Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկությանն այսօր ներկա եղան ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը եւ ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:
Նրանք հետեւեցին տղամարդկանց օդամղիչ հրացան մրցաձեւի եզրափակչին։
Մրցումից հետո Գագիկ Ծառուկյանը զրուցեց մրցանակակիր հրաձիգների հետ։ Նա հաջողություն ցանկացավ մարզիկներին առաջիկա մրցաշարերում, ոգեւորեց պատանի հրաձիգներին, որոնք պայքարելու են 2018 թ. Բուենոս Այրեսում կայանալիք պատանեների օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելու համար։
Հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը գոհ է այսօր հրաձիգների ցույց տված արդյունքներից եւ լիահույս է, որ պատանի հրաձիգներից մի քանիսը Բուենոս Այրես մեկնելու իրավունք կնվաճեն:
Լրագրողների հետ զրույցում նա նշեց նաեւ, որ Գագիկ Ծառուկյանը հաճախ է իրենց մոտ լինում եւ իր ավանդն ունի հրաձգության զարգացման գործում:
«Պարոն Ծառուկյանի ներկայությունն արդեն իսկ մարզիկներին պարտավորեցնում է բարձր արդյունքներ ցույց տալ», – ասաց Սեյրան Նիկողոսյանը։
Օդամղիչ հրացան, տղաներ, 60 կրակոց մրցաձեւում մրցանակային եռյակը կազմեցին Հրաչիկ Բաբայանը, Վրեժ Թորոսյանը եւ Հայկ Բաբայանը:
Օդամղիչ հրացան, աղջիկներ, 40 կրակոց ձեւում լավագույն եռյակը կազմեցին Մարիամ Միքայելյանը, Ալլա Պողոսյանը եւ Անուշ Նալբանդյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ