Ինչո՞ւ եմ ես վերջերս այդքան շատ ուշադրություն դարձնում ձեւին: Գուցե տարիքային է: Օրինակ՝ երբ մարդը գրում է տրանսլիտով կամ հայատառ, բայց ակնհայտորեն անգրագետ, ես չեմ կարողանում նրա գրածները կարդալ: Ինձ հետ վիճում են՝ իսկ գուցե նա հանճարեղ մտքեր է արտահայտում: Խիստ կասկածում եմ, ճիշտն ասած: Արժեքավոր մտքերը չեն կարող շարադրվել թափթփված, ցրված, անկազմակերպ եղանակով: Համացանցը դրդում է մարդկանց ավելի քիչ կարդալ եւ ավելի փնթի գրել՝ մեկը մյուսի հետ սերտորեն կապված է:
Ոչ մի խմբագիր, ոչ մի հրատարակիչ չի ցանկանա տպարան ուղարկել թերթ կամ գիրք, որտեղ «այդ»-ի կամ թեկուզ «էդ»-ի փոխարեն գրված է «էտ», կամ՝ որտեղ գրված է «խոսքՏ», «տունՏ», «սերՏ»: Վրիպակներ, իհարկե, լինում են, բայց տպագիր խոսքը պահանջում է պատասխանատվության որոշակի աստիճան: «Համացանցային» խոսքի նկատմամբ նման պահանջներ չկան՝ մարդն իրեն բացարձակապես պարտավորված չի զգում, այսպես ասած, «իր մտքերը հավաքել»: Մտքի ցրվածությանը, իմ կարծիքով, նպաստում է նաեւ երկրորդ լեզվին չտիրապետելը. օտար լեզվին տիրապետելը մեծացնում է մարդու մտահորիզոնը, այդ լեզվի կառուցվածքի մեջ խորանալն օգնում է ավելի ճշգրիտ արտահայտվել քո մայրենի լեզվով: Ես երջանիկ կլինեի, եթե այսօրվա 20-30 տարեկանները տիրապետեին անգլերենին այնպես, ինչպես մեր սերունդը տիրապետում է ռուսերենին: Բայց ո՛չ քանակական, ո՛չ որակական առումով որեւէ համեմատություն, ինձ թվում է, չկա:
Եթե մարդը ձեւի տեսակետից «իրեն չի հավաքում», ապա շատ հավանական է, որ նա «հավաքված» չլինի նաեւ բովանդակության առումով: Գիտեմ՝ շատերը ինձ հետ համաձայն չեն լինի, բայց ես համոզված եմ՝ ինչպիսին լեզուն է, այնպիսին էլ բանավեճն է, իսկ ավելի լայն իմաստով՝ նաեւ մտածողությունը: «Համացանցային» ճապաղ լեզվով դու կարող ես արտահայտել միայն ճապաղ մտքեր, որոնց նպատակն է լավագույն դեպքում խայթել ընդդիմախոսին, ինքնահաստատվել՝ դիմացինին նսեմացնելով: Այդպես հնարավոր է արտահայտել միայն հապճեպ, կիսատ-պռատ մտքեր, որոնք գուցեեւ դուր գան մյուս օգտատերերին իրենց խարազանող պաթոսով («շշում ես, ախպեր»), բայց չեն օգնի ոչ մեկին հասկանալու խնդրի էությունը:
Ահա թե ինչու զուտ «համացանցային» մտքերն այնքան թեթեւ են իրենց կշռով, իսկ բանավեճերը թիթեռնիկների նման են՝ մոռացվում են հաջորդ իսկ օրը: Ավելի լավ է կարդալ մեկ պարբերություն որեւէ գրքից, քան հետեւել այդ բանավեճերին:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հմմմ… Սակայն բովանդակութիւնը միշտ աւելի էական է քան թէ լեզուն, ոճը, քերականութիւնը… Կան անձեր որոնք շատ մաքուր ու բծախնդիր լեզուով ահաւոր – կամ խորապէս ամինաստ – բաներ կ’արտայայտեն, մինչ ուրիշներ, քանի որ առիթը չեն ունեցած ուսանելու, իրենց գիտցած կէս-կատար լեզուով հետաքրքրական եւ իմաստալից բաներ կ’ըսեն:
Ընկերային այս խտրականութիւնը զարմանալի կը գտնեմ, այս ընդհանրապէս «ազատական» հակումներ ունեցող գրիչին տակ…
Թէ Համացանցային «բանավէճերը» անիմաստ են, զզուելի են, համաձայն: Բայց դա կապ չունի լեզուական մակարդակի հետ: Երանի՛ թէ այն ըլլար հիմնականը…
Ի դէպ, եթէ զուտ լեզուականը այդքան կարեւորութիւն ունենար, ինծի պէս խեղճ, մնացորդած «արեւմտահայ»երը ինչ էին անելու, երբ որ Համանցանցում ե՜լ, մնացեալ ամէն տեղ ալ, անհամեմատօրէն աւելի տարածուած եւ տիրապետող հայերէն լեզուն կովկասեան տարբերակն է, յաճախ իբրեւ թէ հայացուած օտար բառերով լեցուն – որոնց շատերուն զուտ հայերէնը կայ, եւ հեշտ է – , առաւել սթալինեան ուղղագրութեամբ… Դեռ չխօսելու համար առոգանութեան, արտասանական կշռոյթի եւ շեշտային խնդիրների մասին, յատկապէս հեռուստատեսիլի խօսնակների պարագային…
Ինձ դուր չի գալիս, երբ որեւէ իմ կողմից հարգված ազգի ներկայացուցչի խոսքում ինձ հասկանալի միջազգային բառեր են հայտնվում, նմանապես եւ հայերեն խոսողը չպետք է օգտագործի բառեր, որոնք հասկանալի կլինեն հայերեն չիմացողին, արդարացնել միջազգային բառերի օգտագործումը ընթերցողի ավելի հեշտ ընկալման համար սխալ է, թող ընթերցողը մի քիչ տառապի ու հասկանա, թե ինչ են իրեն ուզում հասկացնել, սկզբից ծիծաղելի կհնչի, բայց արագ կհարմարվենք, եթե այդ ծիծաղելի թարգմանությունները հայտնի հարգված հեղինակավոր մարդիկ օգտագործեն իրենց խոսքում:
Լիովին համաձայն եմ — Լաւատես— ի արտայայտած տեսակէտին;