Լրահոս
Օրվա լրահոսը

Լեգենդար «Կոմիտաս» քառյակի մասին ընդամենը 2 բրոշյուր կա

Դեկտեմբեր 02,2017 13:00

Կարծես օրինաչափություն է դարձել, որ Հայաստանում որակյալ կրթություն ստացած արվեստագետները հետագայում հաստատվում են արտասահմանում, ապա որոշ ժամանակ անց նրանցից ոմանք հրավիրվում են հայրենիք, արժանանում բարձր պարգեւների ու կոչումների: Սակայն, կան նաեւ ինչ-ինչ բացառություններ: Օրինակ, վերջերս «Կոմիտաս» քառյակի Ավստրիա կատարած համերգային շրջագայությունը կազմակերպել էր ալտահարուհի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ Գայանե Միրզոյանը, որն ուսանել է քառյակի ալտահար Ալեքսանդր Կոսեմյանի դասարանում:

Այս մասին «Առավոտին» տեղեկացրեց քառյակի գեղարվեստական ղեկավար եւ առաջին ջութակ, ՀՀ ժողովրդական արտիստ Էդուարդ Թադեւոսյանը: Նա նշեց նաեւ, որ ավստրիաբնակ երաժիշտն ակտիվ գործունեություն է ծավալում Արեւմուտքում, պրոպագանդում հայ հեղինակներին՝ իր իսկ հիմնած «Միրզոյան» քառյակի միջոցով, նույնիսկ դոկտորական թեզ գրում «Կոմիտաս» քառյակ» թեմայով:

«Կոմիտաս» եւ «Միրզոյան» քառյակները՝ Վիեննայի Musikverein-ում:

Աշխարհում ամենատարեց՝ 93-ամյա «Կոմիտաս» քառյակի առաջին ջութակահարից հետաքրքրվեցինք, թե մինչ օրս քանի՞ երաժշտագետ է ինքն իրեն պատվել՝ գիրք գրելով քառյակի մասին: «Քառյակի մասին հրատարակված է ընդամենը երկու բրոշյուր, որոնց հեղինակը նախկին երկրորդ ջութակահար Ռաֆայել Դավիդյանն է, որը քառյակում գործունեություն ծավալեց 1947-69թթ.»,- ասաց մեր զրուցակիցը: Դիտարկմանը, թե քառյակի կյանքում երկար ժամանակահատված ընդհատվել էին հյուրախաղերը, մինչեւ 2013թ. Սամվել Մեսրոպյանի՝ տնօրեն նշանակվելը, պարոն Թադեւոսյանը կարեւորելով նրա աշխատանքը, պատասխանեց. «Օրինակ, այս տարվա ընթացքում մեր բոլոր ուղեւորությունների (Գերմանիա, Հոլանդիա, Ավստրիա) ճանապարհածախսը հոգացել է մշակույթի նախարարությունը, բայց նախաձեռնողը եւ հրավիրողը եղել են մեր հայրենակիցները: Այս տարի քառյակը Վահրամ Եկավյանի հրավերով մասնակցեց Գերմանիայում անցկացվող «Կոմիտաս» փառատոնին, իսկ Հոլանդիայում մեր համերգը նվիրված էր երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, որը կազմակերպել էր տեղի դեսպանատունը»:

Էդուարդ Թադեւոսյանը նշեց, որ ընթացիկ տարում «Մշակութային կանգառ» ծրագրով ունեցել են 16 համերգ, այդ թվում՝ Արցախում, ներկայացնելով ժամանակակից հայ հեղինակների ստեղծագործություններ, այդ թվում՝ Լեւոն Չաուշյանի 5 կվարտետները, Մանսուրյանի, Արզաս Ոսկանյանի, Վարդան Աճեմյանի երկերը եւ, իհարկե, տասնամյակներ շարունակ նվագացանկում իրենց մշտական տեղն ունեցող Միրզոյանի, Սարյանի, Հարությունյանի եւ մյուսների գործերը: Ավստրիական երկու քաղաքներում՝ Վիեննայում եւ Գրացում կայացած համերգների երկացանկի մասին էլ նշեց, որ քառյակը ներկայացրել է Ասլամազյանի, Միրզոյանի, Շուբերտի, Շոստակովիչի ստեղծագործությունները եւ Գայանե Միրզոյանի հիմնած «Միրզոյան» կվարտետի ընկերակցությամբ՝ Մենդելսոնի օկտետը:

Խնդրանքին՝ կարծիք հայտնել հայաստանյան մշակութային կյանքի մասին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ժամանակն է դադարել դեմոկրատիան շահարկելը. օրինակ, երբեմն հանդիպում ես նման ձեւակերպմամբ հայտագրերի՝ «Տարվա ամենասպասված համերգը», մինչդեռ հանդիսատեսը չի էլ ճանաչում այդ մենակատարին կամ խմբին: Հայտարարում են, թե իրենք առաջինն էին, որ հանդես են եկել Վիեննայի հռչակավոր Musikverein-ում: Սա այն սրահն է, որտեղ մեր քառյակը նախկինում էլ է ելույթ ունեցել: Եվ հետաքրքիր է, որ այնպիսի երաժիշտներ, ինչպիսին են ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, երբեք իրենց թույլ չեն տա ամենասպասված լինելով հանդերձ՝ «ամենասպասվածն» անվանել իրենց»:

«Կոմիտաս» քառյակը վերջին շրջանում հանդես է գալիս հետեւյալ կազմով՝ Էդուարդ Թադեւոսյան, Սյուզի Երիցյան, Ալեքսանդր Կոսեմյան եւ Անժելա Սարգսյան: Քառյակի առաջին ջութակը տարակուսանք է հայտնում, որ երբեք արտաքին գործերի կամ սփյուռքի նախարարության տարածած մամուլի հաղորդագրություններում բառ անգամ չի հանդիպում «Կոմիտաս» քառյակի արտասահմանյան համերգների մասին, այն դեպքում, երբ միջազգային մամուլը պարբերաբար անդրադառնում է:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

01.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031