականին դժվար էր, որի պատճառով մեկ-մեկ ընդմիջում էինք անում, նստում պատահական, հարմար քարի վրա, հանգստանում, զմայլվում գեղեցիկ բնության հրաշալիքներով, ապա նորից շարունակում ճանապարհը:

Դեռ վերելքի ճանապարհի կեսը չէինք անցել, սարի մաքուր օդը երևի ազդեց Սերգեյի ախորժակի վրա և նա դիմելով ինձ ասաց.

-Այդ կապոցդ ծանր չի՞, տուր մի քիչ էլ ես տանեմ:

-Չեմ տա,- առարկեցի ես,- դու արհամարհում էիր իմ նախաձեռնությունը, կապոցը տանես, հետո հետս ճաշե՞ս:

-Չես տա, զոռով կվերցնեմ  ձեռքիցդ, դու հո գիտես, որ բռնցքամարտի  պարապմունքների եմ հաճախում և լավ տիրապետում եմ հակառակորդին նոկաուտի ենթարկելու հնարքներին, բացի դրանից, ես քեզանից քսան սանտիմետր բարձր եմ, տասնհինգ կիլոգրամ էլ՝ ծանր: Այս պարամետրերը քեզ ոչինչ չեն հուշու՞մ,-հոխորտանքի պես լրջորեն նետեց Սերգեյը:

-Բա, դու ասում էիր, թե այս ինչո՞ւ ես բերել, շուտով կվերադառնանք,- մի տեսակ խեղճացա ես:

-Արի, այս ամայի տեղում չվիճաբանենք, թե չէ գիտես, ինչով կվերջանա մեր լեզվակռիվը:

-Լա՛վ,-համաձայնեցի ես,-վերցրու, բայց մյուս անգամ մեծ-մեծ չխոսես:

Կապոցը հանձնեցի Սերգեյին և թեթևացած շարունակեցի վերելքը:

Շատ էինք գնացել, թե քիչ, ինչպես հեքիաթներում է լինում, հասանք բարձունքի կատարին և հանկարծ լերկ սարի գագաթի  գողտրիկ մի անկյունում մի քանի ծառեր նկատեցինք և երբ մոտեցանք,դրանց ստվերում երևացին կոպիտ փայտից պատրաստված նստարաններ, երկարավուն սեղանու ջրի բարակ շիթով ծորացող խողովակ, իսկ քիչ այն կողմ էլ աչքի ընկավ նաև խորոված պատրաստելու հարմարանքները:Երևում էր, որ  այս ամենը մոտիկ գյուղերից մեկի բնակիչներն էին կահավորել այդտեղ ամռանը խնջույքներ անցկացնելու համար:

-Հենց այստեղ էլ կճաշենք,-ասացի ես:

-Կարելի է,-ուրախացած իմ առաջարկից, իսկույն աշխուժացավ Սերգեյը ու պարզելով ինձ գայթակղիչ կապոցը, շարունակեց,-քո բերածն է, դու էլ բաց արա ու նախապատրաստիր սեղանը:

Մի փոքր շունչ քաշելուց ու սառը ջուր ըմբոշխնելուց հետո, ես, որպես կապոցի լիիրավ տեր, այն բացեցի, միջից հանեցի սփռոցը, փռեցի սեղանին,որի ընթացքում նկատեցի Սերգեյի աչքերի խորամանկ փայլը, նրա վրա դասավորեցի ուտելիքի խնամքով փաթեթավորված մասերը, որոնց միջից հանեցի ուտելիքները, իսկ վերջում, մի քանի շերտով փաթաթած կապոցը սկսեցի քանդել:

-Այդ ի՞նչ է, որ այդքան խնամքով ես փաթաթել,-անհամբերությունից նեղված, հարցրեց Սերգեյը:

-Կեցցե ալկոհոլը,-բարձրաձայնեցի ես ու սեղանին դրեցի երկուհարյուր հիսուն գրամանոց օղու փոքրիկ տափաշիշը:

Տեսնելով օղու շիշը, Սերգեյի աչքերը զարմանքից փայլատակեցին, աշխույժ տեսք ստացան և նա  զարմանքից բացականչեց.

-Դու տաղանդ ես, իմ բարեկամ, արի քեզ գրկեմ,- այդ ասելով, նա մոտեցավ ինձ, իր հսկա ձեռքերի մեջ առավ իմ համեմատաբար փոքրիկ մարմինը և սեղմեց կրծքին:

Ես մի կերպ ազատվեցի նրա գրկից և առաջարկեցի սեղան նստել:

Երբ ավարտեցինք մեր բացօթյա  ճաշկերույթը, Սերգեյը, հաճելիորեն շոյելով որովայնի դուրս ցցված մասը դիմեց ինձ.

-Լսի՛ր, Փայլա՛կ, սրանից հետո ես քեզ ավելի եմ հարգելու, դու հանճարեղ կանխատեսում էիր արել, ինչպե՞ս դու կռահեցիր, որ մենք սովածանալու ենք ու այս բարիքները բերեցիր՝ մեզ փրկելով սոված մնալու չարիքից, հա, այդ ուտելիքի մնացորդներն էլ չթափենք, կպահենք, մինչև հետ դառնալը, բան է, երբ նորից սովածանանք, կօգտվենք դրանից, ով գիտի ինչքան կտևի մեր վայրէջքը ու տուն հասնելը, իսկ օղու մասին ավելորդ եմ համարում գովաբանելը, դա մտահղացման գագաթնակետն էր, հա չմոռանամ ասել, որ տուն հասնես, մայրիկիդ անպայման շնորհակալություն կհայտնես իմ կողմից:

Ավարտելով իր ճառը, Սերգեյը սկսեց մեկիկ-մեկիկ տոպրակում դասավորել ուտելիքի մնացորդները ու այն նորից իր մոտ պահեց մինչև մեր Գառնի վերադառնալը:

Ճաշելուց ու հանգստանալուց հետո, մենք շարունակեցինք մեր ճանապարհը, ինչպես պայմանավորվել էինք՝ մինչև հոգնելը:

Երբ բավական հոգնել էինք, Սերգեյը նայելով ինձ ասաց.

-Հը, ինչ ե՞ս ասում, հետ չվերադառնա՞նք, կարող է տրանսպորտ չլինի, ուշ է արդեն:

Ես սիրով համաձայնեցի, քանի որ նախնական պայմանը Սերգեյն էր առաջարկել՝ կվերադառնանք այն ժամանակ, երբ բավականին կհոգնենք:

Երեկոյան ուշ ժամին մենք քաղաք հասանք ու ավտոբուսի կայանից բաժանվեցինք՝ ամեն մեկսը շարունակելով տուն գնալու իր ճանապարհը:

Ու ամեն անգամ, երբ ընկերական հավաքույթներում խոսք է գնում քաղաքից դուրս՝կոլեկտիվով կամ փոքրիկ խմբով, հանգիստը անցկացնելու մասին, Սերգեյը գովեստով ու ոգևորությամբ է արտահայտվում իմ մասին, որ իրեն մի անգամ  փրկել եմ սովի ճիրաններից:

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031