Նոյեմբերի 26-ից շուկայում է Brainy-ն։ Սա սեղանի ինտելեկտուալ խաղ է՝ ամբողջությամբ՝ նոր ձեւաչափ աշխարհում, նախատեսված խաղալով անգլերեն ավելի քան 4000 բառ եւ բառակապակցություն սովորելու համար։
Խաղը ստեղծել է 22-ամյա Հայկ Մկրտչյանը, ով արդեն 2 տարի է, ինչ հիմնադրել է «Դե» բրենդը, որը զբաղվում է սեղանի ինտելեկտուալ եւ ժամանցային խաղերի արտադրությամբ։ 2 տարիների ընթացքում ստեղծվել են «Դե խաղա 1»-ը, «Բառախաղ»-ը եւ «Դե խաղա 2»-ը։
«Գաղափարը եկել է նրանից, որ ես ինքս անգլերեն լավ չեմ իմացել եւ ցանկություն է առաջացել ստեղծել միջոց, որը ոչ միայն կստիպի սովորել անգլերեն, այլեւ դա անել հաճույքով, միմյանց հետ մրցելով եւ իհարկե՝ զվարճանալով»,- նշում է Հայկը:
Խաղի մշակման համար հիմք են ծառայել Օքսֆորդի եւ Քեմբրիջի բառարանները: Այն ներառում է 350 խաղարքարտ, որոնք, ինչպես ընդունված է անգլերենում, բաժանված են 6 մակարդակների՝ A1-C2։ Խաղաքարտերի վերին հատվածում թեման է, որը կօգնի հասկանալ, թե ինչ բովանդակությամբ են դրա տակ դասավորված մյուս 9 բառերը։ Եթե անգամ մասնակիցը չգիտի անգլերեն, կարող է սկսել ամենապարզ մակարդակից, այնուհետեւ բարդացնել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր բառի տակ կա հնչադարձություն՝ անգլերեն բառը ճիշտ արտաբերելու համար։
Խաղը կարող է սկսվել, եթե կա առնվազն 4 մասնակից։ Խաղը թիմային է, մասնակիցները մրցում են միմյանց հետ՝ միմյանց դեմ, իսկ խաղալ կարող են 8-108 տարեկան բոլոր երեխաները։ Պետք է մեկ րոպեի ընթացքում թիմակցին բացատրել խաղաքարտում գրված հայերեն բառերը՝ առանց օգտագործելու տվյալ բառի արմատը։ Երբ թիմակիցը կռահում է, թե ինչի մասին է խոսքը, բարձրաձայնում, եւ ստանում հաստատում, անմիջապես տալիս է տվյալ բառի խաղաքարտում գրված անգլերեն համարժեքը։ Նույնը կարող են անել անգլերենից հայերեն տարբերակով։
Brainy-ն հնարավոր է ձեռք բերել Բուկինիստ գրախանութների ցանցի ցանկացած մասնաճյուղում:
ԴԱՎԻԹ ԴԱԴԱԼՅԱՆ
«Առավոտ»
01.12..2017