Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մեկը մեզ չի ասելու՝ արի, ախպեր ջան, նկարի, մենք պետք է պայքարենք». Մեր գործընկեր «Ֆոտոլուրը» 15 տարեկան է

Դեկտեմբեր 01,2017 21:00

Այսօր «Ֆոտոլուր» լրատվական գործակալության «Ակնթարթ» ֆոտոցուցահանդեսն է՝ 15-ամյա գործունեության առիթով: Ցուցահանդեսում 150 հազար նկարներից ընտրված 120 ակնթարթներն են:

Գործակալությունը 2002-ին հիմնադրել է հայտնի ֆոտոլրագրող Հերբերտ Բաղդասարյանը:

Գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանը մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչպես են կարողացել կայացնել գործակալությունը. «Առավոտ թերթը մեր առաջին բաժանորդն է եղել, հետո նաեւ՝ «Ազգը» եւ մյուս թերթերը: Հաջողություններ եւ անհաջողություններ շատ ենք ունեցել, տարբեր օրեր, տարբեր դեպքեր, բայց «Ֆոտոլուրը» հենց առաջին օրից կայացավ, որովհետեւ պրոֆեսիոնալի հետ էինք»:

 

Այսօր շատերն են զբաղվում ֆոտոլրագրությամբ, նաեւ տեխնիկայի այս ժամանակաշրջանում ցանկացածը կարող է ֆոտոներ անել ու լրագրությամբ զբաղվել: Թե ինչո՞վ է տարբերվում արհեստավարժ մասնագետի աշխատանքը՝ Մելիք Բաղդասարյանը պատասխանեց. «Ճիշտ է, ֆոտոլրագրությամբ այսօր բավականին շատ մարդ է զբաղվում ու այսօրվա տեխնիկան թույլ է տալիս ունենալ լուսանկար՝ տարբեր իրավիճակներից, բայց եթե նկարողին հարցնես ոնց է նկարել, չի իմանա, թե ինչ գործընթաց է եղել, որ ստացել է նկարը: Պրոֆեսիոնալը, իհարկե, բոլոր ասպարեզում մնում է, որովհետեւ ե՛ւ պահի ընտրության հարց կա, ե՛ւ լույսի, եւ կադրի: Բոլոր պրոֆեսիոնալներն էլ տարբերվում են սովորական նկարողներից: Մյուսները մի քիչ խանգարում են ու ոչ միայն խանգարում են, որովհետեւ չես կարողանում քո նկարն իրացնել, այլ նաեւ խանգարում են նկարելու պահին էլ: Ասում է՝ ես էլ եմ նկարում, քեզնից ինչո՞վ եմ վատը: Ֆոտոն, երեւի, այսօր առաջին մասնագիտությունն է դարձել, որովհետեւ բոլորը հեռախոսով նկարում են, իսկ հեռախոս բոլորն ունեն: Բայց, իհարկե, պրոֆեսիոնալի նկարները համեմատելի չեն սիրողական նկարների հետ: Մանավանդ, երբ դու լրատվական դաշտում ես, պահի, տեղի ընտրությունը շատ էական նշանակություն ունի»:

Պարոն Բաղդասարյանն ասաց, որ իրենց նկարներից շատ հիշվող ու տպավորիչ են էքստրեմալ պայմաններից կադրերը. «Մարտի 1-ի դեպքերի նկարները շատ հիշվում են: Ցավոք, մենք գիշերը չկարողացանք նկարել, որովհետեւ շատ վտանգավոր էր: Մենք չկարողացանք նկարել՝ զուտ կյանքի վտանգի պատճառով: «Էլեկտրիկ Երեւանի» դեպքերից հետաքրքիր նկարներ կան: Այս տարի շատ հետաքրքիր էր անտառային հրդեհների կադրերը, Ղարաբաղում է միշտ շատ լավ նկարներ լինում, գյուղական կյանքից»:

Մեր հարցին՝ «Ֆոտոլուրի» թղթակիցների աշխատանքը եղե՞լ է, որ խոչընդոտեն, կադրերը ջնջել տան՝ պարոն Բաղդասարյանը պատասխանեց. «Մենք անընդհատ ենք այդ խոչընդոտները հաղթահարում: Իմ փորձից ելնելով՝ վստահ եմ, ոչ մեկը մեզ չի ասելու՝ արի, ախպեր ջան, նկարի, մենք պետք է պայքարենք մեր իրավունքների համար, մեր գործն առաջ տանելու համար: Շատ երկրներ կան, որ իբր թե դեմոկրատական են, որտեղ էլի խոչընդոտում են, չեն թողնում նկարել՝ իրենց պաշտոնը չարաշահելով: Նորմալ է այդ ամեն ինչը, պիտի չթողնեն, բայց դու պիտի նկարես»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031