Լոռու մարզում գտնվող Սանահինի վանական համալիրն այցելելուց ու պատմական արժեքով հիանալուց հետո, Սանահինում գտնվող Միկոյան եղբայրների թանգարան չայցելելն ուղղակի արդարացի չի լինի: Առաջինն ինչ ուշադրությունդ գրավում է մինչ թանգարան հասնելը, դա ՄԻԳ-21 կործանիչի նմուշն է:
Ինքնաթիռի վրա բարձրանալ չի կարելի՝ տեղադրված զգուշացնող ցուցանակն է հուշում: Կողքը կանգնել ու նկարվելուց հետո, նոր միայն քայլերդ ուղղում ես դեպի թանգարան:
Սեպտեմբերի 19-ից թանգարանը հայազգի ու օտարերկրյա այցելուներին ներկայանում է նորացված շենքով ու թարմացված ցուցանմուշներով: Թանգարանին նոր շունչ է հաղորդվել «Լուքինգ Ֆորվարդ» զբոսաշրջության զարգացման հիմնադրամի շնորհիվ: 2016թ.-ին հիմնադրամի եւ Ալավերդու համայնքապետարանի միջեւ կնքված համաձայնագրի արդյունքում Միկոյան եղբայրների թանգարանը 3 տարի ժամկետով վարձակալական հիմունքներով հանձնվել է «Լուքինգ Ֆորվարդ»-ին: Հիմնադրամն էլ իր հերթին պարտավորվել է այն վերանորոգել, արդիականացնել, թանգարանը եկամտաբեր կառույց դարձնել:
Թանգարանի մուտքի մոտ մեզ դիմավորում են աշխատակիցները: Մարինե Բլբուլյանը, ով հանդիսանում է «Լուքինգ Ֆորվարդ» աշխատակից, ներկայացնում է Միկոյանների կյանքն ու գործունեությունը, պատմում թանգարանում տեղ գտած իրերի մասին: Այստեղ կարելի է հանդիպել եղբայրներին վերաբերող տարբեր իրերի, ինչպես նաեւ նրանց մասին պատմող լուսանկարներ ու գրքեր:
-Եթե էքսկուրսիա չեն ուզում, անկյուն է ստեղծված, մարդիկ կարող են գրքերը վերցնել, կարդալ ուսումնասիրել: Touch screen ունենք, եթե մարդը չի ուզում կարդալ՝ ինտերնետն ունենք, վիդեոներ, ինֆորմացիա անպայման լինելու է՝ եռալեզու, քառալեզու, կծանոթանան կլսեն: Այստեղ ամեն ինչ կարելի է՝ կարդալ, լսել, շոշափել, բայց միակ բանը, որ ասում ենք. «ցավում ենք, բայց նկարել չի կարելի»,-ասում է Մարինեն:
Թանգարան այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը մեծ է: Այստեղ են գալիս ոչ միայն Հայաստանի տարբեր վայրերից, այլեւ աշխարհի ամենատարբեր ծայրերից՝ Ճապոնիայից, Արգենտինայից ու այլ երկրներից: Այս պահին թանգարանի մուտքն անվճար է, սակայն եկող տարվա հետ կապված այլ ծրագրեր ունեն. «Նախատեսվում է, որ մյուս տարվանից մուտքը կլինի վճարովի, նախապես քաղաքապետարանի ու ավագանու հետ համաձայնեցնելուց հետո: Տոմսը ձեռք եք բերում, ավտոմատ ձեռք եք բերում նաեւ անվճար էքսկուրսիա: Լրացուցիչ գումար չի գանձվելու: Աշխատելու ենք 7 օր 10:00-5:30: Եթե կլինեն խմբեր, ովքեր չեն հասցնի մեր աշխատանքային ժամերին այցելել, զանգում պայմանավորվում բացում ենք թանգարանը»,-տեղեկացրեց Մարինեն:
Թանգարանի բյուջեն համալրելու, ինչպես նաեւ զբոսաշրջիկներին գրավելու համար այստեղ տարբեր մտահաղացումներ ունեն. «Հաջորդ տարվա մարտի մեկից կլինեն հուշանվերներ, որոնք վաճառքի են հանվելու: Նախատեսում ենք, որ դրանք պատրաստվեն հենց տեղում՝ ձեռքի աշխատանք է լինելու, օրինակ՝ բռելոկի տեսքով փոքր փայտե ՄԻԳ-եր կլինեն, կամ էջանիշ, օրացույց եւ այլն: Խնդիրն Անաստատ Միկոյանի հետ կապված է լինելու, քանի որ ինքը բազմապրոֆիլ գործունեություն է իրականացրել, այդ ուղղությամբ դեռ մտածում ենք»,- ասում է Մարինե Բլբուլյանը:
Թանգարանի բակում է գտնվում նաեւ Արտեմ Միկոյանի մեքենան՝ ԳԱԶ-12 «ԶԻՄ»-ը: Եթե ՄԻԳ-21-ին կարելի է դիպչել ու զգալ իր հզորությունը, ապա մեքենայի դեպքում դա, կարծես թե, անհնար է: Այն պահվում է հատուկ թափանցիկ ապակիներով սենյակում:
Վերաբացվելու օրվանից մինչեւ նոյեմբերի 15-ը թանգարանն ունեցել է 900 այցելու: Վարձակալության ժամկետի ավարտից հետո այն նորից կհանձնվի համայնքապետարանին:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Նյութը պատրաստվել է «Բացահայտիր երկիրդ» արշավի շրջանակում՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի եւ Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի աջակցությամբ: