Այսօր մեկնարկեց Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գավաթի վեցերորդ խաղարկությունը, որում մոտ 75 հրաձիգներ մրցում են չորս մրցաձեւում՝ օդամղիչ ատրճանակ, օդամղիչ հրացան, վազող թիրախ (նորմալ վազք) եւ վազող թիրախ (խառը վազք)։
Մրցաշարն անցկացվում է ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի նախաձեռնությամբ։ Նա հրաձիգներին հորդորել է ավելի լուրջ մոտենալ մարզումներին եւ մրցումներին. «Ցավով եմ նշում, բայց երեք տարի առաջ մենք ավելի ամուր դիրքերում էինք։ Այժմ անկում ենք ապրում։ Չեմ հասկանում ինչն է պատճառը՝ մարզիչնե՞րը, թե՞ մարզիկները։ Իմ դժգոհությունները հայտնել եմ մարզիչներին։ Աշխատանք կատարվում է, բայց ինչ-ինչ պատճառներով արդյունքը չի երևում։ Հարգելի մարզիկներ մի ընկեք ձեզ ցույց տալու հետևից։ Արեք այն ինչ գիտեք, ինչի համար մարզվում եք։ Այդ դեպքում կհասնեք արդյունքի»,- ասել է ֆեդերացիայի նախագահը։
Այս մրցաշարը վերջինն է ընթացիկ տարում, որի արդյունքներով կձեւավորվեն տարիքային հավաքականները։ Հրաձիգները հունվարի վերջին կմասնակցեն Մյունխենի միջազգային մրցաշարին։ Հետո կպատրաստվեն Եվրոպայի առաջնությանը: Ֆեդերացիայի գավաթի խաղարկության հաղթողները կստանան պարգեւներ, սահմանված է նաեւ ֆեդերացիայի նախագահի հատուկ մրցանակ։ Իսկ գավաթը կհանձնվի լավագույն հրաձիգին, որին կընտրի մարզչական խորհուրդը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ