Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիստերիա» եւ զգացմունքային պայթյուն Թերլեմեզյան քոլեջում

Դեկտեմբեր 02,2017 13:30

Ուսանողները հանդիպել են ժամանակակից գրողների հետ
ու արվեստի միջոցով արտահայտել ստացած հույզերը

Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանը (լուսանկարում) «Առավոտի» հետ զրույցում ներկայացրեց «Երեք պատմություն» ծրագրի շրջանակներում վերջերս բացված ցուցահանդեսը, որը նախապատմություն ուներ: Կայացել է երեք հանդիպում-քննարկում ժամանակակից գրողներ Գրիգի, Արամ Պաչյանի եւ Հրաչյա Սարիբեկյանի հետ, հեղինակներն իրենց ընտրությամբ ընթերցել են պատմվածքներ, որոնց մոտիվներով էլ ուսանողները ստեղծագործել են:
Ծրագրի երկրորդ մասը ցուցահանդեսն է։

Աննա Մնացականյանը պատմեց, որ քոլեջի հետ առաջին նախաձեռնությունը երիտասարդ կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանի կողմից էր. «Փառատոնի շրջանակներում հանդիպում եղավ ուսանողության հետ, եւ այդ հանդիպման ընթացքում մեր ուսանողների ակտիվ արձագանքից ես հասկացա, որ միջմշակութային կապերը մարած են: Օրինակ, իմ մանկությունն անցել է, այսպես ասած, Գրողների միության ներքնահարկում, որտեղ իսկապես բոհեմ էր` նկարիչներ, ռեժիսորներ, գրողներ, երաժիշտներ, այսինքն` խառնարան լավ առումով: Բնականաբար, այդ միջավայրն անհավատալի ակտիվ դեր էր խաղում եւ գեղագիտական ճաշակի առումով օգնում էր ստեղծել ընդհանուր պատկեր: Տվյալ ժամանակաշրջանի երաժիշտը հասկանում էր իր ժամանակի գրողին, մինչդեռ հիմա մենք այդ պատկերը չունենք: Ամենուրեք ապակենտրոնացման տրամաբանությունն է աշխատում, եւ միջմշակութային կապեր չկան»: Գեղարվեստի քոլեջի տնօրենի ձեւակերպմամբ, երեւանյան սրճարանները մի կողմից քննադատվում են, բայց մյուս կողմից էլ յուրատեսակ հարթակ են հանդիսանում, որտեղ երիտասարդները շփման ինչ-ինչ եզրեր են գտնում:

«Հենց այս համատեքստում երիտասարդ գրողներին հետաքրքիր ձեւաչափով հրավիրեցինք մեր ուսանողների հետ շփման: Դա մեր արվեստաբան Ելենա Մովսեսյանի առաջարկն ու գաղափարն էր: Որոշեցինք, որ յուրաքանչյուր գրող կներկայացնի մեկ պատմվածք, եւ դա կլինի ոչ թե գրքի ձեւավորում, պատկերազարդում, այլ կոմպոզիցիոն մտածողություն, որովհետեւ քոլեջում կոմպոզիցիոն մտածողության խնդիր կա, ոչ բոլոր երեխեքն են գիրք կարդում: Կարծում եմ, որ առաջ էլ էր այդպես, ու կարդացող 15-20%-ը միշտ եղել է, պարզապես առաջ միջին պատկերը շատ ավելի հարուստ էր, քան հիմա: «Երեք պատմություն» նախաձեռնությամբ մենք սահմանեցինք գերակայություն` ասելով, որ նկարիչը պետք է կարդա, որպեսզի կարողանա մտածել, պետք է լսի լավ երաժշտություն, դիտի լավ ֆիլմեր, որովհետեւ ինչպես սինթետիկ սնունդը վնաս է տալիս առողջությանը, այնպես էլ սինթետիկ ինֆորմացիան վնաս է ճաշակին»,-հավելեց տիկին Մնացականյանը:
«Անչափ տպավորիչ էր: Հյուրընկալել էինք երեք իրար հակասող կերպարների` Գրիգ, Արամ Պաչյան, Հրաչյա Սարիբեկյան… Մեր ընկերներն ուսանողների հետ հանդիպումից ուղղակի հիստերիայի մեջ էին, էմոցիոնալ պայթյուն էր, ուզում էին անգամ տեսնել այն աշխատանքները, որոնք չէինք ընտրել»,-ժպտալով հիշում է քոլեջի տնօրենը: Նաեւ շեշտում է, որ նոր գաղափարների պակաս իրենք չունեն, իսկ այս նախաձեռնությունը միանշանակորեն ստացված էր. «Երբ դու սահմանում ես գերակայություն, մի մասի համար դա իսկապես գերակայություն է արժեհամակարգային իմաստով, մնացածի համար գիտակցաբար կամ անգիտակցաբար, մյուսը բրենդային համատեքստում սկսում է հետեւել, նույնիսկ այն երեխան, որ չի կարդում, հասկանում է, որ կարող է վաղը գլուխ գովելիս ասել, որ կարդացել է:

Այսինքն, դա դառնում է աշխարհընկալում, մտածողություն է փոխվում»:
Միջոցառումից հետո քոլեջի սաների աշխատանքներով սկսել է հետաքրքրվել «Անտարես» հրատարակչությունը, որի գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանն էլ է, Մնացականյանի խոսքերով, անակնկալի եկել ու խոստացել, որ կատալոգ կտպագրվի:
«Երեք պատմություն» նախագծի համադրող, արվեստաբան Ելենա Մովսեսյանը եւս նշեց, որ պարբերաբար հյուրընկալում են տարբեր ոլորտների արվեստագետների: Ինչ վերաբերում է գրողների հետ հանդիպում-քննարկումներին, դրանք բաց են եղել եւ հրաշալի խթան հանդիսացել միջմշակութային կապերի զարգացման: «Մենք պայման ունեինք, որ յուրաքանչյուր հեղինակ ընդհանուր պետք է խոսի իր ստեղծագործություններից, բայց կենտրոնանա մեկ պատմվածքի վրա: Սակայն երեխաներն այնքան հետաքրքրված էին, որ սկսեցին տարբեր գործեր կարդալ, ու «Երեք պատմություն» նախագիծն ընդլայնվեց: Այժմ ցուցահանդեսում ներկայացված 124 աշխատանք ունենք, մասնակցել է տարբեր կուրսերի 54 ուսանող, տարբեր նյութերով են աշխատել, ստեղծել բազմաժանր աշխատանքներ` գրաֆիկական, գեղանկարչական գործեր, կոլաժներ, քանդակներ: Յուրաքանչյուրն իր նյութի մեջ վերարտադրել է այն հույզերը, որ ստացել է հեղինակներից: Հրաշալի է, որ գրողների ստեղծագործությունները, փաստորեն, յուրատեսակ շարունակություն ունեցան եւ մի ստեղծագործությունից մեկ այլ ստեղծագործություն ծնվեց»,-հայտնեց Ելենա Մովսեսյանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

01.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031