Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Արցախի դատախազությունների համատեղ նիստ են անցկացրել Ստեփանակերտում

Դեկտեմբեր 02,2017 20:24

ՀՀ դատախազության պատվիրակությունը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորությամբ գտնվում է Արցախի Հանրապետությունում:  Դեկտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դատախազությունների կոլեգիայի համատեղ նիստ: Օրակարգում եղել են շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով նախաքննության նկատմամբ հսկողության և մեղադրանքի  պաշտպանության վիճակին առնչվող հարցերը:

Կոլեգիայի համատեղ նիստը բացել է ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը: Ստեփանակերտում գտնվելու կապակցությամբ ողջունելով Հայաստանի գործընկերներին՝ նա երկու դատախազությունների միջև համագործակցության և փորձի ակտիվ փոխանակման համատեքստում կարևորել է նման ձևաչափով համատեղ միջոցառումների պարբերաբար կազմակերպման նշանակությունը:

Նիստի ընթացքում քննարկվել են հայկական երկու պետություններում շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, այս գործերով նախաքննության նկատմամբ հսկողության և դատարաններում մեղադրանքի  պաշտպանության պրակտիկան և դրա ընթացքում ի հայտ եկող գործնական խնդիրները:

Նկատի ունենալով և՛ Արցախում, և՛ Հայաստանում անտառային ֆոնդերի առկայությունը՝ հիմնական ուշադրություն է դարձվել ապօրինի անտառահատումների կանխարգելման, հանցագործությունների բացահայտման, հարուցված քրեական գործերով օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննության անցկացման, պետությանը հասցված վնասի վերականգնման, այս հանցագործություններում ներգրավված անձանց ամբողջական շրջանակի  բացահայտման և պատասխանատվության ենթարկելու խնդիրներին, վարվող պատժողական քաղաքականությանը: ՀՀ դատախազության ներկայացուցիչները Արցախի իրենց գործընկերներին են ներկայացրել այս ուղղություններով ՀՀ դատախազության կուտակած փորձն ու վերջին նախաձեռնությունների արդյունավետությունը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շեշտել է երկու հայկական պետությունների օրենքների համապատասխանեցման և հանցավորության դեմ պայքարում միասնական պրակտիկայի կիրառման անհրաժեշտությունը, փորձի փոխանակումն ու գերակա ուղղություններում իրականացված աշխատանքների վերաբերյալ փոխադարձ իրազեկումը: Նա հանձնարարել է միջոցներ ձեռնարկել՝ այսուհետև ՀՀ դատախազությունում անցկացվող կոլեգիաների նիստերին ու կարևոր թեմաներով քննարկումներին արցախցի գործընկերների մասնակցությունն ապահովելու, ինչպես նաև ընդունվող որոշումներն օպերատիվ կերպով Արցախի դատախազությանը հասու դարձնելու համար: «Մենք պետք է միևնույն օրգանիզմի նման ամեն օր համատեղ աշխատենք, յուրաքանչյուրիս  ձեռքբերումը պիտի արագ և հասու լինի մեր արցախցի գործընկերներին»,-ասել է ՀՀ գլխավոր դատախազը:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031