Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սահմանին թուրքի դեմ ենք կռվում, ստեղ ու՞մ դեմ ենք կռվում». արդվինցիները դեմ են հանքի շահագործմանը

Դեկտեմբեր 02,2017 15:55

Լոռու մարզի Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերեւակման տարածքում 2017-2020թթ. նախատեսվում է իրականացնել օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ: Այդ աշխատանքներն իրականացնում է «Միռամ» ընկերությունը, որն ըստ որոշ աղբյուրների կապ ունի ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:

Հանքերեւակման տարածքը զբաղեցնում է շուրջ 200 հա մակերես: Այն ընդգրկում է 2 համայնքներ՝ Արդվուց 146 հա եւ Մղարթից 54 հա տարածք:

-Արդվին պատմամշակութային արժեք ներկայացնող գյուղ է, այն համարվում է սրբավայր: Հանքն առաջին հերթին վնասելու է պատմամշակութային արժեքներին: Նաեւ արոտավայրը գտնվում է հանքավայրի տարածքում: Իրենք հիմա մի հատ խորամանկ քայլի են գնացել, միայն Մղարթի տարածքն են վերցրել, բայցը փաստը մնում է փաստ, որ Արդվուց մոտիկ է 2 կմ, Մղարթից՝ 3.5 կմ: Արդվուն ավելի մոտիկ է, եւ տարածքի ջրերն ամբողջությամբ մեր գյուղ են գալիս: Խմելու ու ոռոգման ջուրը այդ տարածքից է գալիս: Հիմնական տարրերն են ցինկն ու կապարը, որոնք ուռուցքագեն պարունակություններ ունեն: Ուղղորդվում է նաեւ արսենիումով, սիվիլիումով, կարող է լինել ծծումբ, ոսկի, արծաթ եւ այլն: Այս ամեն ինչը մարդու առողջության համար իրենից վտանգ է ներկայացնում,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արդվի համայնքի բնակիչ Սուրեն Կիրակոսյանը:

Այս տարվա հուլիսի 26-ին նախատեսվում էր իրականացնել առաջին լսումները, սակայն բնակիչները ձախողեցին այն. «Արդվի համայնքի շահերը ոտնահարվել էր՝ առաջին լսումներին մեզ չհրավիրեցին: Առաջին լսումները կատարվել է Մղարթում, Արդվին նշված է ուղղակի որպես հարակից համայնք, նշված չի, որ ամենամոտ համայնքն է: Մեզ տեղյակ չեն պահել, որ լսումներ է լինելու, երկրորդ լսումների մասին համացանցից ենք իմացել»,- ասում է Սուրենը:

Այսօր Արդվիում փորձում են զարգացնել նաեւ էկոտուրիզմը, սակայն հանքի շահագործումից հետո, ըստ Սուրենի այլեւս անհնար կլինի. «Տուրիզմը՝ 50-100 տարի, ինչքան կարող ես զարգացնել՝ կաշխատի, իսկ հանքը 5-10 տարի կաշխատի ու վերջ: Իրանք նույնիսկ ասում են 3-4 տարի կաշխատի»:

Երեկ Մղարթում կրկին ձախողվեց Շեկաղբյուրի ոսկի –բազմամետաղային հանքերեւակում 2017-2020թթ. երկրաբանական ուսումնասիրության 2-րդ հանրային քննարկումը. «Ոչ մեկ գյուղ չի մտնելու: Սահմանին թուրքի դեմ ենք կռվում, ստեղ ու՞մ դեմ ենք կռվում: Եկել են մեր տուն են մտնում: Ի՞նչ անենք, զենք վերցնենք մեր գյուղի տակ կանգնենք, ու՞մ դեմ, հայը՝ հայի՞… Բայց քանդողը հայ է՞, դա էլ հարցի մյուս կողմն է, քանդողին հայ համարենք, թե՞ չէ»,- եզրափակեց Սուրենը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031