ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը և նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը դեկտեմբերի 2-ին հանդիպեցին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչներին՝ ՄԱԿ-ի ՓՀԳ գերագույն հանձնակատարի գործողությունների հարցերով տեղակալ Ջորջ Օկոթ Օբբոյի գլխավորությամբ: Վերջինս Հայաստան է ժամանել տարածաշրջանային ճանաչողական այցի շրջանակներում:
Հադիպման ընթացքում Սերժ Սրապիոնյանը ողջունել է Հայաստան կատարած արդեն երկրորդ այցի կապակցությամբ և մաղթել հաջող աշխատանք:
Կողմերը քննարկել են սիրիական պատերազմի ընթացքում Հայաստան եկած սիրիահայերի ինտեգրացման ուղղությամբ Հայաստանի կառավարության կատարած աշխատանքները: Օբբոյի ղեկավարած պատվիրակությանն են ներկայացվել այն բոլոր միջոցառումներն ու կատարած աշխատանքները, որ արվել են սիրիահայերին օգնելու նրանց՝ հայաստանյան իրականությանը ինտեգրելու ուղղությամբ, ինչպես նաև նախատեսվող քայլերը: Սերժ Սրապիոնյանը իր խոսքում հայտնեց, որ. «Սիրիահայերը այստեղ չեն ընկալվել զուտ որպես փախստականներ, քանի որ մենք, դժբախտաբար, մեր հայրենակիցներին ընդունելու 100-ամյա փորձ ունենք: Եթե ոչ սոցիալական խնդիրները լուծելու հնարավորություն, ապա գոնե հոգեբանական պատրաստվածություն ունենք մեր հայրենակիցներին ընդունելու: Եվ պետք է փաստել, որ այդ ընթացքում մարդկանց նման լուրջ քանակ ընդունելու դեպքում ոչ միայն կենցաղային, այլ նաև հոգեբանական խնդիրներ առաջանում են»:
ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը տեղեկացրեց, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը ավարտական փուլին է հասցրել Սիրիահայերի ինտեգրման ռազմավարությունը ուղենշող ռազմավարությունը և ուղարկվել է շահագրգիռ կողմերին՝ եզրակացություններ ստանալու համար:
Ջորջ Օկոթ Օբբոն շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության ու կատարված աշխատանքը մանրամասն ներկայացնելու համար և հայտնեց, որ իրենց գրասենյակն էլ ստացել փաստաթղթի նախնական տարբերակը, և խնդրեց, նաև, որ ավարտական տեսքի բերվելուց հետո նորից իրենց տրամադրեն՝ համապատասխան քայլեր ձեռնարկելու համար:
ՀՀ սփյուռքի նախարարություն