Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ամեն կերպ փորձում է ցույց տալ, որ գործուն քայլեր են ձեռնարկվում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ, եւ որոնք «հասարակությունը չի տեսնում»՝ ըստ լրագրողների։
«Պետք է չուզենալ տեսնել քայլեր, որպեսզի չտեսնեն»,- նեղսրտեց Հարությունյանը, ապա թվարկեց հանրության համար «անտեսանելի» քայլերը։ Դրանք, իրականում, զուտ քայլերի առումով տեսանելի են, արդյունքի առումով՝ ոչ։
Օրինակ՝ այս ուղղությամբ կատարված կարեւորագույն քայլերից մեկը նախարարը համարում է գույքի եւ եկամուտների հայտարարագիր ներկայացնողների շրջանակի ընդլայնումը։ Նրանք սահմանափակել են նաեւ հայտարարատու պաշտոնատար անձանց կողմից կանխիկ գործարքների կատարումը որոշակի գումարով, քրեականացրել են ապօրինի հարստացումը, մտցրել այնպիսի ինստիտուտներ, որոնք եկող տարվա ընթացքում պիտի զարգանան՝ ստեղծելով անանուն հաղորդակցման պլատֆորմներ ազդարարների համար եւ այլն։
Իսկ այս ընթացքում եղե՞լ են դեպքեր, որ պաշտոնյաները խախտել են հակակոռուպցիոն բնույթի այս նոր ընդունված օրենքներն ու պատասխանատվության ենթարկվել։ Օրինակ՝ հայտարարագրման մասով։ Պարզվեց՝ ոչ, որովհետեւ օրենքն ընդունվել է այս տարի, բայց ողջ ծավալով գործելու է, երբ ստեղծվի կոռուպցիայի կանխարգելման մարմին։
Դավիթ Հարությունյանն ամեն գնով պնդեց, որ այս օրենքներին, այդ թվում՝ ապօրինի հարստացման դեմ պայքարող օրենքին հետադարձ ուժ տալը քաղաքակիրթ երկրին հարիր բան չէ։ Այսինքն՝ 10 տարի պետական բարձր պաշտոն զբաղեցրած անձը, որն այդ ընթացքում ապօրինի, դիցուք՝ կոռուպցիոն մեթոդներով միլիոններ է դիզել, պատասխանատվության չի ենթարկվի։ Հակառակը՝ կհամարվի օրինական հարստացած պարկեշտ պաշտոնյա՝ այդպիսով «լվանալով» իր կոռուպցիոն մեթոդներով վաստակած փողերը։
-Պարոն Հարությունյան, արդարության տեսակետից այստեղ կարծես խնդիր կա՝ մարդիկ, որոնք տարիներ շարունակ հանցանք են գործել՝ կոռուպցիայի միջոցով հարստանալով, ինչ-որ պահից սկսած՝ դառնում են օրինապահ քաղաքացինե՞ր։
-Որպեսզի դու կարողանաս ասել՝ հանցանք են գործել, դու պետք է ունենաս գոնե մեկ հիմնավոր փաստ։ Հարստությունը փաստ չէ։ Եթե դու ունենաս բարեկամ, որը հարուստ է, կարո՞ղ եմ ես, կներեք, նույն ձեւով տարածել եւ ասել՝ կասկած կա, որ նա գողություն է արել կամ հանցագործ է։ Ոչ։ Մոռանանք մի պահ պաշտոնատար անձանց, որպեսզի էդ հանրային բացասական ֆոնի վրա չփորձենք դիվիդենտներ շահել։ Եթե դու ունես ծանոթ-բարեկամ, որը հարուստ է, ինչքանո՞վ է հիմնավոր, որ, օրինակ, իրավապահ մարմինը գա եւ ասի՝ հլը մի արի տեսնենք, թե էդ որտեղի՞ց քեզ էդ հարստությունը, ո՞նց դու աշխատեցիր, կարո՞ղ է դու մեկից շորթել ես, գողություն ես կատարել եւ այլն։ Նույն մոտեցումը վերաբերում է բոլորին։ Միակ բանը, որը տարբերում է պաշտոնատար անձին, այն է, որ նրանց համար մենք հիմա սահմանել ենք ավելի մանրամասն հայտարարագրման մեխանիզմներ եւ սահմանել ենք մի դրույթ, որը սահմանագծի վրա է գտնվում անմեղության կանխավարկածի հետ։ Մենք ասում ենք՝ եթե քեզ մոտ առաջացած գույքն ավելի շատ է, քան քո՝ մեզ համար հայտնի օրինական եկամուտը, եւ դու չկարողացար ողջամիտ բացատրություն ներկայացնել դրան, դու դրանով իսկ արդեն հանցագործ ես։
-Խոսքը հենց դրա մասին է․ կան պաշտոնյաներ, որոնց օրինական եկամտից հարյուրապատիկ ավելի իրենք կապիտալ ունեն։
-Հենց դրա մասին է խոսքը, որ հանցագործության համար կարելի է անձին պատասխանատվության ենթարկել միմիայն այն պահից սկսած, երբ օրենսդիրը նման օրենք ընդունի, որ դա հանցագործություն է։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: