Դեկտեմբերի 1-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Գործողությունների հարցերով օգնական Ջորջ Վիլյամ Օկոթ-Օբբոյի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարի տեղակալը կարևորեց պատվիրակության այցը, նշելով, որ փախստականների ընդունման հարցում Հայաստանը երկարամյա փորձ ունի։ Նա ընդգծեց, որ Հայաստանը մեծ ջանքեր է գործադրել թե՛ անցյալում և թե՛ ներկայում փախստականներին օժանդակելու և նրանց խնդիրները հոգալու ուղղությամբ՝ հատկապես անդրադառնալով 90-ականներին Ադրբեջանից, իսկ այնուհետև Իրաքից և Սիրիայից ներգաղթած հայ փախստականների ինտեգրման փորձին:
ԱԳ նախարարի տեղակալը մանրամասն ներկայացրեց ԼՂ հակամարտության շուրջ վերջին զարգացումները։ Նա անդրադարձավ 2016 թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սարձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով արցախա-ադրբեջանական շփման գծում գտնվող գյուղերի բնակչության տեղահանմանը, ընդգծելով հումանիտար առաքելությամբ հանդես եկող կազմակերպությունների՝ բոլոր կարիքավորների համար հավասարապես և առանց խտրականության հասանելի լինելու անհրաժեշտությանը։ Նա իր գոհունակությունը հայտնեց Ջորջ Ուիլյամ Օկոթ-Օբբոյին՝ Արցախի Թալիշ գյուղի բնակիչներին հանդիպելու և նրանց խնդիրներին ծանոթանալու կապակցությամբ:
Աշոտ Հովակիմյանն ընդգծեց նաև, որ Հայաստանը շարունակում է օժանդակություն ցուցաբերել Մերձավոր Արևելքում հակամարտություններից տուժածներին, այդ թվում էթնիկ և կրոնական փոքրամասնություններին։
ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան նշեց, որ փախստականների խնդիրների համար լուծումներ գտնելու տեսակետից իրենք Հայաստանը համարում են ռազմավարական կարևորություն ունեցող երկիր, բարձր գնահատելով փախստականների ինտեգրման ՀՀ փորձը, հատկապես վերջին տարիներին Սիրիայից փախստականներ ընդունելու և նրանց կրթական, սոցիալական և տնտեսական կարիքները հոգալու գործում:
ՀՀ ԱԳՆ