Հարցազրույց ՀՀ գերագույն դատարանի 1996թ. դեկտեմբերի 10-ի դատավճռով մահապատժի, ապա ցմահ ազատազրկման դատապարտված Արմենակ Մնջոյանի դստեր՝ Լաուրա Մնջոյանի հետ:
– Լաուրա, ասացիր, թե «Առավոտի» 11.10.2017թ. հարցազրույցից հետո որոշ մտքեր դուրս են մնացել: Ի՞նչն էր, որ ծավալով պայմանավորված՝ դուրս էր մնացել քո խոսքից:
– Քանի որ հայրս սովորեցրել է ապրել հեքիաթների մեջ եւ հրաշքներին հավատալով, ապա համոզված եմ՝ հորս կտեսնեմ ազատության մեջ, քանի որ ինչպես հեքիաթներում է լինում, բարին միշտ էլ հաղթում է չարին: Հայրիկիս ազատության մեջ տեսնելով՝ պետք է ասեմ, որ չդադարեց պայքարելուց հանուն արդարության, հանուն ճշմարտության, հանուն հայրենիքի եւ հանուն Աստծո: Նշեմ, որ ինքս էլ կմիանամ հորս արդարացի պայքարին:
-Հարցազրույցից հետո արձագանքները շատ էին: Հարցնում էին, մասնավորապես, ամբողջական ծանո՞թ ես «Դրո» գործին, հայրիկիդ առաջադրված մեղադրանքին:
– Ինչ վերաբերում է նախաքննական եւ ապա՝ դատաքննական գործին, դրանք ամբողջապես ոչնչացված են: Սա էլ խոսում է այն փաստերից մեկի մասին, որ ամբողջ գործը կեղծ եւ շինծու էր, որ հետապնդում էր քաղաքական որոշակի խնդիրներ: Վերջերս հայրս այդ առումով հայտարարությամբ էր հանդես եկել:
– Ո՞ր հայտարարությունը նկատի ունես:
– Խոսքս վերաբերում է վերջին հայտարարությանը, որի համար պատճառ էր հանդիսացել վաղաժամկետ ազատ չարձակելը:
– Այսինքն, կարո՞ղ եմ ասել՝ քանի որ չկա քրեական գործը, ապա դուք, ձեր ընտանիքը չի իմանում, թե իրականում ինչի համար է մեղադրվել եւ մահապատժի դատապարտվել ձեր հայրը:
-Հայրիկիս մեղադրում էին մի շարք պատվերով սպանությունների մեջ, որոնց թվում ՊԱԿ-ի նախագահ Մարիուս Յուզբաշյանի, քաղաքապետ Համբարձում Գալստյանի, երկաթգծի Ղանդիլյանի, եւ էլի հինգ պատվերով սպանություններում: Սրա մասին ողողված էր ամբողջ մամուլը, գումարած նաեւ, որ մեղադրում էին յոթանասունից ավելի սպանություններ կազմակերպելու փորձի մեջ, որն ամբողջությամբ կազմում էր Հայաստանի Հանրապետության կառավարությունը, քաղաքական ղեկավարությունը, նախագահ Տեր-Պետրոսյանից սկսյալ: Որքան հիշում եմ, այդ ցուցակի մեջ կային նաեւ Վազգեն Սարգսյանը, Բաբկեն Արարքցյանը, Վանո Սիրադեղյանը եւ այլք: Սա հրապարակվել է մինչեւ անգամ «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթում: Ինչ խոսք, ժամանակը ցույց տվեց, որ այդ ամենը կեղծ եւ շինծու մեղադրանքներ էին: Իրականում խնդիր կար ՀՅԴ կուսակցության գործունեությունը սառեցնել:
– Լաուրա, հայրիկիդ վերաբերյալ քրեական գործից այս պահին ի՞նչ պաշտոնական փաստաթղթեր են պահպանվել, եթե հանկարծ մտադիր լինեք ՄԻԵԴ դիմելու, կապված վաղաժամկետ ազատման դիմումը մերժելու հետ: Մտադի՞ր եք դիմել ՄԻԵԴ:
– Հայրիկիս հետ զրուցելու ընթացքում նա միշտ էլ հրաժարվում է հետաքննության եւ նոր դատական գործընթաց սկսելուց: Նա միշտ էլ շեշտում է, որ մինչեւ Հայաստանում քաղաքական ուղղվածության փոփոխություններ տեղի չունենան, «Դրո»-ի խնդիրը վերջնական լուծում չի ստանա:
– Այնուամենայնիվ, եթե հետաքննություն սկսեիր, ինչի՞ց կսկսեիր:
– Ցանկացած հետաքննություն հետապնդում է արդարության կայացմանը: Շատերի համար արդարություն բառն անգամ սարսափելի է: Չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվեն դատաիրավական ոլորտում մարդիկ, պետական այրեր, որոնք կփորձեն այսօրվա առկա պայմաններում հասնել արդարության: Եթե ինքս սկսելուց լինեի, ապա արգելափակվածների եւ ազատության մեջ գտնվողների մեջ շատ շատերի տեղափոխություն տեղի կունենար, որտեղից էլ սկսելուց լինեի այդ գործի վերանայումը:
– Դուք օրենքով սահմանված կարգով այցելում եք հայրիկին: Նրա մարտական, կուսակցական ընկերները մինչ ազատությունից զրկվելն այցելե՞լ են հայրիկիդ: Հայրդ գիտի՞, թե ովքեր են հիմա ազատազրկված:
-Հակառակ նրան, որ համակարգիչ եւ հաղորդակցման միջոցներ չկան, այնուամենայիվ, բավական լավ տեղեկացված է թե ներքին, թե արտաքին եւ թե տարածաշրջանային քաղաքական անցուդարձերին: Ինչ վերաբերում է կուսակից այն ընկերներին, որոնք եղել են անազատության մեջ եւ կամ փախուստի մեջ, հայրս շատ ստերեոտիպ ուներ. կուսակից ընկերների այն հատվածը, որոնց զրպարտել էին եւ ենթարկել տարատեսակ ճնշումների, միշտ էլ եղել է շփում: Հատկապես լուսահոգի Լեւոն Մելիք-Շահնազարյանի, որին ձերբակալել էին Արցախում, Գառնիկ Իսագուլյանի, որը զրպարտանքների արդյունքում այն ժամանակ գտնվում էր փախուստի մեջ:
– Կա մի հարց, որն ամեն անգամ շրջանառվում է. չգիտեմ, դա թափառիկ սյուժե՞ է, բանահյուսությո՞ւն: Ասում են՝ Վազգեն Սարգսյանի հրավերով, երբ Հայաստանում էր գտնվել գեներալ Լեբեդը, նա այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ հայրիկիդ՝ Արմենակ Մնջոյանին տեսնելու, որպես «Սեւ սարդ» դիվերսիոն խմբի անդամի:
– Գեներալ Լեբեդը երբ օդադեսանտային զորքերի գլխավոր հրամանատարն էր, հայրս ծառայում էր այդ ստորաբաժանումների հետախուզադիվերսիոն խմբում: Այդ ժամանակահատվածում էլ գեներալի հետ ձեւավորվել էին մտերմիկ հարաբերություններ: Որքանով գիտեմ՝ հորս ինստրուկտորի կարգավիճակ ստանալու կոչումը երաշխավորել էր անձամբ գեներալ Լեբեդը: Նա մի քանի անգամ դիմել էր նախագահ Տեր-Պետրոսյանին, որպեսզի դադարեցնեն ճնշումները եւ ազատ արձակեն Մնջոյանին: Այդ ժամանակ Լեբեդը ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարն էր: Հայաստան այցելության ժամանակ Լեբեդն այցելել էր ոչ թե մեկուսարան՝ հայրիկիս, այլ՝ տուն:
-Քսան եւ ավելի տարիներ գտնվելով անազատության մեջ, արդյոք հայրդ սովորույթներից հրաժարվե՞ց, եւ ի՞նչ ձեռք բերեց:
– Մինչեւ տասնչորս տարի հայրիկիս գիտեի պատմելով, թե ընտանիքիս անդամների, թե նրա ընկերների կողմից շատ դրվագներ ինձ թվում էին անգամ առասպելներ: Տասնչորս տարեկանից հետո հայրիկիս հետ շփումը պարզեց առասպելների իրականությունը եւ միեւնույն ժամանակ, թե որքան քիչ բան է պատմել:
Մինչեւ ձերբակալությունը տասը տարի շարունակ իր մասնակցությունն է բերել արցախյան ազատամարտին, Հայաստանի անկախացման, հայ ժողովրդի բարեկեցության համար մղված պայքարին: Ողջ պատերազմի ընթացքում եղել են պահեր, ուր կանգնած է եղել ընտրության առջեւ. շարունակել պայքարը զոհողության գնով կամ ետ քաշվել պայքարից: Հայրս միշտ էլ ընտրել է առաջին տարբերակը. զոհաբերվել հանուն մյուսների գոյության: Ձերբակալվելուց մինչեւ այժմ՝ քսաներեք տարի, շարունակաբար, իր առջեւ խնդիր է դրել՝ ձեռք բերել ազատություն ուրիշների ազատության հաշվին կամ կրել անազատությունը ցմահ՝ չորս պատերի մեջ: Հայրս այս պարագայում ընտրել է երկրորդ տարբերակը, ուստի ես չեմ կարծում, որ այս ամբողջ տարիների ընթացքում հայրիկիս մոտ տեղի են ունեցել որոշ սկզբունքային փոփոխություններ:
– Եվ վերջին հարցս: Ցմահներից շատերը դիմում են ԶԼՄ-ներին, թե ունեն ասելիք իրենց գործերի հետ կապված: Կա՞ նման ասելիք, ինչո՞ւ ոչ հիմա, վաղը ուշ չլինի:
– Նախ, ուզում եմ շնորհակալություն հայտնել «Առավոտին», որ թերթի սկզբնավորման օրվանից շարունակաբար հետամուտ է եղել ՀՅԴ-ԴՐՈ գործի արդարացի լուսաբանմանը:
Հարցազրույցը՝
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ
«Առավոտ»
01.12..2017