2017 թ. նոյեմբերի 24-ը կոչված է լինելու Անկախ Հայաստանի գոյության 26 տարվա պատմության ամենակարեւոր թվականներից մեկը: Թերեւս ավելի կարեւոր , քան 2014 թ. հոկտեմբերի 10-ը, երբ Հայաստանը մաս կազմեց Եվրասիական տնտեսական միությանը ( ԵԱՏՄ ) ոչ թե իր կամքի հակառակ- ինչպես փորձում են ներկայացնել ոմանք – այլՙ ափսոսանքով, որ զուգահեռաբար երկիրը զրկվում է միջազգային համագործակցության մեկ այլ հնարավորությունից, որի շուրջ բանակցություններին ձեռնարկվել էր դեռեւս 1999-ից սկսած եւ որը խոստանում էր ավարտվել Գործընկերության եւ համագործակցության (ավելի շուտ հայտնիՙ Ասոցացման) պայմանագրի կնքումով: 2013 թ.ին եւ 2014 թ.ին փաստորեն Հայաստանի առջեւ հակադիր երկու կողմերից դրված էր «կամ-կամ», ավելի ճիշտՙ «կամ այո- կամ ոչինչ» տարբերակը, փոխանակՙ մեզ համար նախընտրելի «եւ-եւ» տարբերակի, որը Անկախության առաջին տարիների խարխափումներից հետո դարձել է արտաքին քաղաքականության մեր տեսլականը:
Սակայն մի բան է գեղեցիկ տեսլական ունենալը, մի այլ բանՙ այն իրականացնելը: Այժմ պարզվում է, որ մեր համապատասխան իշխանությունները անցնող տարիներին իրենց համար անսովոր ջանասիրությամբ ու բծախնդրությամբ աշխատանք են տարել եվրոպական համապատասխան կառույցների հետՙ մերժված Ասոցացման պայմանագրի փոխարեն Գործընկերության եւ համագործակցության համաձայնագիր ստորագրելու պահը հասունացնելու ուղղությամբ:
Արդարեւ, պետք է բարձր գնահատել տարված այդ աշխատանքը, մանավանդ եթե նկատի ունենանք դրան ուղեկցած բոլոր բարդությունները: Նկատի ունեմ ոչ միայն Եվրոմիության անդամ 28 պետություններին կամ, առնվազն, դրանց մեկ մասին դրա պես տրամադրելը, այլեւ նման նախաձեռնությունների նկատմամբ խիստ խանդոտ Ռուսաստանին վստահություն ներշնչելը, քանի այդ երկիրը նման հարցերին սովոր է վերաբերվել թելադրողի դիրքերից միայն…
Այստեղիցՙ մի կարեւոր եզրակացություն. ԵՄ-Հայաստան համաձայնագիրը պետք էր ոչ միայն մեզ (ցինիկները պիտի ասեինՙ ոչ այնքան մեզ), այլեւ նույնինքն ԵՄ-ին եւ նույնքան Ռուսաստանին: Եվրոմիությանըՙ որին անհրաժեշտ է իր ներսում գոյություն ունեցող կենտրոնախույս ուժերին ցույց տալ, որ Միությունը դեռեւս մնում է կենսունակ ու գրավիչ, միաժամանակ հենման կետ եւ բարեխառն գոտի ստեղծելով այսպես կոչված «հակառակորդ» ճամբարում, այն էլ Կովկասում: Իսկ Ռուսաստանինՙ միջազգային քաղաքական հանրույթին ցույց տալու համար իր հանդուրժողականությունն ու բացվածությունը դիվերսիֆիկացման գործընթացների նկատմամբ, միաժամանակ Հայաստանը օգտագործելու որպես հետադարձ կապի եւ տրամադրություններն ու նպատակները ստուգելու եւ վերստուգելու միջոց, գործիք:
Այս առիթով պետք է հիշել, որ Հայաստանը պատմականորեն թե այլապես ոչ մի բանով պարտական չէ ո՛չ ԵՄ-ին (նկատի ունեմ վերջինիս անդամ գլխավոր երկրներին), ո՛չ էլ Ռուսաստանին, որոնք իրենց շահադիտական քաղաքականությամբ վնասել են, զոհաբերել են մեր երկիրն ու ժողովրդին ոչ մեկ անգամ: Նրանք անմիջական պատճառ են դարձել մեզ համար ստեղծված ներկա վիճակինՙ փոքրիկ, լեռնային, անծով երկիր, կոտորակված եւ աշխարհասփյուռ ժողովուրդ, կենսագործունեության համար խիստ անբավարար պայմաններ, մեծամասամբ թշնամական միջավայր:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում: