Նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված Հայաստան-Եվրոպական միություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներից մեկը վերաբերում է կոնյակի ու շամպայնի անունների փոփոխելուն: Այսինքն՝ ԵՄ-ն Հայաստանին 25 տարի ժամանակ է տալիս, որպեսզի անվանափոխություն անի կոնյակն ու շամպայնը, որոնք առայժմ այս անուններով կարողանում ենք վաճառել միայն Հայաստանում եւ ԵԱՏՄ շուկաներում:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին, պարզաբանել է. «Կոնյակը եւ Շամպայնը ֆրանսիական աշխարհագրական տարածքներ են եւ գրանցված ապրանքանիշեր, որոնք պաշտպանվում են Եվրոպայից ներս ու Եվրոպայից դուրս: Երբ Եվրամիությունն ավելի խորը հարաբերությունների մեջ է մտնում առեւտրի ոլորտում՝ իր գերակայություններից է դարձնում մտավոր սեփականության պաշտպանությունը: Շատ բնական է, որ ԵՄ-ն իր բանակցային օրակարգում ներառել էր նաեւ այդ հարցը: Ըստ էության՝ անվանումների փոփոխությունը անխուսափելի է լինելու նաեւ Հայաստանի համար, որը դեռեւս օգտագործում է այդ տեղանունները՝ թեեւ սահմանափակ շրջանակով, արտահանելով այդ ապրանքները Ռուսաստանի եւ Եվրասիական միության տնտեսական շուկաներ՝ միեւնույն ժամանակ, եթե չեմ սխալվում՝ կյուրեղատառ (կիրիլիցայով) գրությամբ»:
Այսինքն՝ եթե հիմա շամպայն եւ կոնյակ անուններով համապատասխան ապրանքները կարող ենք իրացնել ներքին եւ ԵԱՏՄ շուկաներում, ապա 25 տարի հետո այդ իրավունքը չենք ունենալու, նոր ապրանքանիշերով պետք է իրացվեն:
Այժմ, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը, հայկական կոնյակը ԵՄ երկրներ արտահանում ենք «Արմենիան բրենդի» անվանումով: Հարությունյանը պատմական էքսկուրս արեց ու պատմեց, որ խնդիրն առաջացել է դեռեւս 1889 թվականին, երբ Ֆրանսիան կոնյակն, այսպես ասած՝ ֆիքսեց պատմականորեն, ապա այդ ֆրանսիացիները մի քանի անգամ դիմել էին ցարական Ռուսաստանին, որը կոնյակ էր արտադրում Երեւանում, Թիֆլիսում եւ այլ քաղաքներում, որպեսզի կոնյակ անունը չօգտագործվի: Ռուսաստանը մերժել է Ֆրանսիայի պահանջը: 1905-ից նույն պատմությունը սկսվեց նաեւ շամպայնի հետ:
Ֆրանսիան վերջին անգամ կոնյակ բառն օգտագործել-չօգտագործելու համար դիմել է 1959-ին: Խորհրդային տարիներին հայկական կոնյակը ԽՍՀՄ-ի եւ Արեւելյան Եվրոպայի շուկաներ իրացվում էր կոնյակ անունով: Սակայն ԽՍՀՄ սահմաններից դուրս, Արեւմտյան Եվրոպայի երկրներում հայկական կոնյակը վաճառվում էր «Արարատ բրենդի Նաիրի», «Արարատ բրենդի Աղթամար» եւ այլ անուններով:
Հարությունյանն ասաց, որ արդեն 10 տարի է, ինչ կոնյակ մակնշմամբ Ուկրաինայում մենք իրավունք չունենք իրացնել, շուտով նման խնդիր կլինի նաեւ Բելառուսում, իսկ 1991 թվականից Արեւելյան Եվրոպայի շուկաներում էլ իրավունք չունենք կոնյակ մակնշմամբ այդ ապրանքն իրացնել:
«Եթե մենք տարիներ առաջ այդ հարցը լուծեինք, մեր ազգային ապրանքանիշը կունենայինք ու նման պատմությունների մեջ չէինք ընկնի: Հետո մեր ազգային բրենդը՝ Արարատ բրենդին, գործարանի հետ նվիրեցինք ֆրանսիացիներին, երբ գործարանը վաճառվեց: Գործարանի վաճառքը ճիշտ էր, բայց ազգային բրենդը չպետք է վաճառեինք ֆրանսիացիներին: Հիմա 25 տարի պետք է չարչարվենք, որ նոր բրենդ մշակենք, մի քիչ էլ փող են տալիս, այդ անունը հանրայնացնենք, ճանաչելի դարձնեք: Դե, մի օր պիտի պատասխան տայինք միջազգային օրենքներն արհամարհելու համար, ու այսօր տալիս ենք»,-ասաց Ավագ Հարությունյանը:
Սվիտալսկին, օրինակ` բերելով Մոլդովային եւ Վրաստանին, վստահեցրել է, որ ռեբրենդինգի արդյունքում Հայաստանը չի տուժի, հակառակը՝ իրացման ծավալներն ավելացել են. «Ես հավատում եմ, որ Հայաստանն ավելի պակաս չի հաջողի այս նոր անունները ներդնելով, քանի որ Հայաստանն ունի արտադրության երկար ավանդույթ ու, միեւնույն ժամանակ, որակ, որն ասոցացվում է հայկական ծագման հետ: Իսկ Հայաստանի բրենդին, խաղուն գինին, վստահ եմ, որ հաջողություն կունենան ոչ միայն ռուսական շուկայում»: Ընդ որում, ԵՄ-ն աջակցելու է ռեբրենդինգի եւ նոր անուններով ապրանքների գովազդի համար:
Ավագ Հարությունյանը, սակայն, վստահ է, տեղական արտադրողները տուժելու են ռեբրենդինգի հետեւանքով. «Ապրանքանիշի անվանափոխությունը կազդի անպայման: Մոլդովան դեռ 1991 թվականից միանգամից հրաժարվել է, 20 տարի է աշխատում է այդ ուղղությամբ, նոր անուն ունի: Հիմա մենք անուն փոխենք անճանաչելի է լինելու ապրանքը, հարյուրամյակ պետք կլինի նորից այդ շուկայում հայտնի դառնալու համար: Անխոհեմ քայլ արեցին, երբ ֆրանսիացիներին Արարատ բրենդը վաճառեցին, ինչ-որ մութ գործարքների դիմաց տվեցին»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ