Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ կլինի Հայաստանի հաջորդ վարչապետը

Դեկտեմբեր 03,2017 12:00

Մյուս տարվա գարնանից խորհրդարանական հանրապետություն ենք: Այսինքն` պառլամենտական: Շատերը կարծում են, թե խորհրդարանական հանրապետություն դառնալով մեր կյանքում լիքը փոփոխություններ են տեղի ունենալու, որովհետև պետության առաջին դեմքը ոչ թե hանրապետության նախագահն է հանդիսանալու, այլ վարչապետը, ում կամքն ու ցանկությունները կոչված է լինելու կատարել խորհրդարանական մեծամասնությունը:

Եթե հարցին ըստ էության մոտենանք, Հայաստանը միշտ էլ խորհրդարանական հանրապետություն է եղել, որովհետև խորհրդարանական մեծամասնությունը միշտ էլ սատարել է գործող նախագահին, և գործող նախագահն էլ միշտ խորհրդարանական մեծամասնության միջոցով է իր «հարցերը լուծել»:

Կարճ ասած, խնդիրn այն է, թե ով է լինելու Հայաստանի վարչապետը: Հենց դա էլ որոշելու է խորհրդարանական մեծամասնությունը, դրա համար էլ անվանում են խորհրդարանական հանրապետություն կամ՝ պառլամենտական: Այսինքն՝ համաձայն նոր Սահմանադրության, Հայաստանի նախագահը լինելու է, ինչպես ասում են, Անգլիայի թագուհի:
Շատերն, իհարկե, սիրով ու սրտանց կհամաձայնեն Հայաստանում Անգլիայի թագուհի լինել, և շատերը կփորձեն լինել, մինչդեռ քչերը կհամարձակվեն հավակնել Հայաստանի վարչապետի պաշտոնին, որովհետև Հայաստանի վարչապետ դառնալու համար հարկ կլինի հավաքել խորհրդարանական մեծամասնության ձայները:

Այսինքն՝ նույնիսկ քաղաքականությունից հեռու մեկի համար պարզից էլ պարզ է, որ Հայաստանի հաջորդ վարչապետը դառնալու ամենառեալ շանսերն ունի Հայաստանի ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը՝ այն պարզ պատճառով, որ այսօրվա դրությամբ ինքն է ի վիճակի ստանալ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնության ձայները: Այսինքն՝ եթե այսօր ու այս պահին որոշվելու լինի Հայաստանի վարչապետի ով լինելը, դա անկասկած կլինի գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Միայն այն դեպքում Սերժ Սարգսյանը վարչապետ չի ընտրվի, եթե ինքը չցանկանա: Բայց ինչո՞ւ չպիտի ցանկանա:

Որոշ ընդդիմադիրներ ասում են, որ Սերժ Սարգսյանն ինքն է ասել, որ մտադիր չէ դառնալ Հայաստանի վարչապետ: Եթե նույնիսկ ասել է, չարժե այդ ասածի վրա հիմնվելով՝ հետևություններ անել, որովհետև չենք կարծում, թե Սերժ Սարգսյանը մտադիր է երիտասարդ թոշակառու դառնալ: Ինձ հակադրվողները կասեն, որ Սերժ Սարգսյանի նախորդն էլ մտադիր չէր երիտասարդ թոշակառու դառնալ:
Քաղաքական ու պետական գործչի գլխավոր արժանիքներից մեկն այն է, թե ինչքանով է նա կարողանում դասեր քաղել իր նախորդների փորձից: Նախորդների փորձը մեզ ասում է, որ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորական մեծամասնությունը մշտապես հլու ու հնազանդ քվեարկել է իշխող կուսակցության կամքով ու սրտով, և այլ կերպ չէր էլ կարող լինել, և մանավանդ հիմա այլ կերպ չի կարող լինել, որովհետև այսօրվա Ազգային ժողովի պատգամավորական մեծամասնությունը նույն ինքը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է, որի ղեկավարը Հայաստանի Հանրապետության գործող նախագահն է:
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չնայած իր ժամանակվա իշխող կուսակցության հետ չափազանց սերտ առնչություններ ուներ, բայց իր պաշտոնավարության օրոք ՀՀՇ-ի դե յուրե նախագահը չէր:

Ինչ վերաբերում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, վերջինս ընդհանրապես առնչություն չուներ իշխող կուսակցության հետ: Եթե հիշում եք, Քոչարյանը փորձեց ստեղծել արհեստավարժների կառավարություն, որը, փաստորեն, ապագա չունեցավ:

Այս ամենը հիշելով ու հաշվի առնելով ենք ասում, որ Սերժ Սարգսյանը հաշվի է առնում իր նախորդների դասերը:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031