(Բանաստեղծ Անատոլի Հովհաննիսյանի հետ զրուցում է արձակագիր, հրապարակախոս Սեյրանուհի Գեղամյանը)
Սկիզբը՝ նախորդում
-Կանդինսկու մեկ այլ դիտարկումը. նա ասում է. «Ստեղծագործողը պետք է կույր լինի «ընդունված կամ «չընդունված» ձևի նկատմամբ, խուլ՝ ժամանակի ուսմունքների և ցանկությունների հանդեպ: Բոլոր միջոցները սուրբ են, եթե դրանք ներքին անհրաժեշտություն են»:
Այս տեսանկյունից դու ինչպե՞ս ես վերաբերվում ժամանակակից բանաստեղծության ոճական, լեզվական, կառուցվածքային, բովանդակային ձևախեղումներին, …:
– «Կանդինսկի է չէ՞, ինչ կուզի՝ կասի»,- այլ առիթով ասում էր Երվանդ Քոչարը։
Մարդը չի կարող բացարձակապես «կույր ու խուլ» լինել, եթե ապրում է հասարակության մեջ:
Որքան էլ մերժելի, այդ նույն միջավայրի տված հնարավորությունն է, որ հաղթահարելի է դարձնում կարծրատիպերն ու պայմանականությունները:
Ներշնչանքի մեջ մարդը դրանք թոթափում է ծայրագույն չափով, բայց ասվածը չի նշանակում, որ «վարակված» գիտակցությունը բոլորովին չի մասնակցում ստեղծագործական ընթացքին:
Արվեստը, ի տարբերություն այլևայլ երևույթների, չի ստեղծվում առաջարկ- պահանջարկի սկզբունքով, այլ ծնվում է Աստծո կամքով և դառնում չափանիշ:
Յուրաքանչյուր նոր կերպ գոյանում է նախորդող վիճակից, եթե նույնիսկ նախորդի ժխտումն է: Այս առումով, անշուշտ, յուրաքանչյուր արվեստագետ ,,խեղում է,, ձևի ընդունված պատկերացումը. օրինակ՝ ուշ Սեզանը, այնուհետև Բրաքն ու Պիկասոն՝ Դեֆորմը:
Այլ բան է, որ այդպիսի ցանկացած երևույթ պետք է լինի գեղարվեստականորեն արդարացված: Ո՞վ է դատողը՝ միայն ժամանակը: Արվեստի ցանկացած բարձր փորձ հանդուգն է: Ազատությունը բարձրագույն չափանիշ է, չի կարող շատ կամ քիչ լինել:
Չարենցի «Ասպետականը սովորական «груравуха» է: Սայաթ-Նովայի «Դուն էն գլխենը», որ լսում ենք մենք, և, որ լսել ու սիրել են մեր ավանդապաշտ ծնողները՝ մեծավորին ուղղված քծնանք:
Սակայն, ի՞նչն է պատճառը, որ այդպես չի ընկալվում. մատուցման բարձր արվեստը: Ես կարող եմ չընդունել Չարենցի ինտիմ գործերի էսթետիկան, սակայն անմտություն է չտեսնել ստեղծագործությունը, որն առավել ամբողջական է ներկայացնում մեծ պոետի անհատականությունը:
Մահարու «Այրվող այգեստանները» հայ գեղարվեստական վեպի բարձրակետն է, սակայն, դա չի նշանակում, որ ես համաձայն եմ վեպի գաղափարական բովանդակությանը: Եվ այդպես շարունակ…
-Քեզ չ՞ի, վախեցնում մաքուր զգացմունքի, հույզի կորուստը պոեզիայում:
-Իսկ զգացմունքը կարո՞ղ է լինել ոչ մաքուր: Առանց զգացմունքի, հույզի, պոեզիա, արվեստ չի կարող լինել: Ինչը մատուցվում է՝ չի նշանակում դեռ ԲԱՆ է: Չասենք թափոն, որովհետև, եթե երիտասարդ են, խորապես համոզված եմ, որ այդ գործերը ընդամենը որոնումներ են:
Հետ նայիր՝ Տերյանի, Չարենցի կողքին ինչքան «ոչ» գրականություն է եղել: Ու՞ր են հիմա նրանք և ո՞վ է նրանց հիշում:
-Արվեստի և գրականության ամենահայտնի տեսաբաններն ընդգծում են ձևի կարևորությունը՝ պնդելով, որ «ստեղծագործությունները հակադրվելով ժամանակի ազդեցությանը՝ ձեռք են բերում հիասքանչ անանցություն» (Պոլ Վալերի):
Խոսենք քո՛ պոեզիայի օրինակով, որում ինձ գրավում են սակավախոսությունը, զգացումների գերխտությունը, անսպասելի համեմատությունները…
-Շնորհակալություն թվածդ որակները շռայլորեն ինձ վերագրելու համար, դրանք լավ գրականության բնորոշիչներ են:
Ոմանք գնացել, իրենց չիմացած ճապոնական պոեզիայում են այդ խտության հետքերը փնտրում, սակայն Թումանյանի քառյակները կամ «Հայոց վիշտը» միթե՞ այդ որակների գագաթը չեն: Մաեստրո Քոչարն ասում էր. «Երբեմն ստվերն ավելի է կարևոր, քան նկարված առարկան»: Պոեզիայում էլ է այդպես: Ինձ համար բառի նկատմամբ պատասխանատվության չափանիշներից մեկը ռուսական «արծաթե դարի» պոետներն են՝ Ալեքսանդր Բլոկը: Չարենցն իր մեջ միավորում էր անմիավորելին, ոգի էր ու հրաբուխ, այդ պատճառով «ավելորդ բառերը» կարծես չեն նկատվում: Դրանք կան նույնիսկ աստվածային ու անօրինակ «Մահվան տեսիլ»-ում: Չարենցի ողբերգությունն այն էր, որ նա իր հանճարի չափով, մոսկովյան, պետերբուրգյան գրական սալոնների «զարդ էր» սակայն ճակատագրի բերումով հայտնվել էր կիսագրագետ միջավայրում, ուր գրական առողջ մրցակցություն չկար:
Ետչարենցյան շրջանի խոշոր բանաստեղծների «երրորդությունը» արդեն այդ ուժը չուներ, դրա պատճառով բառի «չարաշահումը» նրանց պարագայում առավել նկատելի է:
–Մինչդեռ պոեզիայում, բառը, ավելի քան աղոթքում, խոսքի ամենամեծ լիցքն է կրում:
-Ես որդիաբար խոնարհ եմ անցյալի ժառանգության նկատմամբ, սակայն, կարծում եմ, որ պետք է ոչ միայն յուրացնել ավագների ավանդած հարստությունը, այլև հասկանալ՝ ինչը է՛լ չպետք է անել:
Գեղարվեստն ամեն ժամանակահատվածում առաջադրում է իր խնդիրը, որը տեսանելի է դառնում, միայն, երբ արվեստագետին հաջողվում է լուծում տալ դրան: Եթե բանաստեղծությունը գրվում է, որովհետև չես կարող չգրել, և գրում ես կեղեքող զգացողությունից ձերբազատվելու համար, առօրյա հաղորդակցման վիճակից, արտահայտման կերպով, խտությամբ, պիտի տարբերվի:
Յուրաքանչյուր ստեղծագործող ունի աշխարհի մեկնաբանության իր կերպը, երևույթի ընկալման և արտահայտման սեփական եղանակը:Կարևոր է նաև վարպետության, տվյալ դեպքում բանաստեղծական կուլտուրայի աստիճանի անհատական դրոշմը: Սարոյանը գրում է. «Ավելի լավ է լինել բարի, քան չար»: Այս պայմանականություններով այլասերված աշխարհում, երբ բարությունը ձեռնտու լինելու հետ է շահարկվում, այս պարզ ճշմարտությունը ընկալվում է իբրև չափազանց նոր և թարմ: Ինքնատիպությունը բանաստեղծի շնորհի չափորոշիչներից մեկն է: Իսկ, ո՞ր լավ բանաստեղծը թարմ և անսպասելի չէ: Տառասխալներով գրող Սերգեյ Եսենինի պատկերային համակարգը նվազ ինքնատիպ չէ, քան ուրիշ տեսակի պոեզիա ստեղծող Օսիպ Մանդելշտամինը:
Մեծ գրականությունը որոշիչ այլ առանձնահատկություններ էլ ունի. արդյոք պատկերը, բանաստեղծությունն իբրև պատկեր և ընդհանուր ստեղծագործությունը՝ մեկ ընդհանրություն ընկալվում է, թե՞ ոչ:
Ես գիտեմ, որ կեղծ համեստությունը, ինչպես առհասարակ ցանկացած կեղծ երևույթ՝ արգահատելի է, սակայն, երբեք իմ գրած բանաստեղծությունների արժեքի և արժևորման մասին չեմ մտածել:
Եթե գրողն իր ստեղծագործությունների հանրահռչակողն է դառնում, դա կատարվում է նրա ստեղծագործական ինքնության հաշվին:
Պետք է կարողանալ հետ նայել և տեսնել, որ միայն ժամանակն է արժեքներ դասդասողը: «Էստի համեցեքների» երբեմն նկատելի, ծախսատար անհրաժեշտությունը չկա և պատահական չէ, որ այս դեպքում տգիտությունն ու փառասիրությունը «սիամական երկվորյակներ» են:
Այդ մարդիկ մթնոլորտային ճնշման պես չեն զգում մարդկության ստեղծած հավաքական հանճարի ծանրությունը, նրանք բոլշևիկաբար միշտ առաջ են նայում: Ես, բանաստեղծություններս տպագրելուց հետո, դժվարությամբ եմ վերընթերցում, որովհետև ինձ համար, եթե կարելի է այսպես ասել, դա հիշողության արտաշիրիմումի վիճակ է:
-Երկար տարիներ զբաղվել ես Քոչարի կյանքի և ստեղծագործության ուսումնասիրությամբ: Դա արվել է աշխատանքի բերումո՞վ, թե՞ ընդհանուր հետաքրքրություններ կան արվեստի, կյանքի ըմբռնման հարցերում:
-Իմ կյանքում ամեն ինչ շատ ուշ է կայացել:
Բանաստեղծ էլ դարձա, երբ «նորմալ» պոետներն այդ տարիքում վաղուց մեռած են լինում. ահա այդպես և Քոչարը…Մաեստրոն Ներսիսյան դպրոց էր ավարտել, ուր դասավանդել էին Պետական համալսարանը հիմնադրող մեր ականավոր գիտնականները: Ինձ նախ շլացրեց նրա խիստ ինքնատիպ, պատկերավոր մտածողությունն ու խոսքի կուլտուրան: Հիմա չեմ հիշում «պարտականության ու սիրո» բաժանարարը ո՞ր պահին հատեցի…
Քոչար ընտանիքին շնորհակալ եմ՝ կաշկանդելու, թելադրելու փորձ գրեթե չի եղել: Ուրիշ ոչ մի աշխատատեղում ինձ այդքան գնահատված չեմ զգացել, կամ ես իմ տեղում չեմ եղել, կամ ղեկավարներս: Մաէստրոյի ստեղծագործական ժառանգությանը վերաբերվել եմ բացառապես իբրև բանասեր: Չեմ գայթակղվել: Համենայնդեպս, իմ ստորագրությամբ արվեստաբանական ուսումնասիրություններ չեն տպագրվել: Թվում է՝ արվեստաբանությունն ու գրականությունը շատ մոտ են, սակայն, կառուցվածքով, հիմքով, մտածողությամբ, բացարձակապես տարբեր, եթե չասենք, հակադիր սկզբունքներ ունեն՝ վկա հայ արվեստաբանության անդաստանը՝ լիքը այդ ճշմարտությունը չհասկացող, չկայացած բանասերներով:
Քոչարը մեզանում հասարակայնորեն չպահանջարկված երևույթ էր, արվեստի զարգացման բարձրագույն կաճառից, ճակատագրի բերումով նետված «մայրագյուղ Երևան», և համատարած չհասկացվածության ու տգիտության մեջ մեծ ողբերգություն էր ապրում: Ստոր ու սրիկա չէին բոլոր նրանք, ովքեր խոչընդոտում էին, չէին հասկանում, չէին էլ կարող հասկանալ Քոչարին՝ մեկ էական տարբերությամբ. նրանք իշխանություն ունեին և սեփական հայեցողությամբ էին տնօրինում արվեստն ու մարդկանց ճակատագրերը:
Քոչարի մեծության իսկական չափը երևում է, երբ նրան համեմատում ես միևնույն ժամանակահատվածում ապրած համաշխարհային կերպարվեստի այլ հսկաների հետ: Ես դա հասկացա Պոմպիդու կենտրոնում՝ Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանում և ինձ շատ հպարտ զգացի:
Քոչարը միշտ էլ իմացել է, թե ինչ է ուզում: Բազմանիստ, անհագորեն որոնող, հաջողությունից չբավարարվող, նա անսահմանորեն հավատարիմ էր գեղանկարչության մասին իր պատանեկան պատկերացումներին՝ վկա առաջին գործերի և վերջին ստեղծագործությունների միջև եղած գենետիկ հարազատությունը: Դաժան ժամանակներում ապրեց մեծ նկարիչը, սակայն երբեք չդավաճանեց ինքն իրեն: Քոչարը սովորեցնում է ոչ թե ինչ պետք է անել, այլ ինչը չի՛ կարելի անել: Երբ բացահայտեցի Քոչարի աշխարհը, արդեն կազմավորված մարդ էի: Կյանքը ազդեցություն-փոխազդեցություն հերթագայություն է. մենք սովորում ենք մեր ծնողներից և ուսուցանում մեր զավակներին:
Քոչարն իմ հոգևոր հայրերից է:
(շարունակելի)