Բաքվի դիվանագիտական հարձակումներն ուժգնանալու են
Այն, որ Ադրբեջանը ջանք ու եռանդ չէր խնայելու Բրյուսելում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի համատեղ հռչակագրում Արցախյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանանպաստ ձեւակերպումներ մտցնելու ուղղությամբ, դա պարզ էր ի սկզբանե:
Սակայն հռչակագրի խնդրահարույց վեցերորդ կետում գագաթնաժողովի մասնակիցները փաստեցին, որ խորապես մտահոգված են տարածաշրջանի շատ մասերում միջազգային իրավունքի սկզբունքների շարունակական խախտումներով. «Գագաթնաժողովի մասնակիցները կոչ են անում նորացնել տարածաշրջանում չլուծված հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը՝ միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի հիման վրա»: Նաեւ շեշտվեց, որ գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են ԵՄ ամրապնդվող դերը եւ ջանքերը հակամարտությունների կարգավորման եւ վստահության ամրապնդման հարցում՝ «Առկա բանակցային համաձայնեցված ձեւաչափերին աջակցության շրջանակներում»:
Դեռ գագաթնաժողովից շաբաթներ առաջ հայտնի էր, որ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի վերջնական հռչակագիրը հայտնվել էր փակուղում՝ Արցախյան խնդրի պատճառով: Բրյուսելից «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվյակը գագաթնաժողովից օրեր առաջ նշել էր. «Եվրամիության անդամ բոլոր 28 երկրների դեսպանները համաձայնության են եկել հռչակագրի շուրջ՝ բացի մեկ պարբերությունից, որը վերաբերում է տարածաշրջանային հակամարտություններին: Եվրամիության անդամ երկրները բաց են թողել այս մասը, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանն ուզում են տեքստում Լեռնային Ղարաբաղին վերաբերող ձեւակերպումներ մտցնել, որոնք ակնհայտորեն հակասում են միմյանց: Ըստ էության, հռչակագիրը պատրաստ է, եւ միայն Հայաստանն ու Ադրբեջանն են դեռ պայքարում Ղարաբաղին վերաբերող ձեւակերպումների շուրջ»: Այնուհետեւ հայտնի դարձավ, որ հռչակագրի ստորագրումը տապալման սցենարից փրկելու համար Բրյուսելը որոշել էր անվանական չառանձնացնել առկա հակամարտություններն ու սահմանափակվել ընդհանուր ձեւակերպմամբ:
Ակնհայտորեն տեղի ունեցածը Բաքվին դրեց բավական ծանր դրության մեջ: Բրյուսելի գագաթնաժողովի օրը ադրբեջանական կայքերի հրապարակած նյութերի անգամ միայն վերնագրերին ծանոթանալիս կարելի էր եզրակացնել, թե ինչ խորը ճգնաժամի մեջ է հայտնվել ադրբեջանական իշխանական քարոզչամեքենան: Օրինակ՝ հայտնվել էին նմանօրինակ վերնագրերով հոդվածներ՝ «Իլհամ Ալիեւը՝ Ադրբեջանի դիվանագիտական մեծ ձեռքբերումների մասին», կամ՝ «Հայաստանին չհաջողվեց խափանել ԵՄ-ի նախաձեռնությունը՝ տարածքային ամբողջականության շուրջ», կամ՝ «Սերժ Սարգսյանին կոչ արեցին հարգել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:
Նշյալ վերնագրերով հոդվածներում ոչ թե տեղեկություններն ուղղակի աղավաղված էին, այլ առհասարակ իրականության հետ կապ չունեցող մեկնաբանություններ, գնահատականներ էին ներկայացված: Ադրբեջանական քարոզչամեքենայի խղճուկ վիճակը ճիշտ այնպիսին էր, ինչպես Բրյուսելում գագաթնաժողովից հետո օպերատորների ուշադրությունից չվրիպած, միջանցքներում շվարած-կանգնած Ալիեւի վիճակը: Մնում է միայն հասկանալ՝ արդյո՞ք այդ երկրում իշխանական բացարձակ կեղծ տեղեկատվություն տարածողները համոզված են, որ իրենց երկրում գրագետ մի քանի մարդ անգամ չկա, որոնք ունակ են ուղղակի հռչակագրին ծանոթանալ: Թե՞ վստահ են, որ անգամ եթե կան այդպիսիք, միեւնույն է, եթե անգամ իրականությունը տեսնում են՝ ծպտուն չեն հանելու:
Ինչեւէ, Ալիեւի հոգեվիճակը միանգամայն հասկանալի է: Շաբաթներ առաջ նրա հույսը Պուտին-Էրդողան հանդիպումներն էին: Էրդողանը խոստացել էր, որ Պուտինի հետ կքննարկի Արցախյան հակամարտությունը, սակայն նույնիսկ Թուրքիայի նախագահը ստիպված եղավ արձանագրել, որ Պուտինն էլ առանձնապես լավատես չէ: Հաջորդ հարվածը Ալիեւի համար, թերեւս, Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հայտարարությունն էր, երբ նա արձանագրեց, որ հակամարտության արագ կարգավորման հույսեր չունի:
Ալիեւի համար պակաս ստորացուցիչ չէին Բրյուսելում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովից առաջ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հնչեցրած գնահատականները: Նա նախ՝ կոչ արեց Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել բանակցությունները Ղարաբաղյան խնդրի շուրջ եւ խուսափել իրավիճակի հետագա սրացումից: Բրյուսելում հանդիպելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ Յենս Սթոլթենբերգն ընդգծեց, որ այդ հակամարտությունը չի կարող ռազմական ճանապարհով կարգավորվել. «Այսօր մենք քննարկեցինք տարածաշրջանային անվտանգությունը Հարավային Կովկասում: Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտությունը մտահոգության առիթ է: Հստակ է, որ այստեղ ռազմական լուծում չի կարող լինել: ՆԱՏՕ-ն այս հարցում ուղիղ դերակատարություն չունի, մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, եւ ես ուրախ եմ լսել, որ դուք վերսկսել եք բանակցությունները Հայաստանի նախագահի հետ: Մենք քաջալերում ենք ձեզ շարունակելու բանակցային կարգավորման այդ ճանապարհն ու խուսափելու իրավիճակի նոր սրացումներից»:
Հերթական սառը ցնցուղը ստացած՝ Ադրբեջանի նախագահն էլ, շրջանցելով բանակցությունների շարունակման ու հրադադարի պահպանման հորդորները, անցավ ավանդական տեքստերի արտասանմանը՝ «տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող ամենամեծ վտանգի», «հայերի օկուպացիայի», «մեկ միլիոն ադրբեջանցի փախստականների ու բռնի տեղահանվածների», ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձեւերի եւ, իհարկե, «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» մասին, որն ըստ նրա՝ «ողջ աշխարհն է ճանաչում»:
Ի՞նչ է մնում Ալիեւին այս պայմաններում: Գործընկեր երկրներին տարբեր կառույցներում միավորել ընդդեմ Հայաստանի: Վերջին թարմ օրինակն օրերս Կիեւում ընդունված հակահայկական բանաձեւն էր: ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության տարածած հայտարարությունից նախ հայտնի դարձավ, որ բոլոր պատվիրակությունների ղեկավարները ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի եւ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ առանձնացել եւ ինչ-որ հարց են քննարկել, որին չի հրավիրվել միայն Հայաստանի ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը: Ապա պարզվել էր, որ վերոհիշյալ քննարկման արդյունքում հռչակագրի մեջ տարածաշրջանում առկա հակամարտությունների վերաբերյալ մի փոփոխություն է մտցվել, որն ամբողջովին հակասում է միջազգային իրավունքի՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի համալիր սկզբունքին: Վեհաժողովի ազգային 12 պատվիրակությունից 9-ը կողմ էր քվեարկել այն բանաձեւի ընդունմանը, որոնց թվում էին՝ Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Թուրքիան:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ», 01.12..2017