Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ժամանակի կրկնվող տագնապ

Դեկտեմբեր 02,2017 14:30

Ուշացա, ուշացա ու չհասցրեցի առաջինն ինքս ասել, թե ինչից է, որ լուսինը ոչ միայն երկնքում է, այլ նաեւ լույս է տալիս, եւ ուշանալուս հետեւանքն այն եղավ, որ երեկ ինձ երկար ու ձիգ բացատրում էին այն, ինչ ես մանկությունից արդեն գիտեի:

Անշուշտ, հաճախ է պատահում, որ առաջին հայացքից թվացող չնչին պատճառները կարող են բացահայտել եւ որպես հետեւանք հարուցել մեծ իրադարձություններ, ինչպես որ մեծագույն ձեռնարկումները հաճախ ավարտվում են անհաջող եւ գրեթե աննկատ արդյունքով:

Եվ ես մի պահ ոտքի կանգնեցի, կանգնեցի եւ ուզեցի գնալ տուն եւ անմիջապես էլ հասկացա, որ ժամանակը չէ: Մտածեցի նաեւ, որ դիմացինին հուսահատության հասցնելու փորձ անողը չի կարող ժամանակը կանգնեցնել, քանի որ ժամանակի տերը ուրիշ տեղում է գտնվում, եւ ինքն է, որ տնօրինում է մեզ, մեր կամքն ու ժամանակը, եւ չհուսահատվողին սատարելու սքանչելի բնույթ ունի:

Ու ես՝ իմ հպարտ մոլորության մեջ, մտածում էի նաեւ, որ մշակույթի բարձր առաքելությունն աշխարհում հայտնվել է բոլորին հորդորելու եւ հանգստացնելու համար, որ վաղը նոր օր կբացվի, այն էլ` գարնանային:

Եվ քանի որ առօրյա զրույցների ու բանավեճերի մեջ խոսքի թողած բծերը մոռացվում են կամ երբեմն չեն նկատվում, իսկ արվեստագետի էությունը նույնիսկ տագնապի մեջ է հանգստություն փնտրում` գիտենալով մեկ պարզ ճշմարտություն. ով տաղանդավոր է, նա հոգով բոլորից մաքուր պետք է լինի, որովհետեւ ուրիշներին շատ բաներ կներվեն, իսկ իրեն` ոչ…

Չնայած որ հաճախ նա կարող է շրջապատված լինել բազմաթիվ ծերացած ջահելներով եւ չպատճառաբանված ջահել ծերերով, որոնք ամեն ինչ անում են, բայց, ափսոս, ոչինչ չգիտեն կամ ամեն ինչ գիտեն, բայց ոչինչ չեն անում:

Եվ նրանց տրտում զրույցները` հռոմեական արձանների անկումային տրամադրությունը դեմքերին, միշտ ավարտվում է տնտեսական ճգնաժամով, որի հայտնությունը, բոլորին մի տեսակ օտարացնելով իրարից, դարձել է այլեւս մտերմության հանգրվան…
Այնինչ կյանքը շարունակվում է, ուժեղները թուլանում են, անզորները` զորանում, աշխարհի բազմաճյուղ ճամփաներին թափառող իրադարձությունները մեզ` միամիտներիս, թվում է, թե պատահաբար են հանդիպում: Հանդիպումներ, որոնք հաճախ ճակատագրական են լինում, եւ ոչ մի տնտեսական ճգնաժամ չի կարող փլուզել այն, ինչը որ մարդ ցեղի ներսում ամբողջական է ու հաստատուն, որովհետեւ իրական ճգնաժամը սկսվում է մարդու ներսից` հոգու բացակայությունից, երկու մարդու անհոգի շփումից եւ տաղանդավոր մարդկանց հանդեպ վախից:

 

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ»

01.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031