Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական աճի տեմպը վագրային թռիչքով անկում է ունեցել. «Ժամանակ»

Դեկտեմբեր 02,2017 11:45

Հայաստանում այս տարվա եռամսյակային տվյալներով՝ տնտեսական աճը կտրուկ դանդաղել է: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության վերջին հրապարակումներից: ԱՎԾ տվյալներով, եթե առաջին եռամսյակում ՀՀ տնտեսությունը՝ Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) աճել է 7 տոկոսով, երկրորդ եռամսյակում՝ 5,5 տոկոսով, ապա երրորդ եռամսյակում այդ աճը եղել է ընդամենը 3,5 տոկոս: Այսինքն՝ յուրաքանչյուր եռամսյակ նվազումը եղել է 1,5-2 տոկոս: Եվ սա այն դեպքում, երբ հուլիս-սեպտեմբեր ամիսները տնտեսական առումով համարվում են բավականին ակտիվ, գյուղատնտեսության, զբոսաշրջության, շինարարության ակտիվության համար բարենպաստ ամիսներ:

Այս տրամաբանությամբ տարօրինակ է տարեսկզբի 7 տոկոսանոց աճը, քանի որ հունվար-մարտ ամիսներն էլ միշտ պասսիվ են եղել ոչ միայն այդ նույն ոլորտների, այլև թե՛ ներքին, թե՛ արտաքին առևտրաշրջանառության համար: Դա անգամ յուրաքանչյուրս մեր կենցաղով կարող ենք ապացուցել: Ամեն դեպքում ԱՎԾ տվյալների համաձայն՝ այս տարի միջինը 5 տոկոս աճ է տեղի ունեցել:

Բայց մեզ մոտ, ինչպես տեսնում ենք, տնտեսության անիվը թարս է պտտվում: Իսկ այս նույն տեմպերով ետ պտտվելու արդյունքում, հնարավոր է, տարեվերջին՝ չորրորդ եռամսյակում էլ գրանցվի ընդամենը 1,5-2 տոկոս աճ: Եվ իզուր չէ, որ կառավարությունը տարվա կտրվածքով ընթացիկից ավելի ցածր՝ 4,3 տոկոս աճ է կանխատեսել: Աճի տեմպերի նվազման դեպքում կունենանք այդ թիվը, հակառակ պարագայում կառավարությունը ստիպված պետք է անիրատեսական բացատրություններ ներկայացնի, թե տնտեսական ավելի բարձր աճի պարագայում ինչու է աղքատությունը շարունակում մնալ 30 տոկոս, գործազրկությունը՝ 20, արտագաղթն էլ կանգ չի առնում: Իսկ 4,3 տոկոսը մի փոքր համապատասխանում է այդ թշվառ վիճակին:

ԱՎԾ-ն, սակայն, հոկտեմբեր ամսվա համար արձանագրել է 7,1 տոկոս տնտեսական ակտիվություն (ՏԱՑ): Հիշեցնենք, որ ՏԱՑ-ը դեռ տնտեսական կամ ՀՆԱ-ի աճ չէ, բայց դրա մի բաղադրիչն է: Պարզապես ԱՎԾ-ն վերջին տարիների տնտեսական անկումները կամ չափազանց ցածր աճը քողարկելու համար առաջ է մղել ՏԱՑ տերմինը, որի դեպքում մի փոքր ավելի աճ է հնարավոր ցույց տալ: Ինչևէ: Այս դեպքում էլ, եթե նախնական օպերատիվ ամփոփ տվյալներով այն 10 օր առաջ 7 տոկոս էր, ապա ԱՎԾ-ն ավելի «մանրակրկիտ և օբյեկտիվ» ուսումնասիրությունից հետո հայտնաբերել է, որ դեռ ավելին՝ 7,1 տոկոս է: Այդպիսով այս գերատեսչությունը կտրուկ փակում է այն ենթադրությունների դուռը, թե կարող է տարեվերջին աճի նվազում ունենանք: Անգամ չսպասեք, ԱՎԾ-ն կառավարության հանձնարարությամբ ձեզ այդ հաճույքը չի պատճառի: Եթե անգամ մեր վիճակի ու այդ ցուցանիշի միջև ահռելի տարբերություն լինի:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031