Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատարանի որոշման մեջ դատապարտյալ Գ. Ստեփանյանը մի պահ դառնում է Վ. Արշակունի

Դեկտեմբեր 02,2017 17:30

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ Գարիկ Ստեփանյանը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Վերջինս 16.11.2017թ-ի դռնբաց դատական նիստում նույնպես մերժել է դատապարտյալին` ստորադաս դատարանի որոշումը թողնելով ուժի մեջ:

Հետաքրքիր է որ վերաքննիչ դատարանը հարցը քննել է առանց դատապարտյալի մասնակցության, սակայն Գարիկ Ստեփանյանին ու նրա հարազատներին այլ բան է հետաքրքրում: Որոշման երկրորդ էջում գրված է. «ՀՀ վերաքննիչ դատարանի 29.09.2017 թ.որոշմամբ դատապարտյալ Վ. Արշակունու վերաքննիչ բողոքն ընդունվել է Վերաքննիչ դատարանի վարույթ, իսկ վերջինիս վերաբերյալ նյութը դատական նիստում քննություն է նշանակվել 2017թ.հոկտեմբերի 19-ին»: Թե ով է Վ. Արշակունին` խմբագրությանը դիմած Գարիկ Ստեփանյանի հարազատները չգիտեն, բայց սա հիմք է տալիս ենթադրելու, որ գործերը քննվում են իմիջիայլոց:

«Լավ, ասենք, պատճենել՝ «քոփի փեյսթ» են արել, բա նախագահող դատավոր Սեւակ Համբարձումյանը չի՞ կարդում՝ նոր ստորագրում, թե՞ նրա համար մարդկային ճակատագրերը նույն են»,-ասաց Գարիկի ընկերը` Աշոտը: Նրա խոսքով՝ էլ ո՞նց հավատաս դատաիրավական բարեփոխումներին, անկաշառ դատավորների անկախ որոշումներին:

Դեռ չեն որոշել` դիմելու են Վճռաբեկ դատարան թե ոչ, սակայն Աշոտը նշեց, որ ընկերոջը 6 ամիս է մնում ազատվելու:

Գարիկ Ստեփանյանը 2004 թ-ին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրօրենսգրքի 175 և 104 հոդվածների հատկանիշներով ու դատապարտվել 14 տարվա ազատազրկման:

Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031