Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին լուսավորիչների տոնի առիթով դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Դեկտեմբեր 02,2017 18:12

Դեկտեմբերի 2-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Հայոց աշխարհի առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Հայոց Եկեղեցու հիմնադիր առաքյալների տոնը մեծ շուքով նշվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:

Դեռևս 2015 թվականին տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Ս. Գեղարդի ուխտի օր:

Շնորհառատ օրվա կապակցությամբ Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի տնօրեն Արժանապատիվ Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը:

Ս. Պատարագին ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ, հայաստանյան տարբեր թեմերից ժամանած հոգևոր սպասավորներ և ուխտավորներ:

Սրբազան արարողության ընթացքում հայրապետական հանդիսավոր թափորով Հին Վեհարանից Մայր Տաճար բերվեց հրաշագործ Ս. Գեղարդը, որպեսզի համայն հայության հոգևոր կենտրոնում ուխտավորաբար մեկտեղված հավատավոր ժողովրդին հնարավորություն ընձեռնվի երկրպագել, հպվել և համբուրել Մայր Աթոռում պահվող համաքրիստոնեական մեծագույն սրբություններից մեկը` Ս. Գեղարդը:

Սրբազան արարողության ընթացքում տոնի կարևորությանն անդրադարձավ պատարագիչ Տեր Ասողիկը` իր քարոզում ի մասնավորի ընդգծելով. «Սիրելի հավատացյալներ, այսօր մեր Եկեղեցու համար մեծագույն տոն է: Չեմ վարանի ասել, որ մեր Եկեղեցու համար այսօր ծնունդ է և հարություն է: Այս երկու տոները Քրիստոնեական Եկեղեցու համար մեծագույնն են, հիմքերն են քրիստոնեական հավատքի: Մեր Եկեղեցու համար էլ մեր առաքյալների տոնը հիմքն է մեր հավատքի, մեր հոգևոր կյանքի, մեր քրիստոնեական ընթացքի և հավիտենական կյանքի:

…Մեր Եկեղեցին իր հիմնադիրներին անվանակոչել է առաջին լուսավորիչներ, տվել է «լուսավորիչ» անվանումը…: Մեր Եկեղեցին իր հիմնադրման իսկ պահից փափագողն է եղել լույսի և այդ լույսն է սփռել իր կայնքում և իր շրջապատում: Լույս՝ ազգային հարաբերություններում, լույս` եկեղեցական հարաբերություններում: Եվ այդպես պիտի Եկեղեցին և ժողովուրդը իրեն Ավետարանը բերած առաքյալներին կոչեր՝ լուսավորիչներ, որոնք եկան լուսավորելու մեր հոգիները, մեր միտքն ու սիրտը, ազնվացնելու մեր անձը և կարողությունները, որ ունենք` էլ ավելի առատացնելու և ի փառս Աստծո զարգացնելու, աճեցնելու և բազմացնելու:

Լուսավորիչներն են մեր առաքյալները, լուսավորիչներն են նրանց հաջորդները՝ Սուրբ Գրիգորը, Սուրբ Տրդատը, լուսավորիչներն են՝ Սուրբ Մեսրոպը, Սուրբ Սահակը և նրանց հաջորդող մեր Եկեղեցու պանծալի դեմքերը: Այս լույսով է, որ դարեր շարունակ մեր Եկեղեցին սնուցանել է իր հարազատ ժողովրդին և այդ լույսով է, որ մեր հարազատ ժողովուրդն արարել ու ստեղծագործել է իր կյանքն ու երկիրը, հակառակ այն բազմաթիվ փորձությունների ու հարձակումների, այն բազում կորուստների, որոնք պատմությունը բաժին հանեց մեզ՝ հայերիս, ի սկզբանե լուսավորյալ ժողովրդիս:

…Սուրբ Թադեոս առաքյալի վկայությունից հանված Տիրոջ խոստումը իր առաքյալների քարոզչությամբ և նահատակությամբ, իր արքայության ընդունմամբ հինավուրց հայ ազգին՝ իր հավատացյալներին, դարձնում է իր սեփական ժողովուրդը և իր Աստվածային հույսով պարուրում ու պահպանում մինչև աշխարհի վախճանը։ Այս խոստումը մեզ համար պիտի դառնա զորության անսպառ աղբյուր մեր լուսավորյալ կյանքը անխավար պահելու, անխախտ պահելու և ողջ մարդկության համար դարձնելու Աստվածային սիրո աղբյուր և Աստվածահաճո կյանքի ներշնչարան»:

Ասողիկ քահանան նաև խոսեց Ս. Գեղարդի հրաշագործ զորության մասին` ներկայացնելով պատմության ընթացքում Ս. Գեղարդի հետ կապված զանազան հրաշքներ, որոնք կատարվել են ինչպես Հայոց աշխարհում, այնպես և հարևան Վրաստանում:

Վերջում սուրբ և նվիրական օրվա առիթով Մայր Աթոռի միաբանության, պաշտոնեության և հավատացելոց անունից Տեր Հայրը շնորհավորեց շնորհազարդ Ամենայն Հայոց Հայրապետին՝ իբրև Առաքելահիմն Ս. Աթոռի գահակալի` մաղթելով, Աստված զորացնի նրան իր առաքելական կոչման մեջ, որպեսզի Նորին Սրբությունից բխող աստվածային շնորհներն առատապես հեղվեն հոգևոր դասի վրա և նրա միջոցով համայն մեր ժողովրդի և աշխարհի վրա: Ասողիկ քահանա նաև շնորհավորեց եկեղեցու սրբազան եպիսկոպոսներին և քահանայից հոգևոր դասին` իբրև ժիր մատռվակներ ժողովրդին Աստվածային օրհնությունը բաշխելու՝ ի Հայաստան և ի Սփյուռս աշխարհի: Խոսքն ուղղելով ներկա ուխտավորներին` պատարագիչն ասաց. «Նաև ձեզ եմ շնորհավորում, սիրելի հավատացյալներ, որ դուք Քրիստոսի 12 առաքյալների անձնդիր քարոզչությամբ և առաքելությամբ հոգևորապես ծնվեցիք ու դարձաք Աստծո զավակներ և վայելում եք Աստծո օրհնությունն արդեն բազում դարեր: Եվ մենք հավատում ենք Քրիստոսի խոստմանը, շարունակելու եք վայելել այն տակավին այնքան ժամանակ, քանի դեռ Աստված չի եկել երկրորդ անգամ դատելու աշխարհը»:

Սուրբ Պատարագի արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկաներին` իր պատգամն ու բարեմաղթանքները փոխանցելով բարեպաշտ ժողովրդին։

Ս. Գեղարդը Մայր Տաճարում մնաց մինչև Երեկոյան ժամերգության ավարտը` աստվածային օրհնություն բաշխելով այս առիթով Մայր Աթոռ այցելած հազարավոր հայ և օտարազգի հավատացյալներին:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031