«Տարիներով չէի կարողանում քնել, վերջապես ստուգվեցի, իմացա ՄԻԱՎ կարգավիճակս»,- ՄԻԱՎ-ի վերաբերյալ ինքնաթեստավորվողներից մեկն այսպես է արձագանքել, երբ պարզել է, որ ՄԻԱՎ վարակակիր չէ:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) մոնիտորինգի և գնահատման ծառայության ղեկավար Նարինե Մեժլումյանը Ծաղկաձորում «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արդիական հարցեր. ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի իմացության նշանակությունը, ինքնաթեստավորում ՄԻԱՎ-ի վերաբերյալ» խորագրով լրագրողների համար անցկացվող սեմինար-վարժանքին տեղեկացրեց, որ տեղեկատվության տարածման արդյունքում այս օրերին շատ քաղաքացիներ են դիմում հիմնադրամի կենտրոններ ինքնաթեստավորվելու համար: Հայաստանը միացել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ հետազոտության եվրոպական շաբաթին: Տեղեկացնենք, որ ՀԵՀ-ը ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ Միացյալ ծրագրի աջակցությամբ իրականացնում է «Հայաստանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ թեստավորման մատչելիության ապահովում` ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի նպատակներին հասնելու ճանապարհին» ծրագիրը:
Նարինե Մեժլումյանի հավաստմամբ՝ ծրագրի նպատակն է ՄԻԱՎ վարակի կանխարգելումը ՀՀ երիտասարդների և միգրանտների շրջանում. «ՀՀ-ում արդեն մի քանի տարի է հասել ենք նրան, որ հղի կնոջից երեխային չի անցնում վարակը, և ծնվում են լիարժեք առողջ երեխաներ: Ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են ՀԵՀ մարզային կենտրոնների աշխատակիցներ և կամավորներ, որոնք իրազեկում են հանրությանը ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտման կարևորության և ինքնաթեստավորվելու հնարավորության մասին»:
Այս շրջանակներում Ծաղկաձորում լրագրողների համար նախատեսված սեմինար-վարժանքի ընթացքում լրագրողներին ներկայացվեցին ՄԻԱՎ վարակի հետ կապված արդի խնդիրները, ախտորոշման սկզբունքները, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության նշանակությունը, ՄԻԱՎ-ի վերաբերյալ ինքնաթեստավորման նպատակներն ու առանձնահատկությունները: Լրագրողները ստացան նաև մասնագիտական հմտություններ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի թեմայի լուսաբանման համար:
Սեմինար-վարժանքի ընթացքում ցանկացողները նաև ինքնաթեստավորվեցին:
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական հսկողության բաժնի բժիշկ-համաճարակաբան Վարդան Արզաքանյանը խոսեց ինքնաթեստավորման առավելությունների մասին. «Չորս տարի առաջ մարդիկ ավելի վախվխելով էին մտնում հետազոտման, իսկ հիմա հերթեր են գոյանում: Ինքնաթեստավորումը թույլ է տալիս այնտեղ ինքնուրույն ինքնաթեստավորվել, որտեղ դու ցանկանում ես, որ մարդիկ տեղյակ չլինեն այդ մասին: Ինքնաթեստավորումը տարբերվում է նրանով, որ սա անձն ինքն է անում, բուժաշխատողի կողմից բժշկական միջամտություն չէ: Այստեղ կարևորը մարդկանց հասանելիություն տալն է:
Մասնագետը զգուշացրեց, որ ինքնաթեստավորման արդյունքում դրական պատասխան ստանալու դեպքում անհրաժեշտ է լրացուցիչ ստուգվել նաև ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ