Մոսկվայում նոյեմբերի 30-ին ՌԴ նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների խորհրդի աջակցությամբ 4-րդ տարին անցկացվող միջազգային «Համաձայնություն» մրցանակաբաշխության «Ժողովրդի հպարտություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել դիրիժոր, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը: Այս մրցանակը հիմնադրվել է Ռուսաստանի հայերի միության կողմից:
«Առավոտը» կապվեց մաեստրո Օրբելյանի հետ՝ նրան ուղղելով մեր հանդիսատեսին ամենահետաքրքրող հարցը՝ օպերային եւ բալետային ի՞նչ պրեմիերաներ են սպասվում ընթացիկ թատերաշրջանում:
Մեր զրուցակիցը նախ հիշեցրեց, որ այս խաղաշրջանի սկզբից, տեւական ընդմիջումից հետո, դարձյալ ներկայացվել են Չուխաջյանի «Արշակ Երկրորդ», Դոնիցետտիի «Պողիկտոս» օպերաները եւ «Շոպենիանա» բալետը, իտալացի Պաոլո Միչիկեի ռեժիսուրայով առաջին անգամ ներկայացվել է Վերդիի «Ռեքվիեմի» բեմականացման պրեմիերան: Հայաստանում առաջին անգամ կայացել է «Երեւան օպերային ֆեստ» միջազգային փառատոնը, «Չայկովսկի Գալա» ու «Բարսեղ Թումանյան եւ ընկերներ» նախագծերը: Տարբեր միջոցառումների առիթով հայ հանդիսատեսը առաջին անգամ վայելել է հանրահայտ երաժիշտների, այդ թվում՝ սոպրանո Ռենե Ֆլեմինգի (ԱՄՆ), սոպրանո Բարբարա Ֆրիտոլիի (Իտալիա), բարիտոն Գեորգի Գագմիձեի (Վրաստան), դիրիժոր Քրիս Ռուսմանի (Մեծ Բրիտանիա), թավջութակահար Եվգենի Կնյազեւի (ՌԴ) եւ մյուսների, ինչպես նաեւ Երեւանի օպերային թատրոնի մեներգիչների բարձրարվեստ կատարումները:
«Սկսվել են Տիգրանյանի «Դավիթ- Բեկ», Մոցարտի «Կախարդական սրինգ», Մասնեի «Մանոն» օպերաների նախապատրաստական աշխատանքները, կվերականգնվի Էդուարդ Համաբարձումյանի «Երազ» բալետը՝ Ժակլին Սարխոշյանի ժամանակակից խորեոգրաֆիայով:
Առայժմ այսքանը: Իհարկե, մեր հանդիսատեսին սպասվում են նաեւ անակնկալներ հյուրախաղորդ ճանաչված արտիստների տեսքով»,- հայտնեց պարոն Օրբելյանը: Խնդրեցինք հնարավորինս կոնկրետ նշել սպասվելիք պրեմիերաների ժամանակացույցը, ինչի առիթով ստացանք հետեւյալ կարճ պատասխանը. «Օպերային եւ բալետային ներկայացումները աշխատատար են եւ ժամանակատար»:
Անդրադառնալով կայացած մրցանակաբաշխությանը՝ ՌԴ վաստակավոր արտիստին կեսկատակ-կեսլուրջ հարցրինք՝ «Ժողովրդի հպարտությունը» հայրենիքի կողմից ի՞նչ պարգեւ կամ կոչում է ակնկալում, թեեւ, հավանաբար, վերջինների պակաս չունի, մաեստրոն ընդամենն ասաց. «Դա իմ որոշելիքը չէ…իմը ստեղծագործականն է, ու դրա շրջանակներում որոշումներ կայացնելը…»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
02.12.2017